Շնորհավո՛ր քո հպարտության տոնը, հարգելի Հայրենակից. Արտակ Զաքարյան
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ.
ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՊԱՅՔԱՐԻ 29 ՏԱՐԻՆԵՐ
29 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ կայացած համատեղ նստաշրջանը ՀՌՉԱԿԵՑ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Այն զուտ փաստաթուղթ չէ, այլ միջազգային իրադարձություն, որը Հայ մարդուն, Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր քաղաքացու, հայկական Սփյուռքի յուրաքանչյուր ներկայացուցչի տվեց համաշխարհային կշիռ, ճանաչում և հարգանք:
Այն զուտ երազանք չէ, (որից ցավոք շատ ունենք՝ կորսված ԷՐԳՐԻ իրավազրկված ու հայրենազրկված ժառանգներ) այլ Հայկական բարձրավանդակում Հայ Ժողովրդի ու հայկական վերականգնված պետականության հարատևման ամուր երաշխիք:
Այն զուտ պատմական անարդարության վերականգնում չէ, այլ աշխարհասփյուռ Հայության միասնական, հավաքական, համընդհանուր, բռունցքված հաղթանակների ու ձեռքբերումների անշեղ նպատակ:
Այն զուտ հայկական տարածք չէ, այլ Հայ ազատամարտիկի, ուսուցչի, գործարարի, գիտականի, զինվորականի, բարերարի, ուսանողի, բժշկի, դիվանագետի, քաղաքական գործչի, շինարարի, պետական ծառայողի, գյուղատնտեսի, ինժեների ջանքերով ու արյամբ կերտված ՀԱՅՐԵՆԻՔ:
Այն զուտ ԽՍՀՄ փլուզման արդյունք չէ, այլ բազմաթիվ Արցախցի նվիրյալների ու առաջնորդների գիշեր ու զոր պայքարի, պատերազմի դիմակայման, հուսահատությունների ու ոգևորությունների, զրկանքների ու հաղթանակների հերոսական պատմություն, բազմաթիվ հայորդիների սրբադասված շիրիմներ:
Այն զուտ կայացած փաստ չէ, այլ Հայ Ժողովրդի համար դեռևս չավարտված դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, մշակութային ու զինվորական պատերազմ, որից նահանջողները դավաճանների հետ են հիշվելու:
Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի բոլոր Հերոսներին՝ առանձնահատուկ հարգանք ու պատիվ: Կյանքի ճանապարհն ու ժամանակը վայրիվերումներ ունի, բայց արդարությունը երբեք չի ուշանում: Կյանքը փոփոխական է, բայց ունի նաև հաստատուններ: Հերոսներին ու հաղթողներին չեն դատում:
Շնորհավո՛ր քո հպարտության տոնը, հարգելի Հայրենակից:
ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ»: