Համանախագահները Երևանին և Բաքվին կոչ են արել պատրաստվել բանակցությունների
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով, ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի, Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր, ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCIO) Անջեյ Կասպրշիկը հանդես են եկել հայտարարությամբ։
«Համանախագահները եւ PRCIO-ն ողջունում են հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 16-ից հարաբերական անդորրը։ Համանախագահները կոչ են անում կողմերին օգտվել ակտիվ ռազմական գործողությունների ներկայիս նվազմամբ լուրջ առարկայական բանակցություններին նախապատրաստվելու համար հակամարտության համապարփակ լուծումը գտնելու նպատակով։ Համանախագահները կրկին ընդգծում են, որ այս դժվարին շրջանում խիստ կարեւոր է զերծ մնալ սադրիչ հայտարարություններից եւ գործողություններից՝ ներառյալ քաղաքացիական հասարակությանը կամ խիստ կարեւոր ենթակառուցվածքին ուղղված սպառնալիքները կամ ենթադրյալ սպառնալիքները։
Համանախագահները նշում են, որ վերջին հրապարակավ հայտարարությունները, որոնք քննադատում են համանախագահող երկրների ջանքերը եւ /կամ ձգտում են միակողմանի կարգով հաստատել կարգավորման գործընթացի ձեւաչափի նոր «պայմաններ» կամ փոփոխություններ, չեն նպաստում կառուցողական երկխոսության վերականգնմանը։ Համանախագահները պնդում են, որ ամուր խաղաղ կարգավորման համար քաղաքական կամքը լավագույնս դրսեւորվում է մաքսիմալիստական դիրքորոշումներից զերծ մնալու, հրադադարը խստորեն պահպանելու եւ սադրիչ հայտարարություններ եւ գործողություններ չկատարելու մեջ»,-նշվում է հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ համանախագահներն ու PRCIO-ն երախտապարտ են միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ ԵՄ-ին ակտիվ մասնակցության համար, որոնց կոչերը հրադադարը պահպանելու եւ երկխոսությունը վերականգնելու հարցում աջակցում են համանախագահների ջանքերին։
«Համանախագահները պատրաստ են հանդիպել ղեկավարների կամ նրանց ներկայացուցիչների հետ ցանկացած ժամանակ։ Համանախագահները նաեւ ընդգծում են, որ ԵԱՀԿ դիտորդները պետք է վերադառնան տարածաշրջան հնարավորինս արագ»,-ասվում է հայտարարության մեջ։