Ադրբեջանցիները շատ լուրջ նախապատրաստվում են ռևանշի․ Արման Աբովյան
Մի քիչ շուտ չհանգստացա՞նք, հը՞ն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մինչեւ հայկական քաղաքական դաշտը կամաց- կամաց վերադառնում է ներքաղաքական օրակարգ` իր կռիվ-դավիով, իրար միս ուտելով եւ հակառակ կարծիքներ չլսելու մոլուցքով, տարածաշրջանում, իսկ ավելի հստակ թուրք-ադրբեջանական ուղղությամբ զարգանում են շատ լուրջ իրադարձություններ, որոնք, ըստ իս, կրում են նոր ռազմական սադրանքների իրականացման համար դիվանագիտական եւ ռազմական լուրջ նախապատրաստական աշխատանքներ։
Վերջին շաբաթվա ընթացքում թուրքերի եւ ադրբեջանցիների ռազմական գերատեսչությունների միջեւ տեղի են ունենում գերհագեցած բանակցություններ, օրինակ` Նախիջեւանում տեղակայված ադրբեջանական զորքերի բարձրաստիճան հրամանատարական անձնակազմի ներկայացուցիչները շտապ գործուղվել են Թուրքիա` բանակցությունների:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարում է, որ պատրաստ են շտապ ռազմական սպառազինությամբ օգնել Ադրբեջանին։ Դրան զուգահեռ համարյա չկա ոչ մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա, որը չընդգծի, որ թուրքերը պատրաստ են շտապ աջակցել ադրբեջանցի իրենց «եղբայրներին»։
Արդեն մամուլում պտտվում են տեղեկություններ, որ թուրքերը հրատապ հարվածային ԱԹՍ-ներ են մատակարարում ադրբեջանցիներին եւ Սիրիայում գործող նեոթուրքական գրոհայիններին հավաքագրում են ադրբեջանցիների կողմից կռվելու համար։
Զուգահեռ ադրբեջանական կողմը սկսել է շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել նաեւ դիվանագիտական ճակատում, օրինակ` Ալիեւի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմետ Հաջիեւը հայտարարում է, որ իրենք չափազանց դժգոհ են Մինսկի խմբի ԵԱՀԿ համանախագահներից եւ պահանջում են ընդլայնված Մինսկի խմբի անդամների ժողով (իսկ չմոռանանք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես անդամ նաեւ Թուրքիան է ներկայացված), փաստացի ապալեգիտիմացնելով արցախյան հիմնախնդրի շուրջ ձեւավորված բանակցային համակարգը։
Զուգահեռ շատ ակտիվ փորձում են պրեսինգի ենթարկել վրացիներին` փաստացի շինծու մեղադրանքներով փորձելով կաշկանդել վերջիններին` քաղաքական մանեւրելուց ակնկալող սրացումների ընթացքում։
Մի խոսքով, ադրբեջանցիները շատ լուրջ նախապատրաստվում են ռեւանշի Տավուշում կրած խայտառակության դիմաց։
Իհարկե, թե՛ «ծիրանային պատերազմը», թե՛ մնացած ազերիների կողմից հրահրած տեղեկատվական դիվերսիաները հետապնդում են շատ պարզ նպատակ` նախապատրաստվել հերթական լարվածությանը։
Սա շատ պարզ եւ ակնհայտ փաստ է, այդ իսկ պատճառով պետք է դուրս գալ ներքին գզվրտոցից եւ ոչ պակաս ակտիվ պատրաստվել։ Ընդ որում` բոլոր ուղղություներով. սկսած ռազմական ուղղությունից եւ վերջացրած` դիվանագիտական ճակատով։
Ժողովո՛ւրդ ջան,ախր շատ շուտ թուլացանք, է՛…շատ շուտ:
ՀԳ. Հուլիսի 21 ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:
Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաեւ ծուղակում մնացած զինծառայողներ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
ՀՀՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստափանյան
ՀԳ 2. Իհարկե, եթե սրանք կրկին գնան սրացման, ապա կրկին կստանան մռութներին, սակայն մենք պետք է առավելագույն բարենպաստ պայմաններում գտնվենք դրանց հերթական սադրանքի ժամանակ»: