15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երազանք, որ իրականացավ

Մեկ-մեկ  ստացվում  է  այնպես, որ  երզանքներն էլ են իրականություն  դառնում…Արևմտյան  Հայաստանը  տեսնելու  երազանքն այլևս  իրականություն  է՝ շնորհիվ  Պատմության  ֆակուլտետի  նախաձեռնության՝ հանձին  դեկան  Էդիկ  Մինասյանի:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատի  և  մագիստրատուրայի  շուրջ  106 շրջանավարտներ  իրենց  դիպլոմները ստացան  Արևմտյան  Հայաստանում՝  Աղթամարի  Սուրբ  Խաչ   եկեղեցու  բակում:

Henaran.am-ի   թղթակցի  հետ  զրույցում  շրջանավարտները  կիսվեցին  տպավորությունների  ՛՛տարափով՛՛: Պատմաբան   Սուրեն  Պապիկյանի  համար  պապերի  բնօրրանը  երազանք  է  եղել  դեռ  վաղուց.  ՛՛Կդժվարանամ պատմել տպավորություններիս մասին, քանզի դրանք, իրոք, անպատմելի են, սահմանը հատելուց անմիջապես հետո, հայրենիքիս ներկայիս ՛՛տերերի՛՛  հետ առաջին իսկ շփումից հետո հասկացա՝ ում  հետ իրականում գործ ունենք: Իրականացել էր վաղեմի երազանքս, բայց ես տխուր էի. միմյանց էին բախվում կարոտն ու ցասումը, դարավոր վրեժն ու անողոք իրականությունը:

Ինչևէ,  չենք փախչի դառն իրականությունից: Ուղևորության ընթացքում եղանք հայոց երբեմնի մայրաքաղաք Կարսում, տեսանք տիպիկ հայկական քաղաք, տեսանք արհեստականորեն, ընդ որում բավականին անհաջող թրքացվող ու քրդացվող քրիստոնեական մշակույթ, ամենուր  թուրքական պետական սինվոլներ, Մուստաֆա Քեմալի նկարներ, և  նրա ճառերից վերցված ՛՛թևավոր խոսքեր՛՛, ճարտարապետական ոճով քաղաքը նման է Գյումրիին ու ,ի ուրախություն, մեզ պահպանել է հայեցի դիմագիծը:

Դիպլոմների հանձնման արարողությունը, հիրավի, պատմական պահ էր, անմոռանալի, պարտավորեցնող, ուսուցանող ու ուսանելի ապագայի համար: Ես՝ որպես իրատես հայորդի,  համոզված եմ, որ մեզնից յուրաքանչյուրը երդվեց մասնակցել հայրենիքի հզորացման սուրբ գործին ու մի գեղեցիկ օր վերականգնել պատմական արդարությունը՛՛:

՛՛Մեր ուղևորությունից մեզ մնացին անջնջելի հիշողություններ… Տպավորությունն աննկարագրելի է, հայտնվել նախնիերիս հողում, որն այլևս իմը չէ, բայց հաստատուն զգալ ինքդ քեզ հենց այդ հողի վրա… Տեսնել Հայաստանիս երբեմնի խոշոր մայրաքաղաքները, որոնք այսօր ամխիթար վիճակում են:

Զգացողություններն անհնար է բառերով նկարագրել… Անմոռանալի էր դիպլոմների հանձնման արարողոթյունը Վանա լճի Աղթամար կղզում՝ Ս. Խաչ եկեղեցու պատերի ներքո, նույնիսկ պատկերացնել չէինք կարող, որ մեզ նման հնարավորություն կընձեռվի… Մեր ուղևորության երեք օրերը ուսանողական կյանքիս լավագույն և կարևոր օրերն էին, որ հիշելու եմ ողջ կյանքում…՛՛,-  շեշտեց  արվեստաբանության  մագիստրոս  Աննա  Խաչատրյանը:

Այս  ուղևորությունն  անջնջելի  հետք  թողեց  հատկապես  արվեստաբան  Միլենա  Առաքելյանի  կյաքում, ով  մկրտվեց  Աղթամարի  Սուրբ  Խաչ  եկեղեցում.՛՛  Ինձ համար պատմական հայրենիք ուղևորությունը երազանքի պես է միշտ եղել, միշտ փափագել եմ, ու վերջապես այն իրականություն դարձավ: Շատ տպավորիչ էին այդ երեք օրերը:

Բնականաբար, ուրախությունս կրկնապատիկ է, քանի որ ինձ բախտ վիճակվեց նաև մկրտվել Աղթամարի Սուրբ Խաչ  եկեղեցում: Կարծում եմ անգամ դժվար  էր  այդ մասին  երազել՛՛:

՛՛Մեզ` արվեստաբաններիս, ինչպես նաև մշակութաբանների ու պատմաբանների համար, այս այցը ավելի  քան ուշագրավ էր, քանի որ բացի հայկական հողերը տեսնելուց,տեսանք ու շոշափեցինք նաև այն բոլոր հուշարձանները, որոնք երբևէ ուսումնասիրել էինք, իսկ դա անչափ մեծ ու կարևոր բան էր մեզ համար:

Չեմ կարող բառերով բացատրել, թե ինչ ապրումներ ունեցա ես այնտեղ… հայրենիքիդ հանդեպ սերը ավելի ու ավելի էր աճում, դու քեզ չես կարողանում կառավարել. դա շատ հետաքրքիր զգացում էր, որ չեմ փոխի այս պահին ոչ մի բանի հետ:

Հատկապես Աղթամարը, Վանա լիճը մեծ տպավորություն թողեցին, նույնիսկ հուզվել էի…  դա չքնաղ մի բան էր, իսկ Անին…  իզուր չեն ասում “Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ…”… դա հրաշք էր, երազանք, որ իրականություն դարձավ, ու այդ զգացումները մեզ հետ կլինեն առհավետ՛՛,-  անկեղծացավ  արվեստաբանության  մագիստրոս  Օվսաննա  Քեշիշյանը:

Սեդա  Մանուկյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ