22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ախմախ օրենքների վրա նստել ենք ու բիզնեսին զինվորի հաց գողացող ենք ասում. Վահրամ Միրաքյան

Ես էլ ասում եմ զինվորի հաց գողացողներն անարդյունավետ մարզպետներն են, անարդյունավետ նախարարներն են, որ 8 ոլորտ են կորդինացնում ու բոլոր ոլորտներում առաջընթաց չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գործարար Վահրամ Միրաքյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ճիշտ են անում, որ ՀԴՄ չեն խփում: Էս պրովակացիոն սկզբից հետո ներկայացնեմ ՀԴՄ չխփելու իրական պատճառները, քանի որ մինչեւ հիմա հիմնականում էմոցիոնալ պատճառներ են բերվում:

Բիզնեսի վարքը հետեւանք է, հետեւանք է օրենսդրական դաշտի ու պետական կառույցների գործունեության կամ անգործության:

Ասեմ, որ 98 տոկոսով ՀԴՄ չեն խփում փոքր բիզնեսները, որոնք աշխատում են շրջհարկով: Ինչու՞:

  1. ՀՀ ում ցանկացած բիզնես կարող է փաստաթղթավորել իր մոտի ապրանքները կամ ծառայությունը եւ վճարել մոտ 1.5 տոկոս հարկ: Հիմա ուշադրություն, ցանկացած բիզնես կարող է առանց փաստաթուղթ ապրանք ստանալ ու դրա դիմաց վճարել 5 տոկոս հարկ: Ստացվում է, որ օրենքով թույլատրում ենք առանց փաստաթուղթ ապրանք կամ ծառայուն ստանալ ու վաճառել: Հետեւաբար, եթե առանց փաստաթուղթ ապրանք կարող է ստանալ, նշանակում է կարող է նաեւ շրջանառություն թաքցնել: Օրենքով թույլատրում ենք իրեն, չենք կարող մտնել խանութ ու պահանջենք պատահական ապրանքի փաստաթուղթը: Իսկ, եթե թաքցնում է շրջանառությունը, նշանակում է ՀԴՄ էլ չի խփելու: Բայց հիշեցնեմ, որ պետությունն է օրենքով թույլատրել շրջանառությունը թաքցնել, փաստաթղթավորում չունենալ թույլատրելով:
  2. Հիմա անցնենք նրան, թե ինչո՞ւ թաքցնել շրջանառությունը: Որովհետեւ ՀՀ ում գործում է ախմախագույն օրենք` շրջհարկի մասին օրենքը: Ըստ որի մինչեւ 115 միլիոն դրամ տարեկան շրջանառության դեպքում բիզնեսը վճարում է հարկեր 1-ին կետին համապատասխան, իսկ 115 միլիոնն անցնելու դեպքում հարկային դաշտն ու բեռը շատ կտրուկ փոխվում է ու բիզնեսը սկսում է վճարել 20 տոկոս ԱԱՀ ու 18 տոկոս շահութահարկ: Արդյունքում բիզնեսը շրջանառություն է թաքցնում, ՀԴՄ չի խփում ավելի շատ հարկային դաշտը չփոխելու, քան հարկեր թաքցնելու համար: Քանի որ հաստատ ավելի շահավետ է փաստաթղթաշրջանառություն ունենալ ու վճարել 1.5 տոկոս, 5 տոկոս հարկի փոխարեն: Էս դեպքում, երբ բիզնեսը շրջհարկի դաշտից հայտնվում է ԱԱՀ դաշտ, ապա փոփոխությունն ու հարկային բեռն էնքան կտրուկ է ավելանում, որ բիզնես մոդելը պայթում է, քանի որ ստիպված է լինելու կտրուկ գները բարձրացնել: Իսկ բիզնեսը չի կարող կտրուկ գները բարձրացնել նաեւ այն պատճառով, քանի որ մրցակիցները շարունակում են աշխատել շրջհարկով: Արդյունքում բիզնեսը պատրաստ է ամեն ամիս տուգանվել, քան թե ՀԴՄ խփել ու շրջանառություն ցույց տալ եւ անցնել շրջհարկի շեմը:

Հիմա մենք կարող ենք նստել ու մեղադրել բիզնեսին, անբարոյական, հաստավիզ ու զինվորի հաց գողացող անվանել, բայց նաեւ կարող ենք պատճառները փորձել գտնել ու լուծումներ տալ:

Ասեմ, որ վերոնշյալ համակարգը ստեղծվել է կոռուպցիան բարձր մակարդակի վրա պահելու համար: Այսինքն, օրենքը վատն էր, որ կոռուպցիան ծաղկի: Հիմա կոռուպցիան հանել են(մեծամասամբ), բայց նախկին, կոռուպցիան խթանող օրենքները թողել են նույնը: Ասածս ինչա, օրենքներն է պետք փոխել, ոչ թե մարդկանց անբարոյականության մեջ մեղադրել:

Հիմա կասեք բա լուծումը որնա: Առաջարկում եմ 2 տարբերակ, մեկը պրիմիտիվ, մյուսը մի քիչ բարդ: Բայց երկուսն էլ կլուծեն խնդիրը:

  1. Ուղղակի շրջհարկի շեմը հանել մինչեւ 500 միլիոն դրամի, իսկ ՀԴՄ չխփելու տուգանքն էլ դնել, ասենք 3 միլիոն դրամ: Արդյունքում շահավետ չի լինի փաստաթուղթ կամ շրջանառություն թաքցնելը: Իսկ ԱԱՀ դաշտ անցնելու դեպքում բիզնեսն արդեն բավական մեծ կլինի, ոչ կործանարար անցում ունենալու համար: Սա պրիմիտիվ մոդելն էր:
  2. Երկրորդ դեպքում առաջարկում եմ նմանեցնել աշխարհի խոշորագույն տնտեսության, ԱՄՆ ի հարկային դաշտին: Քանի որ մի բան գիտեն, որ ստացել են աշխարհի ամենամեծ տնտեսությունը: Էս դեպքում աստիճանաբար մեծացնել հարկերը, շրջանառության աճի հետ: Օրինակ, մինչեւ 110 միլիոն շրջանառության դեպքում վճարում ենք 1.5 տոկոս (ոնց որ հիմա, օրենքով) հետո, 110 միլիոնն անցնելու դեպքում, էդ անցած շրջանառությունից վճարել 3 տոկոս: Ասենք 180 միլիոն եմ ունեցել, 110 ը վճարում եմ 1.5 տոկոսով, մնացած 70-ը` 3 տոկոսով: Հետո, ասենք 200 միլիոնն անցնելու դեպքում, այդ անցած մասի համար վճարել 6 տոկոս հարկ եւ այլն, հասկացաք տրամաբանությունը: Արդյունքում հարկային բեռի փոփոխությունը կտրուկ չի լինի, բիզնեսը կարող է իրեն թույլ տալ անցում մի հարկային դաշտից մյուս: Իսկ ՀԴՄ չխփելու դեպքում էլի տուգանքը մեծացնել, ասենք 3 միլիոն, որ ոչ մեկ ռիսկ չանի չխփել:

Թե չէ ախմախ օրենքների վրա նստել ենք ու բիզնեսին զինվորի հաց գողացող ենք ասում: Ես էլ ասում եմ զինվորի հաց գողացողներն անարդյունավետ մարզպետներն են, անարդյունավետ նախարարներն են, որ 8 ոլորտ են կորդինացնում ու բոլոր ոլորտներում առաջընթաց չկա: Զինվորի հաց գողացողը անարդյունավետ չինովնիկնա, որ մենք, բիզնեսը իրեն աշխատավարձ ենք տալիս, պադավատ ենք տալիս, բանակին տալու փոխարեն, իսկ ինքը վատնում է բյուջեն ու արդյունք չունի:

ՀԳ. Տարածեք, եթե համամիտ եք»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ