Հայկական կողմն ուշադիր հետևելու է թուրք-ադրբեջանական զորավարժությունների ընթացքին. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության ընթացիկ խնդիրներ:
Ներկայացնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ պաշտպանության նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և մասնավորապես Ֆրանիսիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետության դերակատարությունը լարվածության թուլացման և բանակցային գործընթացի շարունակման գործում։
Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, նշել է, որ բուն ռազմական տեսանկյունից դրանց մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետևելու է զորավարժությունների ընթացքին և հետագա զարգացումներին։
Դեսպան Ջոնաթան Լաքոտը, վերահաստատելով Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման գործում, իր հերթին բարձր է գնահատել այս ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տիրող ազգայնական շեշտադրումներից և դրսևորումներից, ինչպես նաև պատերազմական կոչերից զերծ հավասարակշիռ մթնոլորտը։