Ներքաղաքական ճղճիմ շահ, դա ոտից գլուխ կեղծիք է․ Շարմազանովը՝ Սամվել Բաբայանի հայտարարության մասին
Սերժ Սարգսյանը բազմիցս նշել է, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների արդյունքում, բայց Արցախի անկախությունը, կարգավիճակը քննարկման ենթակա չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե «իր ձեռքի տակ կան փաստաթղթեր, որոնցով Սերժ Սարգսյանը բանակցել է զիջումների համար, որտեղ շատ պարզ ու հստակ նշված է, որ 5 շրջանները հանձնում ենք, հետո 2 շրջան, հետո մի միջանցք, եւ որտեղ Ղարաբաղի կարգավորումը չի երեւում եւ զորքեր են մտցնում՝ ապահովելու համար»:
Շարմազանովի խոսքով, Արցախի կարգավիճակը պետք է որոշի Արցախի ժողովուրդը եւ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. «Եթե պարոն Սամվել Բաբայանին, որն իմ խորին համոզմամբ՝ դիվանագիտությունից այդքան էլ լավ չի գլուխ հանում, այլ ավելի ընդունելի փաստաթուղթ հայտնի է, որ երբեւէ եղել է, թող ներկայացնի։
Մեր իշխանության տարիներին էլ մենք նշել ենք, որ այն փաստաթուղթը, որը քննարկում ենք մեր երազանքների փաստաթուղթը չէ, բայց, կներեք, դիվանագիտությունը փոխզիջում է։ Անկախ Հայաստանի 30-ամյա պատմության ընթացքում նախագահ Սարգսյանի բանակցած թեզերից լավ փաթեթ չենք ունեցել, մեկին կբավարարի, մյուսին՝ ոչ, բայց մենք հասել ենք նրան, որ առաջին անգամ համանախագահ երկրների ղեկավարները 5 հայտարարություն են արել, որտեղ ընդունում են, որ Արցախի կարգավիճակը պետք է ճանաչի Արցախի ժողովուրդը։ Եթե Սամվել Բաբայանի գովաբանած պարոն Փաշինյանը կարողանա գոնե մեկ նմամատիպ հայտարարություն բերի, ես շատ շնորհակալ կլինեմ։ Երկուսուկես տարվա մեջ միայն տեսնում ենք, որ միջազգային հանրությունը քննադատում եւ ապտակում է Հայաստանի դիվանագիտությանը։ Ինքնորոշում չկա, բոլոր հայտարարություններից հանված է հիմնարար սկզբունքները, եւ եթե 2016-ին, էլի տավուշյան մարտերից հետո, դեկտեմբերի29-ին, ՀԱՊԿ- ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Արցախի վերաբերյալ օգտագործում է Արցախի Հանրապետություն տերմինը, հիմա ոչ միայն համանախագահներն ու ՀԱՊԿ-ը չեն ասում Արցախի Հանրապետությունը, այլ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի օրոք ընդունված ազգային անվտանգության ռազմավարության մեջ Արցախի Հանրապետություն արտահայտությունը հանված է, թող սրա մասին Սամվել Բաբայանը մտածի»,- նշեց նա։
Մեր հարցին, թե այդ դեպքում ի՞նչ էր հետապնդում Սամվել Բաբայանի այդ հայտարարությունը, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց․ «Ներքաղական ճղճիմ շահ, դա ոտից գլուխ կեղծիք է։ Մեր իշխանության օրոք գլխավոր հարցը եղել է կարգավիճակը եւ մեր իշխանությունը հասել է նրան, որ Ալիեւը 2016թ․-ի հոկտեմբերի 7-ին հայտարարել է, որ փակ դռների հետեւում միջազգային հանրությունը՝ այն է համանախագահները պահանջում են նրանից ճանաչել Արցախի անկախությունը։ Եթե մենք չենք արել դա, էդ միջազգային հանրությունը երազ տեսա՞վ Ալիեւին պարտադրեց ճանաչել։ Բացի այդ, պարոն Լուկաշենկոն հարցացրույցի ժամանակ ասել է, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է 5 շրջանները հանձնել։ Իսկ այն որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների արդյունքում, որեւէ պրոբլեմ ինձ հայտնի չէ, որ փոխզիջումների արդյունքում չի լուծվելու։ Նույնիսկ, երբ երկրորդ համաշխարհային պատերազմ ավարտվեց, հաղթող պետությունները, այդ թվում Խորհրդային Միությունը, որն առյուծի բաժինն ուներ Եվրոպան ազատագրելու եւ ֆաշիզմին հաղթելու մեջ, էլի փոխզիջումների գնաց։ Կա պատմության մեջ մի պայմանագիր, որտեղ փոխզիջումներ չկա՞մ, պարզապես մեր փոխզիջման գինը շատ հստակ է եղել ու կա՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մենք դա ասել ենք ոչ թե կենացների մակարդակով, այլ փաստաթղթավորված»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը։
Մեր դիտարկմանը, թե մինչդեռ Սամվել Բաբայանը նշել է, որ «Սերժ Սարգսյանի իշխանությունն է Ղարաբաղի հարցը պլենդուզից ցածր մակարդակի իջեցրել», պարոն Շարմազանովն ասում է․
«Սամվել Բաբայանի հայտարարությունները ցույց են տալիս, որ դիվանագիտության եւ բանակցությունների վերաբերյալ իր դատողություններն են պլինտուսից հազարավոր կիլոմետրով ցածր մակարդակի վրա։ Ես փաստերով եմ խոսում, ոչ թե զգացմունքներով։ Եթե որեւէ մեկը կարող է ինձ բերել բանակցային սեղանի վրա փաստաթուղթ, որն ավելի ձեռնտու է եղել հայկական կողմերի համար, քան մեր բանակցած փաստաթուղթը, եթե որեւէ մեկը կարող է բերել մի փաստաթուղթ, մի հայտարարություն, որտեղ մեր թշնամի երկրի ղեկավարը ասում է, որ ինձնից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը․․․․, դե թող հիմա Սամվել Բաբայանն ու Նիկոլ Փաշինյանը միասին ջանքերով այնպես անեն, որ Ալիեւն էլի բողոքի, թող անեն, թող իրենք ավելի լավ լուծում գտնեն, կարո՞ղ են։ Սամվել Բաբայանի գովաբանած Նիկոլ Փաշինյանի օրոք մեր դաշնակից Ռուսաստանը նույնիսկ տավուշյան մարտերում մեղքը գցում է հայկական կողմի վրա, թող դրա մասին խոսեն։ Թող խոսեն նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով խաղի մեջ է մտել «ադրբեջանական համայնք» հասկացությունը, որտեղ համանախագահ երկրների դեսպանները Բավքում արդեն «ադրբեջանական համայնքի» ղեկավարների հետ են հանդիպում, թող դրա մասին խոսի, որ, եթե իր սիրելի Նիկոլ Փաշինյանը կանգնում եւ ասում է, որ մեզ պետք է լուծում, որը կբավարարի Ադրբեջանի ժողովրդին էդ ո՞ր լուծումն է, Սամվել Բաբայանը թող դրա մասին խոսի։ Իսկ ինչ վերաբերում է տարածքներ կորցնելուն, Լեւոն Մնացականյանը 2016թ․-ին հարցազրույցում ասում է, որ 1994թ․-ին մեկ օրվա ընթացքում Սամբել Բաբայանի գլախավորությամբ մեր բանակը 21 կմ հետ է գնացել, եթե ինքը 20-21 դիրքի մասին է խոսում, եթե դա հաղթանակ չէ, ապա 94-ին էլ մի օրում 21 կմ հետ են եկել, հիմա ասենք՝ սա էլ հաղթանակ չէ։ Չի կարելի, անթույատրելի է սեփական ճղճիմ քաղաքական շահը սպասարկելու համար ստվեր գցել մեր դիվանագիտական եւ ռազմական ձեռքբերումների վրա»,- եզրափակեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
news.am