26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գործազրկության խնդիրը սրվում է. քանի մարդ է համալրել գործազուրկների շարքերը․ 168.am

168.am-ը գրում է․ «Գործազրկությունը Հայաստանում միշտ էլ խնդիր է եղել։ Այն առավել ևս սրվել է համավարակից հետո։ Տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ, իսկ տնտեսական որոշ ճյուղեր ուղղակի մնացել փլատակների տակ՝ ստիպված լինելով ընդհանրապես դադարեցնել իրենց գործունեությունը և աշխատողներին տուն ուղարկել։ Քիչ չեն նաև նրանք, ովքեր այս ընթացքում հարկադրված էին գնալ աշխատակազմերի կրճատման։

Այս տարին առանձնահատուկ է նրանով, որ տասնյակ-հազարավոր քաղաքացիներ չկարողացան մեկնել արտագնա աշխատանքի և համալրեցին գործազուրկների շարքերը։ Կառավարությունը խոստացավ նրանց ներգրավել պետության կողմից իրականացվող շինարարական աշխատանքներում, բայց այդ խոստումն էլ դարձավ հերթականը, որը չպիտի կատարվեր։ Չնայած կառավարությունը նախատեսել էր մեծ ծավալի կապիտալ ծախսեր, խոսքը 287 մլրդ դրամի մասին էր, այնուհանդերձ ի սկզբանե պարզ էր, որ ի վիճակի չի լինելու դա կատարել։

Տարվա առաջին կեսի ավարտին կատարվել էր ընդամենը 46-47 մլրդ դրամի ծախս։ Այն առաջին կիսամյակի նախատեսվածի նույնիսկ կեսից պակաս էր։

Դժվար չէ պատկերացնել, թե մնացած առնվազն 240 մլրդ դրամի որ մասը կհաջողվի ծախսել տարվա երկրորդ կեսին։

Տարվա վերջին հերթական անգամ ականատես կլինենք կապիտալ ծախսերի մեծածավալ թերակատարումների՝ իր տնտեսական ու սոցիալական հետևանքներով։

Սոցիալական հետևանքներ ասածը վերաբերում է առաջին հերթին գործազրկությանը։ Ծախսերի ժամանակին իրականացումը, պարզ է, ոչ ամբողջությամբ, բայց մասնակի կարող էր թեթևացնել արտագնա աշխատանքի չմեկնածների գործազրկության խնդիրները։ Խոսքը այն մի քանի հարյուր մարդու մասին չէ, որոնք ինչ-որ կերպ կարողացել են տեղավորվել իրականացվող շինարարական աշխատանքներում։

Արտագնա աշխատանքի չմեկնածների թիվը հասնում է տասնյակ-հազարների, որոնք աշխատանքի հնարավորություն չունեն։ Ոչ թե նրա համար, որ աշխատանք կա, բայց մարդիկ չեն ուզում աշխատել, այլ՝ որովհետև աշխատանք չկա։ Անտեղի են նման տպավորություն ստեղծելու՝ Նիկոլ Փաշինյանի փորձերը։

Հիշենք վարչապետի վերջին հայտարարություններից մեկն այն մասին, որ օրական 8-10 հազարով աշխատատեղ կա, բայց աշխատող չկա։ Ու մինչ հայերը բողոքում են աշխատատեղերի պակասից, այլազգիները հաճույքով աշխատում են։

«Ինձ լուսանկարներ ուղարկեցին Տավուշի մարզի Պառավաքար գյուղից, որտեղ երևում էր, թե ինչպես են ակնհայտ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մարդիկ բանվորական աշխատանք կատարում ընկերություններից մեկում: Քանի որ այնպես էր ստացվել, որ այդ ընկերության ներկայացուցիչը մասնակցում էր մի աշխատանքային քննարկման, ես հետաքրքրվեցի, թե ի՞նչն է պատճառը, որ օտարերկրացի ներուժ են ներգրավում, և պարզվեց, որ այն խնդիրը, որն արձանագրել ենք 2018 թվականին, երբ մի կողմից՝ ունենք գործազրկության խնդիր, մյուս կողմից՝ աշխատուժի խնդիր, այդ խնդիրը շարունակում է գոյություն ունենալ:

Նույնիսկ ճգնաժամի պայմաններում, երբ թվում է, որ ամեն աշխատատեղ պետք է շատ մեծ պահանջարկ ունենա, բայց ունենք այսպիսի խնդիր, և սա ռազմավարական խնդիր է, ու պետք է մտածենք, թե այս խնդիրն ինչպես ենք լուծում: Ես գիտեմ, որ հիմա այս խոսքից հետո կհնչեն բազմաթիվ փաստարկներ, այդ թվում՝ աշխատավարձի ցածր լինելու մասին, բայց ես չեմ կարծում, թե կա որևէ աշխատավարձ, որը ցածր է զրոյից»։

Այս հայտարարությունը վարչապետն արեց բոլորովին վերջերս՝ հավելելով, թե օրը 8-10 հազար դրամով տեղում աշխատուժ չեն կարողանում գտնել։ Դժվար չէ հասկանալ այդ հայտարարության նպատակը։ Բայց հազիվ թե կարելի է կարծել, որ նման հայտարարություններով գործազրկության հետ կապված խնդիրները վերանում են։

Հրապարակված վերջին պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում հաշվվում է 233,5 հազար գործազուրկ։ Նախորդ տարվա վերջի համեմատ գործազուրկների թիվն ավելացել է ավելի քան 31 հազարով։ Ու դա տեղի է ունեցել միայն տարեսկզբի 3 ամիսների ընթացքում։ Այսինքն՝ այն ժամանակ, երբ համավարակի տնտեսական հետևանքները դեռևս նկատելի չէին աշխատաշուկայում։ Այդ պայմաններում գործազրկների թիվը մեր երկրում բավական կտրուկ ավելացել է։ 31 հազարը մեծ թիվ է շուկայի համար։

Եթե անցած տարվա վերջին գործազուրկ էր աշխատունակ բնակչության 17,9 տոկոսը, ապա այս տարվա սկզբին այն հասել էր 19,8 տոկոսի։

Այսինքն՝ 3 ամսում խորացել է 1,9 տոկոսային կետով։

Թե ի՞նչ է տեղի ունեցել գործազրկության ցուցանիշների հետ համավարակի սաստկացումից և տնտեսության փլուզումից հետո, դեռ առիթ կլինի անդրադառնալու։ Պաշտոնական վիճակագրությունն այդ թվերն առայժմ չի հրապարակել։ Չնայած առանց դրանց էլ պարզ է, որ գործազրկությունը մեր երկրում խորանում է՝ ինչպես արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիների, այնպես էլ՝ աշխատատեղերի կրճատման հաշվին։

Ի դեպ, այս տարի Վիճակագրական կոմիտեն մի տեսակ դժկամությամբ ու հնարավորինս խճճված է հրապարակում աշխատատեղերի վերաբերյալ ցուցանիշներում, թեև թվում է, թե այն իրենից մեծ բարդություն չի ներկայացնում. տվյալները գեներացվում են Պետեկամուտների կոմիտեի բազայից՝ աշխատողների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների հիման վրա։ Անշուշտ, ինչ-որ բան այլ կերպ մատուցելու խնդիր կա։ Ցուցանիշները, բնականաբար, կառավարության սրտով չեն։

Չնայած խնդիրը ցուցանիշների մեջ չէ։ Գործազրկությունը միայն ցուցանիշներով չէ, որ երևում է։ Կան ոլորտներ, որտեղ առանց պաշտոնական հրապարակումների էլ կարելի է պատկերացում կազմել աշխատատեղերի կրճատման կամ գործազուրկների թվի ավելացման մասին։

Տարբեր գնահատականներով՝ այս տարի Հայաստանում մի քանի տասնյակ հազար մարդ կկորցնի իր աշխատանքը, ինչի հետևանքով  գործազրկության մակարդակը մեր երկրում կարող է հասնել ընդհուպ 20-21 տոկոսի։

Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին այն 17,9 տոկոս էր։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ