Շնորհավորում եմ մեր Անկախության տոնը. Մարգարիտ Եսայան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շնորհավորում եմ մեր Անկախության տոնը, մեր երկրին մաղթում եմ խելք, կամք եւ մտածելու ունակություն, մեր պետականությանը՝ հարատեւություն, մեր բանակին՝ հզորություն, մեր քաղաքացիներին՝ բաց աչքերով նայելու, վերլուծելու եւ ճիշտ հետեւություններ անելու կարողություն, մեր երեխաներին՝ խաղաղություն, մեր ժողովրդին՝ միասնություն, մեր Հայաստանին՝ Աստված պահապան․․
Մենք անկախացանք պատմականորեն, այդպես ստացվեց․․ Անկախության հենց առաջին ակնթարթից ընկանք տարբեր փոթորիկների մեջ, մենք տեսանք եւ ապրեցինք տնտեսության փլուզում, պատերազմ, խեղճություն, կտրոնով հաց, կաթի փոշի, նավթի վառարան եւ անվերջանալի «Սանտա Բարբարա», եւ «Ստրկուհի Իզաուրա»․․․։Մենք հանճարեղորեն սովորեցինք լվացվել եւ լողանալ անջուր, անլույս եւ ցուրտ բնակարաններում, մենք մեր երեխաներին գրկած դուրս էինք գալիս փողոց եւ լաց լինելով Եռաբլուր էինք ճանապարհում մեր հերոսներին, մենք հացի հերթերի մեջ սիրահարվում էինք եւ աջակցում մեկմեկու, մենք համերաշխ էինք, սրտացավ, մենք գիտեինք, որ այլեւս ունենք կարեւորը՝ Ազատ եւ անկախ Հայաստանի Հանրապետությունը, մենք համոզված էինք, որ պատերազմը հաղթելու ենք եւ Արցախն ազատագրվելու է, մենք համոզված էինք, որ էդ կռիվը մինչեւ վերջ կռվելու ենք․․Մենք տոն» օրերին «Դերբի» շոկոլադ էինք ուտում եւ մտածում, որ շատ էլ լավն է, մենք տանը հաց էինք թխում եւ հարեւանների հետ կիսում, մենք ութերորդ եւ ավելի հարկեր օրը մի քանի անգամ բարձրանում եւ իջնում էինք առանց վերելակ , բայց եւ գիտեինք՝ մենք հաղթել ենք։
Մենք երեխաների ծնունդներին իբր տորթ էիքն թխում, անկարագ եւ անձու, խմորը մեկ մատ էր բարձրանում, բայց դա մեր երբեւէ կերած ամենահամով տորթն էր։ Մենք շենքի բակում գտնվող Արմանի խանութից պարտքով հնդկաձավար էինք գնում երեխաների համար․․․Անլույս տներում, առանց մոմ, նավթի լամպերի նավթը խնայելով, մենք երեկոյան խաշած կարտոֆիլով եւ թթու կաղամբով հարեւանների հետ քեֆի էինք նստում․․Մենք հարեւան Վանիկի քաշած օղին էինք խմում ու հարբում եւ քնում էինք ահով, թե ռազմաճակատից էլ ինչ ենք լսելու․․․Բայց մենք գիտեինք՝ հաղթելու ենք․․Մենք չէինք փախչում երկրից, չէինք գնում հեռու, մենք ամուր կանգնած էինք մեր հողին եւ չէինք մեղադրում գնացողներին, չէինք մեղադրում եւ չէինք նախանձում,․․Մենք կարգին ժողովուրդ էինք, մենք սիրում էինք մեր հարեւաններին եւ չկար թշնամանք եւ չկար ոչ մի մուտիլովշիկ․․Դրանք հետո ջրի երես ելան եւ կամաց-կամաց պղտորեցին մարդկանց հոգիները եւ ամեն ինչ․․Բայց եւ այն ժամանակ եւ այսօր, մենք համոզված ենք՝ հաղթելու ենք․․․
Շնորհավորում եմ, անկախության սերունդ, ամուր եղեք, պինդ եղեք, թույլ չենք տա երկիրը դարձնեն թուլափայ․․Մենք այս երկրի, այս անկախության համար շատ թանկ ենք վճարել, վճարել ենք մեր կյանքով, մեր երիտասարդությամբ,մեր երազանքներով, մեր առողջությամբ, մեր լույս հերոսների արյամբ․․Դեռ կռիվ ունենք եւ վստահ եղեք՝ մենք կրկին հաղթելու ենք, մենք վարի տալու պետություն չունենք, ժողովուրդ ջան, անկախ եւ միասնական ժողովուրդ ջան՝ հաղթելու ենք, շնորհավորում եմ եւ պինդ գրկում․․․»: