23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի քավության նոխազը. ՍԴ դատավորի թեկնածու

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր քննարկում է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ, որը տևել է շուրջ 3 ժամ: 

«Ես ամենևին չեմ պատրաստվում արդարացնել նորանկախ Հայաստանի դատական համակարգում գոյություն ունեցող խնդիրները, նաև չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի քավության նոխազը», – հանդիպումից հետո լրագրողներին ասաց Ավետիսյանը։

Անդրադառնալով իր հոր հետ կապված թեմային ՝ ՍԴ դատավորի թեկնածուն ասաց, որ անհրաժեշտ է հստակ պարզել՝ Վճռաբեկ դատարանի գործառույթը. Վճռաբեկ դատարանը գործ քննո՞ղ դատարան է, թե՞ ոչ, առկա՞ են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միան ենթադրություններով։

Վահրամ Ավետիսյանի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը 2008-2016 թվականներին պաշտոնավարել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում։

Դիտարկմանը, որ այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե քաղաքական վճիռներ են կայացվել Մարտի 1-ի գործով, Վահրամ Ավետիսյանն արձագանքեց.

«Ես հասկանում եմ նման հարցադրում կատարող սուբյեկտների մտահոգությունները, բայց նաև չեմ կիսում դրանք, որովհետև ներկայում կան բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր այդ ժամանակահատվածում պաշտոնավարել են, առնչություն են ունեցել գործերին, իմ հայրն արդեն շուրջ հինգ տարի է թոշակի է գնացել ու չեմ պատկերացնում պրոցեսների ազդեցությունը հետագայում ՍԴ-ում իմ գործունեության վրա», – ասաց ՍԴ դատավորի թեկնածուն։

Վահրամ Ավետիսյանի խոսքով՝ պատգամավորների ճնշող մեծամասնությունն իրեն ծանոթ չէր, միայն լրատվամիջոցներում հրապարակված տեղեկություններին էին ծանոթ։

Նա ասաց, թե այս պահին ՍԴ դատավորի թեկնածությունից հրաժարվելու որևէ հիմք չի տեսնում։

«Սպասենք իրադարձությունների զարգացմանը, տեսնենք, թե հանրային կարծիքի տեսանկյունից, պատգամավորների կարծիքի տեսանկյունից ինչ զարգացումներ տեղի կունենան», – ասաց նա։

Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։

Մի շարք իրավապաշտպաններ, փաստաբաններ և հատկապես Մարտի 1-ի դեպքերից հետո քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մի քանի տասնյակ մարդիկ դիմել են կառավարությանը՝ հորդորելով հետ կանչել Վահրամ Ավետիսյանի առաջադրումը, դիմել են նաև Ազգային ժողովի պատգամավորներին՝ կոչ անելով այս հարցում դրսևորել առավելագույն բծախնդրություն և դեմ քվեարկել։

Նրանք պնդում են, թե Մարտի 1-ի գործով պատասխանատվության պետք է ենթարկվի նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի երբեմնի նախագահ Դավիթ Ավետիսյանը՝ Վահրամ Ավետիսյանի հայրը։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ