Ադրբեջանի կեղծ հոգատարության ետևում թաքնված է Արցախը մեկուսացնելու և նրա տնտեսական զարգացմանը խոչընդոտելու պաշտոնական Բաքվի ցանկությունը. Արցախի ԱԳՆ
Արցախում տնտեսական գործունեության, այդ թվում՝ անվտանգ ճանապարհների կառուցման, ջրային ռեսուրսների և ընդերքի օգտագործման, ինչպես նաև Արցախում միգրացիոն գործընթացների կապակցությամբ ադրբեջանական կողմի շարունակական շահարկումների վերաբերյալ Արցախի ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.
Նախ և առաջ` կարևոր է ընդգծել, որ Արցախի Հանրապետության՝ Սահմանադրությամբ ամրագրված տարածքում տնտեսական, ինչպես ցանկացած այլ ստեղծարար գործունեության իրականացումը Արցախի իշխանությունների և քաղաքացիների ինքնիշխան իրավունքն է: Ադրբեջանի գանգատները՝ Արցախում, այսպես կոչված, «Հայաստանի անօրինական տնտեսական գործունեության» վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան ադրբեջանական իշխանությունների՝ իրականությունից փախուստի հերթական դրսևորում, որոնք համառորեն փորձում են անտեսել անկախ և ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կեղծ հոգատարության ետևում թաքնված է Արցախը մեկուսացնելու և նրա տնտեսական զարգացմանը խոչընդոտելու պաշտոնական Բաքվի ցանկությունը։
Մենք բազմիցս հայտարարել ենք իբր բնապահպանական իրավիճակին վնաս պատճառելու և Արցախին սահմանակցող տարածքներում բնակվող Ադրբեջանի բնակչությանը ջրից զրկելու վերաբերյալ մեղադրանքների անհիմն լինելու մասին: Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ 2085 (2016 թ.) քաղաքական շարժառիթներով պայմանավորված բանաձևին հղում կատարելը միայն հաստատում է ադրբեջանական կողմի այս բոլոր զրպարտությունների չհիմնավորված ու մտացածին լինելը: Բավական է միայն նշել, որ ԵԽԽՎ զեկուցողը հրաժարվել է այցելել Սարսանգի ջրամբար և լիովին անտեսել է ԵԽ քարտուղարության կողմից զերկույցը պատրաստելու շրջանակներում հարցն ուսումնասիրելու համար հատուկ ներգրավված փորձագետի եզրակացությունները: Ավելին՝ Արցախի Հանրապետության իշխանություններն ադրբեջանական կողմին բազմիցս առաջարկել են փոխշահավետորեն համագործակցել ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման ոլորտում: Պաշտոնական Բաքուն հետևողականորեն մերժել է արցախյան կողմի բոլոր նմանատիպ նախաձեռնությունները՝ չնայած նրան, որ դրանք ստացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը:
Նման պայմաններում Արցախի Հանրապետությունը չի կարող անվերջ սպասել, մինչ ադրբեջանական կողմը հասունանա կառուցողական երկխոսության համար։ Անթույլատրելի ենք համարում, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կամ հակամարտության կողմերից մեկի դիրքորոշումն օգտագործվի որպես պատրվակ՝ հակազդելու Արցախի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը։
Սեփական լիազորությունների և Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թթ. ծրագրի դրույթների շրջանակներում Արցախի Հանրապետության իշխանությունները հետագայում ևս ջանքեր են գործադրելու՝ ուղղված Արցախի բոլոր շրջանների համաչափ զարգացմանը, նրանց հետպատերազմյան վերականգնմանը, ենթակառուցվածքների կատարելագործմանը, բնակարանաշինությանը, որպեսզի հանրապետության յուրաքանչյուր բնակիչ կարողանա հավասարապես օգտվել համընդհանուր ճանաչված բոլոր իրավունքներից ու ազատություններից և իրագործի սեփական ներուժը։
Արցախի Հանրապետությունը միասնական հայրենիքի մասն է յուրաքանչյուր հայի համար՝ անկախ նրա բնակության վայրից, և պատրաստ է իր ուժերի ներածի չափով աջակցել, այդ թվում՝ ապաստան տրամադրել դժվարին իրադրությունում հայտնված և օգնության կարիք ունեցող իր հայրենակիցներին։