«Անկախությունն այն ազգերին է տրվում, որոնք իրենց պատմությամբ, նվաճումներով ու կորուստներով, ինքնիշխան ապրելու համառությամբ վաստակում են այդ գերագույն իրավունքը»
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկախությունն այն ազգերին է տրվում, որոնք իրենց պատմությամբ, նվաճումներով ու կորուստներով, ինքնիշխան ապրելու համառությամբ վաստակում են այդ գերագույն իրավունքը:
20-րդ դարը, որ երևի ամենաողբերգականն էր հայոց կենսագրության մեջ, մենք ամփոփեցինք անկախության վերանվաճումով և Հայաստան պետության հռչակումով:
Արցախյան ազատամարտով և Հայաստանի Հանրապետության հռչակումով մենք թոթափվեցինք գոյատևելու պարտադրանքից և հավաստեցինք ինքնություն ունենալու մեր կամքը, ինքնիշխան լինելու հավատամքը և ողջ ժողովրդի ու յուրաքանչյուր քաղաքացու համար պատասխանատվություն կրելու պատրաստակամությունը:
Շուրջ երեսուն տարի գնում ենք այդ ճանապարհով՝ ամեն օր մեզ ու աշխարհին ապացուցելով, որ ընտրությունը ճիշտ էր, որ կարող ու պարտավոր ենք ազգերի մեծ ընտանիքում լինել լիիրավ անդամ և արժանի իրավատեր:
Եվ քանի դեռ հավատարիմ ու վստահ ենք մեր արդարությանը՝ անկախ պետության ճանապարհն անվերջ է:
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի՝ Հայաստանի Հանրապետության ծննդյան օրվա առթիվ:
Թող հարատևի մեր երկիրը՝ հավերժացնելով մեր անցյալն ու ներկան: Թող անսասան հույս, անսահման հավատ և անհատակ սեր տրվի բոլորիս՝ հիմա ու հավետ:
Աստված պահապան մեր երկրին, մեր ժողովրդին ու մեր ապագային, որ պայծառ է գալու»: