Արձակուրդային սպեկուլյացիա. «Իմ Ձայնը» նախագիծ
Մարտի 1-ի գործով այսօրվա նիստը հետձգվեց մինչև սեպտեմբերի 8-ը՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի արձակուրդ գնալու հետևանքով։ Դրանում, իհարկե աշխարհացունց ոչինչ չկա, եթե չլիներ մեղադրող և տուժող կողմի ներկայացուցիչների ոչ համարժեք արձագանքը։ Այս նորությունն առաջացրեց տուժող կողմի վրդովմունքը, որն առիթը բաց չթողեց պաշտպանությանը մեղադրել գործընթացը ձգձգելու մեջ: Արձակուրդի վերաբերյալ տեղեկատվությանը վերաբերմունքն այնքան ոչ ադեկվատ էր, որ տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նույնիսկ միջնորդեց ամբաստանյալների շահերը պաշտպանելու համար հասարակական պաշտպաններ ներգրավել։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ պարագայում հերթական անգամ կխախտվեր Արմեն Գևորգյանի իրավունքները, այնպես, ինչպես դա արվում է գույքի կալանքի խախտված իրավունքի վերականգնման չիրականացման և Հայաստանից բացակայելու իրավունքի սահմանափակման դեպքում։ Մի կողմ թողնենք նաև այն, որ դատական դեպարտամենտն իր կայքում չի նշել արձակուրդների ժամկետները, ինչի պատճառով փաստաբանները ստիպված են եղել արձակուրդ վերցնել իրենց հայեցողությամբ:
Այստեղ շատ ավելի կարևոր է երկակի մոտեցումը։ Մեղադրողները և տուժողների ներկայացուցիչները համառորեն լռում էին, երբ դատավոր Աննա Դանիբեկյանի` շուրջ երկու ամիս ձգձգվող արձակուրդների պարագայում դատական նիստերն անընդհատ ձգձգվում էին։ Հասկանալի է նաև պատճառը՝ այդ պրոցեսում պետք է քննվեր Ռ. Քոչարյանի կալանքի հարցը։ Փաստացի, տուժողների ներկայացուցիչները շեղվել են իրավական գործընթացներից՝ վերածվելով նեղ անձնական շահերով առաջնորդվող խմբակի։
Լավ կլիներ, որ տուժող կողմի ներկայացուցիչները, որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, նույն կերպ արձագանքեին քաղաքապետ Հայկ Մարությանի արձակուրդ գնալու վերաբերյալ։ Հետաքրքիր է, թե ինչու տուժողների ներկայացուցիչներին, որպես Հայաստանի իրավագիտակից քաղաքացիների, չի անհանգստացնում այն փաստը, որ կորոնավիրուսի ծանր օրերին երկիրը մնացել էր առանց քաղաքային իշխանության, ո՞ւր էր քաղաքապետը համաճարակի օրերին․ փախել և թաքնվել էր։ Իսկ Երևանը աշխարհի այն եզակի քաղաքներից էր, որը չէր ախտահանվում, ինչի հետևանքով էր նաև, որ նման ցավալի գին վճարեցինք քաղաքացիներս՝ ի դեմս կորոնավիրուսյան համավարակի տարածման և մահվան նման բարձր ցուցանիշների։ Կամ ինչպես կարող է քաղաքապետը գնալ արձակուրդ, երբ առջևում երկարատև դադարից հետո վերսկսվելու է ուսումնական գործընթացը, և պետք է պատշաճ նախապատրաստվել դասերին։ Այսպիսի «արձակուրդների» դեմ է պետք պայքարել, որպեսզի կրկին չհայտնվենք համավարակի ուժասպառ անող ճիրաններում։
Ասյա Օվանյան ՀՀ Փաստաբանների պալատի անդամ «Իմ Ձայնը» նախագիծ