17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գագիկ Խաչատրյանի գործով ԱԱԾ-ում գտնվող ապացույցները պաշտպաններին չեն տրամադրվի. դատարանը մերժեց միջնորդությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, մերժեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով ԱԱԾ-ում գտնվող ապացույցները տրամադրելու մասին պաշտպանների միջնորդությունը։

Նշենք, որ մեղադրող դատախազը հայտարարեց, որ Գագիկ Խաչատրյանի կողմից քննությունից թաքնվելու հավանականությունը շատ բարձր է, քանի որ նրա երկու որդիներն արդեն իսկ թաքնվել են քննությունից եւ գտնվում են հետախուզման մեջ։

Մեղադրող դատախազը շեշտեց, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հիմնավոր է եւ այն փոփոխելու հիմքեր չկան։

Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյան դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ ԱԱԾ-ում գտնվող ապացույցները պաշտպաններին տրամադրելու մասին, շեշտելով, որ այստեղ չի կարող իրական քննություն իրականացվել։

Նրա խոսքով՝ մեղադրող կողմը պաշտպանության կողմից զրկել է գործի ամբողջ նյութերի հիման վրա պաշտպանությունը նախապատրաստելու. «Նախաքննության ավարտին օրենքի կոպիտ խախտումներով պաշտպանության կողմին չի ներկայացվել իրեղեն ապացույց ճանաչված փաստաթղթերը, վիդեոֆայլերը»։

Երեմ Սարգսյանը հայտնեց, որ իր տեղեկություններով՝ Գագիկ Խաչատրյանի գործով շուրջ 120 հատոր քրեական գործից կամայականորեն առանձնացրել են 37 հատորը. «Մեր համոզմամբ՝ 37 հատորում հիմնականում մեղադրող բնույթի են, իսկ արդարացնող հիմնավոր կասկածը հերքող, կալանավորման հիմքերը հաստատող ապացույցներն ու փաստական տվյալները չեն ընդգրկվել այս գործին։ Դատախազն ասում է, որ զննության արձանագրություն կա, բայց շատ կներեք մենք պարտավոր չենք հավատալ՝ դու ճիշտ եք զննել, թե ոչ։ Սահմանադրությունն ասում է, որ պետք է բավարար ժամանակ  եւ հնարավորություն ունենա պաշտպանությունը նախապատրաստվելու, հետո իրականացնելու համար։ Հիմա մենք զրկված ենք անգամ պաշտպանությունը նախապատրաստելու հնարավորությունից։ Մենք զրկված ենք արդար դատաքննությանը մասնակցելու հնարավորությունից»։

Նա նշեց, որ գործով նյութերում թերությունները կան. «3 հատոր նյութ են նախապատրաստել, որոնցում ինչ-որ կցկտուր նյութեր են ներկայացվել։ Վերցրեք առաջին հատորը նայեք, տեսեք ինչ է կատարվում։ Բացատրության մի մասը կա, մյուս մասը չկա, նյութերի հիմնական մասը չկա։ Մենք ինչպե՞ս վիճարկենք օրինականության հարցը»։

Երեմ Սարգսյանն ասաց, եթե ինքը չկարողանա գործի նյութերին ծանոթանալ, ապա չի կարողանալու դատավարության ընթացքում հիմնավոր կասկած հերքել։

Գագիկ Խաչատրյանն իր գործով դատական նիստին ներկա չէ։ Նա առողջական խնդիրներ ունի եւ դիմում է ներկայացրել դատարան, որպեսզի նիստը շարունակվի առանց իր ներկայության։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են  պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Դատական այսօրվա նիստի ընթացքում պետք է քննվի Խաչատրյանների խափանման միջոցի հարցը։

Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ