Ձեր վերաբերմունքն առնվազն հարգալից չէ իմ նկատմամբ. Մանուկյանը` վարչապետին
ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին խնդրեց ներկայացնել էներգետիկայի ոլորտում վարվող քաղաքականության տրամաբանությունը:
”Ասում էիք, որ կոռուպցիոն ռիսկերը կնվազեն, բացատրություններ կտրվեն, բացերը կշտկվեն: Ես ասել եմ, որ ձեր քաղաքականությունը բերելու է սպառողների քչացման: Այս տարվա արդյունքները ցույց են տալիս, որ սպառողները կրճատվել են, իսկ դա նշանակում է բեռի ավելացում”,- ասաց Ա. Մանուկյանը:
Պատգամավորը խոսեց նաև Նաիրիտ գործարանի մասին՝ նշելով, որ կառավարության որդեգրած քաղաքականութունը պարտքերը մարել մեկ այլ ընկերության պարքերով իր համար անհասկանալի են:
Արամ Մանուկյանի հարցին պատասխանեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նա ասաց, որ պատգամավորի կողմից բարձրացրած հարցերը բավական ծավալուն են, ուստի ինքը չի կարող դրանց պատասխանել երեք րոպեի ընթացքում:
”Այս ամիսների ընթացքում բավական ծավալուն աշխատանք է կատարվել կառավարության, էներգետիկայի նախարարության կողմից կապված կոռուպցիոն ռիսկերի նվազեցման դեմ, կապված կորուստների հետ: Այս մի քանի ամիսների ընթացքում մշակվում է միջոցառումների ծրագիր՝ ընդհանուր էներգետիկայի բնագավառում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հետ կապված, որոնք մոտ ապագայում կներկայացվեն ձեզ, հանրությանը”,- նշեց նախարարը:
Արամ Մանուկյանն էլ զայրացավ` հարցին պատասխանում է ոչ թե վարչապետը, այլ նախարարը: ”Ձեր վերաբերմունքն առնվազն հարգալից չէ իմ նկատմամբ: Ես ձեզ հարցնում եմ էներգետիկայի ոլորտում ձեր կողմից վարվող քաղաքականության մասին: Զախարյանը դրա հետ կապ չունի, ինչպես այն ժամանակ կապ չուներ Արմեն Մովսիսյանը: Կամ դուք քաղաքականություն իրականացնում եք կամ չեք իրականացնում: Այն հարցերը, որոնք ես ունեմ, էս մարդը չի կարող պատասխանել: Մեր առաջիկա հանրահավաքների հետ կապված այս հարցի պատասխանը կարևոր է”,-նկատեց նա:
Ե. Զախարյանն էլ ասաց, թե ինքը լիազորված է պատասխանել կառավարության կողմից, ապա նշեց, որ պատգամավորի հնչեցրած հարցերին հնարավոր չէ պատասխանել երեք րոպեների ընթացքում: Նախարարը առաջարկեց հարցերին պատասխանել գրավոր: