«Միջպետական հայ-ռուսական դաշնակցության թուլացման պատասխանատուն ոչ թե հայ ժողովուրդն է, այլ Փաշինյանն ու իր ապաշնորհ ռեժիմը»
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոլորություն և ինքնախաբեություն է կարծել, թե դաշնակցում են միայն ժողովուրդները, բայց ոչ երբեք՝ քաղաքական էլիտաները:
Ժողովուրդների դաշնակցությունն ամրապնդվում է, երբ դաշնակցում են էլիտաները և թուլանում դրանց բացակայության պայմաններում:
Հետևաբար Փաշինյանը կամ մոլորության մեջ է, կամ փորձում է մանիպուլացնել, երբ նշում է, թե «Ռուսաստանը պետք է միայն դաշնակցի հայ ժողովրդի ու ոչ թե Պետրոսյանի, Սարգսյանի, Քոչարյանի կամ նույն Փաշինյանի հետ»:
Համաշխարհային պատմությունը հարուստ է օրինակներով, երբ իշխող ռեժիմների փոփոխությունը հանգեցնում է միջպետական դաշինքների փլուզման:
Օրինակնե՞ր` խնդրեմ. մինչև 1917-ի Ռուսական հեղափոխությունը Անտանտի երկրները Ռուսաստանի նվիրյալ դաշնակիցներն էին, սակայն բոլշևիկյան հեղաշրջումից հետո դարձան Ռուսաստանի ախոյանները:
Մինչեւ Կուբայի հեղափոխությունը ԱՄՆ -ն Կուբայի գլխավոր դաշնակիցն էր, սակայն Կաստրոյի իշխանության գալուց հետո իրավիճակը կտրուկ փոխվեց:
Եթե Ալյենդեի նախագահության տարիներին \1970-1973թթ․\ խորհրդա-չիլիական հարաբերությունները մոտ էին դաշնակցային կոչվելուն, ապա Պինոչետի հեղաշրջումից հետո դրանք կտրուկ վատթարացան:
Մեկ օրինակ ևս. մինչև 1979 ի Իսլամական հեղափոխությունն ԱՄՆ -ը համարվում էր Իրանի հիմնական դաշնակիցը, իսկ Մոհամմեդ Ռեզա Փեհլևի շահի ղեկավարության շրջանում Իրանը բարիդրացիական հարաբերություններ ուներ Իսրայելի հետ:
Մինչդեռ հարաբերությունները սրվեցին Իրանում հեղափոխության հաղթանակից հետո. թե Միացյալ Նահանգները, թե Իսրայելը դարձան Իրանի գլխավոր հակառակորդները:
Եւ ուրեմն հարկ է նշել, որ պետությունների միջև դաշնակցությունը մեծապես կախված է նրանց ղեկավարների քաղաքականությունից, ինչը չի գիտակցում, կամ չի ցանկանում գիտակցել Նիկոլ Փաշինյանը:
Դժվար է ակնկալել դաշինքի ամրապնդում, երբ դու ուղիղ հարվածում ես ՀԱՊԿ հեղինակությանը կամ գազի վաճառքի գնագոյացման խնդիրները քննարկում ես ոչ թե Պուտինի, այլ Լուկաշենկոյի հետ:
Գրեթե անհնար է զարգացնել միջպետական դաշնակցային կապերը, երբ վարչապետը Տավուշի ռազմական միջադեպից նույնիսկ 2 շաբաթ անց անկարող է ուղիղ կապ հաստատել Ռուսաստանի նախագահի հետ:
Ուստի միջպետական հայ-ռուսական դաշնակցության թուլացման պատասխանատուն ոչ թե հայ ժողովուրդն է, այլ Փաշինյանն ու իր ապաշնորհ ռեժիմը: Թեեւ պրն. աննախադեպն իր ոճով ձախողման պատճառը փնտրում է ոչ թե իր, այլ մյուս կողմի, ժողովրդի մեջ»: