ՍԴ գնալիս պետք է սթափ մտածել. Գևորգ Դանիելյան
Վահրամ Ավետիսյանի՝ ՍԴ դատավորի թափուր պաշտոնում առաջադրվելն իրավական և բարոյական չէր, և նա պետք է ի սկզբանե հրաժարվեր ընդունել այդ առաջարկը։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը՝ մեկնաբանելով Վահրամ Ավետիսյանի՝ «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունը հետ կանչելու դիմումը։
Գևորգ Դանիելյանի կարծիքով՝ նման որոշումներ կայացնելիս պետք է սթափ մտածել, չէր կարելի անտեսել Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման` առնվազն իրավաչափության ասպեկտը։
«Կարող է՝ կառավարությունը կամ իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասում են, որ ամեն ինչ նորմալ է, սակայն դու որպես իրավագետ, ինքդ պետք է գնահատես իրավիճակը, գիտակցես, որ տեղի է ունեցել կոպիտ սխալ, և դու այս սխալը շարունակելով չես կարող գնալ ՍԴ և անկախ դատավոր դառնալ»,–ասաց իրավաբանը՝ նկատելով, որ անհասկանալի է, թե ինչու է Ավետիսյանն ի սկզբանե համաձայնել, եթե պետք է հրաժարվեր։
«Եթե համարել եք, որ ՍԴ դատավորների լիազորությունները իրավաչափորեն են դադարեցվել, այսինքն՝ դուք Ալվինա Գյուլումյանի մեջ կախյալ դատավո՞ր եք տեսել, դուք ձեզ համեմատում եք Ալվինա Գյուլումյանի հետ՝ ի օգուտ ձե՞զ, սա վիրավորակա՞ն, չէ, նաև ձեզ համար, քանի որ դուք չեք կարողանում օբյեկտիվ գնահատել։ Դու՞ք ուր, Ալվինա Գյուլումյանն ուր և սա այն դեպքում, երբ նրա պաշտոնավարման ավարտին ընդամենը վեց ամիս էր մնացել, այնպես չէ, որ նա պետք է մնար, տարիներով աշխատեր ՍԴ–ում, այսինքն բարոյական հարցեր կան, որոնց մասին նոր չէ, որ խոսում եմ։ Նման առաջարկն ընդունելուց առաջ պետք է սթափ մտածել։ Դուք ուզում եք գնալ Ալվինա Գյուլումյանի տեղը նստել, բայց հետո ո՞նց եք գնալու իրավաբանների համայնքում ելույթ ունենալու, մեկը չի՞ ասելու՝ տղա, բա դու Ալվինա Գյուլումյանի գիտելիքների 30 տոկոսը գոնե ունե՞ս, կամ կարո՞ղ ես երբևէ ունենալ, կամ իր բարոյականությունից ունե՞ս, գիտե՞ս, թե ինչպես է նա ՄԻԵԴ–ում պայքարել, ոնց է աշխատել, նա նաև իշխանությունների դեմ է որոշում կայացրել նույն մարտիմեկյան գործերով, ինչու՞ եք այդ ամենը մոռացել»,–ասաց Դանիելյանը։