Թամամի ներման հրամանագիրը չի ներկայացվի հանրությանը. Հայկական ժամանակ
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով չորս տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Թամամյանն առաջիկայում կարող է ազատ արձակվել: Այս մասին տեղեկացնում է “Հայկական ժամանակ” օրաթերթը:
Ենթադրվում է, որ նա ազատ կարձակվի Սերժ Սարգսյանի կողմից ներման արժանանալու միջոցով: Այս հեռանկարի վերաբերյալ թերթի թղթակցի հարցին Թամամյանի փաստաբան Վաղինակ Գեւորգյանը պատասխանել է, որ ինքը լիազորված չէ ներման խնդրագրի վերաբերյալ հարցերին պատասխանել: Թերթի տեղեկություններով, Թամամյանի ներման խնդրագիրն արդեն մեկ շաբաթից ավելի է նախագահական նստավայրում է, եւ սպասվում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանը կստորագրի համապատասխան հրամանագիրը, եւ նա ազատ կարձակվի: Սակայն, այդ մասին հանրությունը չի տեղեկանա, քանի որ ներման հրամանագրերը չեն հրապարակվում: