22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սպասելի էր այս որոշումը. 20 օր առաջ կանչել, առաջարկել են դիմում գրել, հրաժարվել եմ». Ամատունի Վիրաբյան

ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։ Նա մասնավորապես նշել է.

«Ստացված տեղեկության համաձայն, «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել»:

 

168.amԱմատունի Վիրաբյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ խախտումների մասին է խոսքը.

«Այդպիսի բան չկա, ո՞նց կարող է այդպիսի բան լինի: Հայտարարությունը տարածել են, ես հաշվապահը չեմ, նվազում չի՛ եղել ոչ մի անգամ, չգիտեմ, ի՞նչ ասեմ»:

Ամատունի Վիրաբյանից հետաքրքրվեցինք, թե մինչև այս պահը ի՞նչ է կատարվել «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում, ստուգումներ իրականացվե՞լ են, ե՞րբ են տեղեկացրել, որ ազատվել է աշխատանքից:

«Հենց այս պահին ստուգումներ են իրականացնում, նույնիսկ չսպասեցին ստուգումների ավարտին: Երեկ իմ էլեկտրոնային հասցեին ուղարկել են նախարարի հրամանը, երեկ չեմ բացել, այսօր զանգել են, բացել-տեսել եմ հրամանը: Սպասելի էր այս որոշումը, ինձ մոտ 20 օր առաջ կանչել, առաջարկել են դիմում գրել, ես հրաժարվել եմ, որին էլ հետևեց այդ հրամանը»,- ասաց Վիրաբյանը:

Հարցրեցինք նաև, թե 20 օր առաջ, երբ հանդիպել և առաջարկել էին դիմում գրել, ի՞նչ պատճառներ էին նշում, սակայն Վիրաբյանը չցանկացավ մեկնաբանել:

«Ոչ մի պատճառ, անհիմն բաներ: Դե, բաներ կան, որ չեմ կարող ասել, անհիմն բաներ, անհիմն: Այս պահին աշխատանքի վայրում եմ, որովհետև վաղն եմ հանձնելու»:

Մեր հաջորդ հարցին, թե այս պահին ովքե՞ր և ի՞նչ ստուգումներ են իրականացնում կառույցում, Վիրաբյանը պատասխանեց.

«Ֆինանսների նախարարության վերահսկողական վարչությունն է»:

Ամատունի Վիրաբյանը խնդրեց ավելի ուշ զանգահարել, քանի որ այդ պահին զբաղված էր և էլ չէր կարող մեր հարցերին պատասխանել:

Նշենք, որ Ամատունի Վիրաբյանը «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը ղեկավարում էր 2003 թվականից:

Հիշեցնենք, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից շաբաթներ անց ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ Հայաստանի Ազգային արխիվի  հարցով դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Նշենք, որ Ազգային արխիվը գտնվում է Տարածքային կառավարման նախարարության ենթակայության ներքո։

Սուրեն Պապիկյանն իր քայլը հիմնավորել էր նրանով, որ իր նշանակումից մի քանի օր անց դիմումներ է ստացել տարբեր քաղաքացիներից, որոնք բողոքել են, թե Ազգային արխիվում չարաշահումներ են տեղի ունենում, և շատերին տնօրենը չի թույլատրում օգտվել արխիվներից։ Նախարարը նաև տեղեկացրել էր, որ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության աշխատակիցներն ուսումնասիրություն են կատարել արխիվում և հայտնաբերել են չարաշահումներ, որոնց արդյունքում էլ հարուցվել է վարչական վարույթ։

Նախարարի այդ հայտարարությունից հետո Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հայտարարեց, որ նախարարն իրենից պահանջել է ներկայացնել հրաժարականի դիմում, սակայն ինքը չի գրել և չի գրելու, քանի որ իր աշխատանքային գործունեության ընթացքում թույլ չի տվել այնպիսի սխալ, որի համար պետք է հրաժարական տա։ Ինչ վերաբերում է Դատախազություն դիմելուն, Ա. Վիրաբյանն ասել էր, որ նախարարն այդ քայլին գնացել է այն պատճառով, որ ինքը սեփական կամքով հրաժարականի դիմում չի ներկայացրել։

Այս մեկնաբանությունից ամիսներ անց Ամատունի Վիրաբյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ներկայացված հայցն ընթացքի մեջ է, և ենթադրել էր, որ այն կգնա դեպի կարճում, քանի որ առանձնապես խնդիրներ չեն առաջացել:

«Իմ հրաժարականը ներկայացնելու կարիք չկա, այլևս նման բան չկա, մենք աշխատում ենք և միասին մեր առջև դրված խնդիրները կատարում ենք։ Ամեն ինչ հարթվել է, շաբաթը երկու անգամ հանդիպում ենք և միասին ծրագրերն իրականացնում։ Ինչպես տեսնում եք՝ մինչև այժմ պաշտոնավարում եմ, հավանաբար կպաշտոնավարեմ՝ մինչև պայմանագրի ժամկետն ավարտվի՝ մինչև 2020 թվականը»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ