«Լուսավոր Հայաստանը» դիմել է Սահմանադրական դատարան
«Լուսավոր Հայաստան» խմբակցություննը դիմել է Սահմանադրական դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հավատարիմ լինելով դեռեւս հունիսի 22-ին մեր կողմից արված հայտարարությանը, լինելով իրավական պետություն կառուցելու ջատագով եւ մերժելով ապօրինի եղանակների միջոցով ամեն գնով խնդիրները լուծելու քաղաքականությունը, ինչպես նաեւ իրավական գործընթացներն անհարկի քաղաքականացնելու փորձերը՝
Ներկայացնում ենք երեկ երեկոյան Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիմնախնդիրները.
Առաջին հիմնախնդիր.
Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը, երբ սահմանադրական փոփոխությունները մինչեւ երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։
Այս համատեքստում՝
Ազգային ժողովը պարտավոր էր դիմել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով:
Ազգային ժողովի կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասը՝ այն իմաստով, որ սահմանում է Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի հայեցողական լիազորություն, հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին եվ 169-րդ հոդվածի 2-րդ մասին եւ հակասահմանադրական է:
Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանդրական լիազորությունների շրջանակից՝ խախտելով Սահմանադրությունը, երբ, փաստացի փոփոխության ենթարկելով Սահմանադրության իրացված անցումային դրույթ 213-րդ հոդվածը, բովանդակային իմաստով փոփոխության է ենթարկել Սահմանադրության՝ դատական իշխանությանը վերաբերող 7-րդ գլխի կարգավորման ներքո գտնվող Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի մեջ։
Ազգային ժողովի եւ Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առկա է վեճ։
Երկրորդ հիմնախնդիր.
Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու եւ հրապարակելու լիազորությունից զրկելը հակասում է Սահմանադրությանը։
Տեղեկացնում ենք նաեւ, որ դիմումը ներկայացվել է համատեղ ստորգրված` «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անհրաժեշտ քանակի պատգամավորների կողմից»։