23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանն է պատասխանելու՝ ո՞վ էր ճիշտ ու ո՞վ սխալվեց. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսը օգոստոսի 19-ին էր, ես համբերատար սպասում էի արձագանքներին ու աղոտ հույս ունեի, որ իշխանական հարթության մեջ կլինեն ադեկվատ գնահատականներ:
Բայց ինչպես գործող իշխանությունը համարժեք չէ իր իրավասությունների ու պարտականությունների ընկալմանը, այնպես էլ անհամարժեք էին արձագանքները:
 
Օրինաչափ է, որ ՀՀ երրորդ նախագահի ասուլիսը դարձավ նախկին ու գործող իշխանությունների համեմատական գնահատականի հիմք՝ սա մեկ: Եվ այդ հիմքում ակնհայտ է, որ գործող իշխանությունն ամենեւին շահեկան վիճակում չէ։
 
Երկրորդ՝ մենք աշխարհի միակ ժողովուրդն ենք, որ հաղթում է ու սկսում իր հաղթանակի վրա կասկածել, ու դա քաղաքական կոգնիտիվ դիսոնանսն է այսօրվա իշխանության:
Երրորդ՝ ցավոք, մենք ունենք ոչ միայն 2016-ի ապրիլը, այլև 2020-ի հուլիսը, երբ Ադրբեջանը ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի դեմ, ու ի՞նչ: Մենք նորից ու հաստատուն հաղթեցինք, բայց այդ հաղթանակին դիվանագիտական ասպարեզում ոչինչ չհաջորդեց, ու դա էլ այսօրվա իշխանության դիվանագիտական ֆիասկոն է:
Չորրորդ՝ ՀՀ երրորդ նախագահի ասուլիսում վերջապես հնչեց հոդաբաշխ խոսք՝ առանց պոպուլիստական ծեքծեքումների, նյարդային բռնկումների ու աշխարհաքաղաքական սպառնալիքների, ու դա իրական Հայաստանն է, որ ուզում է խաղաղություն ու պատրաստ է պատերազմել խաղաղության համար՝ վստահ հաղթանակին ու իր համար դրական ելքին՝ դիվանագիտական ասպարեզում:
 
Հինգերորդ՝ հասարակական գիտակցության հետ իշխանական մանիպուլյացիաները ունեցել են որոշակի դրական էֆեկտ, բայց դա բնավ հաջողություն չէ, որ կարող է լինել տևական ու հիմնավոր:
Ու դա ակնհայտ էր, թե ասուլիսում հնչեցվող հարցերից, թե պատասխաններից, թե իրավիճակների պարզ համեմատությունից:
 
Վեցերորդ՝ կիրթ Ալիևը ոչ առաջ, ոչ հիմա, ոչ հետո պատրաստ չէ փոխզիջման, դա հասկանալու համար Սողոմոն իմաստուն լինել պետք չէ, որևէ փոխզիջում՝ տասնամյակների հայատյացության ու ռազմատենչության քարոզչության համապատկերում, լինելու է նրա իշխանության վերջի սկիզբը:
Ադրբեջանը պատրաստ չէր ու չէ ընդունել Արցախի անկախությունը՝ իր երկրի կարգավիճակը ազատ կամքի արտահայտությամբ որոշելու իրավունքը:
 
Միակողմանի զիջումների գնալ Հայաստանի ու Արցախի որևէ իշխանություն չի կարող:
Ապարդյուն է հակաքարոզչությունը՝ ներառյալ հաղթանակներն արհամարհելը, ապրիորի վերելակային պայմանավորվածությունները Ալիևի հետ, բանակի ու հատկապես հրամանատարների վարկաբեկումը, կոռուպցիայի ու քաղաքական մեղադրանքների հարուցումով դատավարությունները:
Դրանք քամու աշխատանք են, իսկ քամին հաճախ է ուղղություն փոխում:
 
Յոթերորդ՝ գործող իշխանության «հերոսական» ջանքերով Հայաստանը հայտնվեց մեկուսացման մեջ՝ դեռ երբեք անկախության ողջ պատմության մեջ հայկական դիվանագիտությունը այսքան թույլ ու անզեն չի եղել՝ բանակի հաղթանակներից հետո հաջողության հասնելու համար:
Ու պատճառը դիվանագետները չեն, պատճառը Նիկոլ Փաշինյանի հակասական ու իրարամերժ հայտարարություններն են Արցախի հարցով:
 
Ու սա շատ լուրջ խնդիր է, որ օր առաջ պետք է լուծել, այլապես՝ հայկական բանակը կարող է հասնել Բաքու, իսկ «սրանք» բանակցելու են Ստեփանակերտն ու Երևանը հանձնելու հարցով:
 
Հ.Գ. Երբ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը խորհուրդ է տալիս Սերժ Սարգսյանին ծպտված դուրս գալ Հայաստանի ցանկացած տարածք և հարցնել քաղաքացիներից և Սերժ Սարգսյանի գործունեության, և Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ, մնում է մտածել, որ գործող իշխանությունը թե կույր է, թե խուլ, իսկ որ ավելի վտանգավոր է՝ ունակ չէ փաստերը համադրել ու եզրակացություններ անել:
Դա վտանգավոր է ոչ միայն իրենց իշխանության, այլև՝ պետության համար: Բոլորիս, որ հայտնվել ենք հեղափոխության պատանդի կարգավիճակում, որ իրականում պարզ իշխանազավթում էր:
 
Ժամանակը արագ է անցնում, ու գալու է պահը, որ Նիկոլ Փաշինյանն է պատասխանելու՝ ո՞վ էր ճիշտ ու ո՞վ սխալվեց»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ