Այդպիսի ոչ նպատակ կա, ոչ հետաքրքրություն. ինչո՞ւ ՕԵԿ-ին չեն ընդունում

”ՕԵԿ-ն ամրապնդման որևէ խնդիր չունի, ամրապնդումը մեր շարունակական աշխատանքն է, որը հրապարակային է: Հանրահավաքը ցանկացած քաղաքական ուժի համար տարբերակ է, քաղաքական ուժն ինքն է որոշում` ինչպես է ուզում իր ձայնը հասցնել քաղաքացիներին”,-լրագրողների հետ զրույցում ի պատասխան Henaran.am-ի հարցին,թե արդյոք ընդդիմադիր դաշտում ամրապնդվելու համար կրկրին հանրահավաք են հրավիրելու, ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Պատգամավորը նշեց, որ այս պահին նման քննարկում չկա, սակայն հանրահավաքը բացառված չէ: ”Արդեն իսկ ամառվա ամենաշոգ օրը մենք համարձակություն ցուցաբերեցինք ու հրավիրեցինք հանրահավաք, այնպես որ միտինգ կլինի, թե այլ ֆորմատով աշխատանք, մենք չենք բացառում”:
Հարցին, թե հնարավոր է, որ ՕԵԿ-ն էլ մասնակցի քառյակի հանրահավաքին, Հ. Բիշարյանը պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել: ”Մեր հանրահավաքի ժամանակ մենք հայտարարել էինք, որ հանրահավաք ենք անում ու ցանկացած քաղաքական ուժի, քաղաքացու համար բաց էր, կարծում եմ` իրենք էլ այդպես կանեն, իրենց որոշմանը տեղյակ չենք, թող իրենք որոշեն, հետո կասենք”:
Հարցին, թե ինչու խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես քառյակը չի ընդունում ՕԵԿ-ին, նա արձագանքեց. ”Իսկ ո՞վ ասաց, որ մենք դիմում ենք գրել, իրենք էլ չեն ընդունելու: Այնտեղ ընդունելու-չընդունելու, միասնական խնդիր լուծելու հարց չկա: Դա ընդամենը խորհրդարանական խմբակցությունների մակարդակով ձևավորված աշխատանքային խումբ է, որտեղ բոլոր հարցերը չէ, որ միանման որոշումներ են կայացվում: Օրինակ` սահմանադրական բարեփոխումների հետ կապված ՀՅԴ-ը կողմ է, մյուսները` ոչ: Եվ այստեղ մտնել-դուրս գալու խնդիր չկա, եթե կան խնդիրներ համագործակցելու, համագործակցում ենք, որ քաղաքական ուժի հետ կկարողանանք լավ խնդիր լուծել, էական չէ: Հիմա քառյակն, իրենք այդպես են անվանում, կարծում եմ` ժամանակավոր բնույթ կրող կազմակերպչական խումբ է ձևավորվել աշխատանքային, որին մենք էլ ենք մասնակցում, մեզ համար այդպիսի ոչ նպատակ կա, ոչ հետաքրքրություն ինչ որ քառյակ կամ հնգյակ”,-եզրափակեց նա: