22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՅԴ-ն Հայոց բանակի կողքին է. Հակոբ Տեր-Խաչատուրյանի ուղերձը

Դաշնակցությունը Հայոց բանակի եւ սահմանապահ գյուղերի կողքին է: Այս մասին ուղերձ է հղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Անցած ամիս Տավուշի շրջանի վրա Ադրբեջանի կատարած հարձակումից հետո, բնականաբար, անհրաժեշտ էր, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, համահայկական այլ կազմակերպություններ, ինչպես նաեւ սփյուռքյան եւ հայաստանյան ժողովրդային խավերը ոտքի կանգնեին եւ հասնեին հայրենիքի օժանդակությանը։ Այդ ուղղությամբ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առաջին հերթին քաղաքական աշխատանք կազմակերպեց Հայ դատի հանձնախմբերի ցանցով, որպեսզի մենք կարողանանք զորավիգ լինել Հայաստանի բանակին՝ որպես սփյուռքում գործող երկրորդ բանակը հայության, որպեսզի աշխարհի պետություններում հստակ ներկայացնենք Ադրբեջանի հարձակողապաշտ նկարագիրը, անընդունելի հայտարարություններն ու կեցվածքները, բացատրենք ու ամրապնդենք Հայաստանի դիրքերը։

Անհրաժեշտ էր սակայն, ինչպես խոստացել էինք, որ մենք այդ քաղաքական աշխատանքից անդին նաեւ անցնենք ժողովրդային եւ բանակի օժանդակության գործին։ Եվ այսօր ուրախ եմ ասել, որ մեր ծավալած ծրագրերն արդեն որոշ ճանապարհ են անցել՝ երեք ուղղություններով։

Առաջինը բանակի օժանդակության «Զինվորի ապահովագրության» հիմնադրամի նվիրատվությունների խնդիրն է։ Միջոցներն արդեն սկսել են հոսել դեպի Հայաստան եւ ինչպես նշում են այնտեղ, վերջին շրջանում կազմակերպված նվիրատվություններն ավելին էին, քան նախորդող երեք տարիների ընթացքում։

Այդ արշավը պիտի շարունակենք հակառակ այն իրողության, որ միջինարեւելյան տագնապը, բնականաբար, մեր ուշադրությունը մի քիչ շեղեց, որպեսզի հասնենք նաեւ Լիբանանի եւ Սիրիայի օժանդակության աշխատանքներին, բայց մեր ունեցած տրամադրությունը, մեր ունեցած պատրաստակամությունը հայ բանակի կողքին կանգնելու մնայուն երեւույթ է եւ շարունակական։

Երկրորդը Հայաստանի սահմանամերձ եւ սահմանապահ գյուղերի օժանդակության ու ամրապնդման խնդիրն է։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ճամփով այդ աշխատանքը հունավորելու ծրագիրն էլ կմշակենք եւ վստահ ենք, որ առաջիկա ամիսների ընթացքում այնտեղ էլ պիտի կարողանանք իրականացնել կարեւոր նախաձեռնություններ։

Իսկ երրորդը մեր կազմակերպական մեքենան աշխարհով մեկ լարելն է, բոլոր կոմիտեները, քույր կոմիտեության հասկացողությամբ, Հայաստանի մեջ գործող մեր մարմինների հետ կապելն է, որպեսզի նրանք միասնաբար հայթայթեն անհրաժեշտ միջոցները, ունենան ծրագրեր եւ ծառայեն ժողովրդին։ Այսինքն՝ մեկ խոսքով, կազմակերպական ճիգերով, ներքին կազմակերպական ճիգերով այդ քույր միությունների խնդիրը, որ ճանապարհ պիտի ելնի, չպիտի ծառայի պարզապես կազմակերպական հզորացմանը, այլ ընդհակառակը՝ պիտի ծառայի ժողովրդի օժանդակությանը։ Բոլոր այն շրջանները, որոնք սահմանապահ են կամ սահմանամերձ, կարոտ են անմիջական խնամքի, որպեսզի մեր երիտասարդության ոտքը ամուր կպած մնա մայրենի հողին, եւ նաեւ կարողանանք հպարտորեն ասել, որ այս կարեւոր հանգրվանին հասանք հայրենիքի օժանդակությանը եւ կարողացանք ապահովել նրա անվտանգության գոնե մեկ փոքր բաժինը։

Սիրելիներ, ավելի քան երբեւէ, հիմա պահն է, որ մենք բռնցքվենք ազգովի, որպեսզի կարողանանք դիմագրավել մեր առջեւ ծառացող մարտահրավերները։ Միասնաբար կարողանանք կանգնել մեր երկու պետականությունների կողքին՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության, որպեսզի ազգովի կարողանանք ապահովել նրանց անվտանգությունը, բարձրացնել միջազգային հեղինակությունը եւ սատարել ներքին գործընթացներին, որպեսզի ունենանք այն հայրենիքը, որի մասին երազել ենք մեր սրտերում եւ մտքում։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պատրաստ է ստանձնելու իր դերը եւ արդեն իսկ անցել է գործի։

Հավատում ենք, որ այսօր, ավելի քան երբեւէ, անհրաժեշտություն է, որ մենք բոլոր ուժերը մեկտեղենք՝ մեր գործը առավել արդյունավետ, մեր աշխատանքը առավել նպատակասլաց դարձնելու համար՝ բնականաբար մեր ամբողջական ներուժը տրամադրելով հայրենիքին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ