17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ժամանակին Տավուշի հատվածում այսօրվա ԳՇ պետ գեներալ Գասպարյանի աշխատանքի շնորհիվ մենք շատ տեղերում հասել ենք առավելության». Սեյրան Օհանյան

«Իմ ղեկավարության ժամանակ ՀՀ-ում, Արցախում մշտապես դիրքերի բարելավում ենք իրականացրել»,- 168.am-ի հարցազրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Միջդիրքային տարածություններում, որտեղ հնարավորություն է եղել իշխող դիրքեր զբաղեցնելու, զբաղեցրել ենք, և դրանց միջոցով  մենք կարողացել ենք ճնշել, պարտադրել հակառակորդին: Այդպիսի բավականին մեծ աշխատանքներ կատարել ենք նախիջևանյան հատվածում, մասնավորապես, կարող եմ նշել  գեներալ-լեյտենանտ Մակարյանի ղեկավարության ժամանակ, երբ ինքը բանակային կորպուսի հրամանատար էր, բավականին մեծ ծավալով և բարձրությամբ դիրքերի ենք տիրապետել: Իմ ուշադրության կենտրոնում մշտապես եղել է նաև Տավուշի մարզը, քանի որ այն  ամենաշատ բնակավայրերն ունի, որոնք հակառակորդի կողմից ճնշման և կրակի տակ են եղել՝ շուրջ 26 բնակավայր:

Եվ Տավուշի մարզի բնակչության հետ շփվելով՝ ես հասկացել եմ, որ այդտեղ անհրաժեշտ է բարելավել մեր դիրքերը, որովհետև դեռևս 1992-ից մենք ունեցել ենք դիրքային այնպիսի դասավորություն, որ շատ ու շատ դիրքերից մեր բնակավայրերը ճնշվել են, մասնավորապես՝ Չինարին, Մովսեսը, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Բերքաբերը, Կոթին, Բարեկամավանը և այլ հատվածներ: Եվ մենք բոլոր տեղերում ձգտել ենք բավականին լուրջ աշխատանք իրականացնել: Դրանցից ես կարող եմ նշել, որ մենք կատարել ենք, դա Չինարի, Մովսես, Այգեպար, Բերքաբեր և Կոթի-Բարեկամավան հատվածներում է եղել: Եվ սա մեր հրամանատարներն արել են ոչ միայն իմ ցուցումներով, այլ  ԳՇ պետ գեներալ Խաչատուրովի, նաև, մասնավորապես,  այսօրվա ԳՇ պետ գեներալ Գասպարյանի աշխատանքի շնորհիվ մենք շատ տեղերում հասել ենք առավելության և կարողացել ենք ճնշել հակառակորդի դիրքերը (2010-2012թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, 2012թ.-ին նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով.- Մ.Պ)»:

Հարցին, թե այսօր նախիջևանյան, Տավուշի հատվածում  ինչ դիրքային առավելություններ ունենք, Սեյրան Օհանյանը շեշտեց՝ և՛ Տավուշի, և՛ Նախիջևանի հատվածում շատ տեղերում մենք դիրքային առավելություններ ունենք:

«Եվ գերիշխող դիրքում լինելով՝ մենք կարող ենք և՛ վերահսկել, և՛ անհրաժեշտության դեպքում ճնշել շատ ու շատ քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքներ»,- շարունակեց  նա:

Հակադարձմանը, որ մոտ 2 տարի առաջ խոսակցություններ էին գնում, թե Նախիջևանի հատվածում տարածքային կորուստ ունենք, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ինչի մասին խոսվում էր, իմ ժամանակահատվածում չի եղել, խոսքը Արենիի հատվածի մասին էր, ուստի այս հարցը կարող եք տալ այդ ժամանակվա բանակային կորպուսի և զինված ուժերի ղեկավարությանը: Ես խորությամբ չեմ տիրապետում, քանի որ տեղում չեմ եղել, ուստի չեմ կարող պնդումներ անել: Անձամբ չեմ դիտարկել,  չեմ տեսել»: 

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ