06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Վատ միտք չէ, բայց էլի թարս կողմից են սկսել. եթե շենքում փակ դուռ կա, ո՞վ է այդ վերելակի համար վճարելու՝ այդ բնակչի փոխարեն». Ռուսլան Բաղդասարյան

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրվել  «Վերելակային տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Հայեցակարգով նախատեսվում է ստեղծել «Կուտակային վերելակային ավանդ». նախագծի հակիրճ բնութագրում նշվում է, որ բազմաբնակարան շենքերի բնակիչներից վերելակները որպես գույքի նոր տեսակի պահպանման, օգտագործման և ծառայության ժամկետը սպառվելու դեպքում նոր վերելակով փոխարինման համար գանձվող պարտադիր վճարման ենթակա գումարները «Կուտակային վերելակային ավանդ»-ի ներդրման պայմաններում, դրանց կառավարման շնորհիվ ստացված եկամուտների հետ միասին, այլևս ծառայելու են իրենց հիմնական նպատակին և միաժամանակ համալրելու են պետական բյուջեն, չեն ենթարկվելու կոռուպցիոն ռիսկերի, չեն փոշիանալու և երաշխավորված հետ են վերադարձվելու բնակիչներին արդեն գույքի վերածված նոր վերելակների տեսքով:

 «Ազգաբնակչությունն իր միջոցների հաշվին ապահովում է ինքնաֆինանսավորվող, ինքնածախսածածկվող և ինքնավերարտադրվող կայացած վերելակային տնտեսություն, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանը և տեղական ինքնակառավարման մարմինները պետական բյուջեից, կամ իրենց բյուջեից տարեկան հսկայական ծավալների հասնող լրացուցիչ ֆինանսական ծախսեր չեն կատարի վերելակների պահպանման համար, և տնտեսված ֆինանսական միջոցները պետության կողմից կուղղվեն տնտեսության այլ ոլորտների զարգացմանն ու կարիքները հոգալու»,- ասված է հայեցակարգի մեջ:

«Կուտակային վերելակային ավանդ»-ի ներդրումը նաև վերելակների շահագործման հետ կապված տեխնածին վթարների, դժբախտ դեպքերի և պատահարների նվազեցում, կանխարգելում և բացառում է ենթադրում՝ ըստ դրա հեղինակների:

Նախագիծը ներկայացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Ըստ նախագծի՝ նորով փոխարինված ցանկացած վերելակի շահագործման հանձնման օրվանից դադարեցվում է պետական բյուջեից տվյալ վերելակի ֆինանսավորումը: Այդ պահից սկսում է գործել պետական բյուջե ֆինանսական միջոցները հետ վերադարձնելու գործընթացը, յուրաքանչյուր վերելակի համար բաժանորդների կողմից պարտադիր վճարման ենթակա գումարների՝ ամեն ամիս կատարվող դրամական փոխանցումների հիման վրա ձևավորված «Կուտակային վերելակային ավանդ»-ը:

«Կուտակային վերելակային ավանդ»-ը տնօրինելու է պետությունը: Ավանդի կառավարչի կազմավորման, գործունեության և գործառույթների հետ կապված հարաբերությունները «Կուտակային վերելակային ավանդ»-ի ներդրման հետ իրականացվում և կարգավորվում են ՀՀ կառավարության հետ կնքված պայմանագրի հիման վրա։ «Կուտակային վերելակային ավանդ»-ի կառավարչի պետական գրանցումն ու լիցենզավորումն իրականացնում է Կենտրոնական բանկը, իսկ վերելակների օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանությունը և վճարի հաշվարկումը կատարելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Պարտադիր վճարման ենթակա գումարի հաշվարկն իրականացվելու է հայեցակարգով նախատեսված երկու բաղադրիչներով`  վերելակի էլեկտրաէներգիայի ծախսի և վերելակի շուկայական գնի հիման վրա:

Նախագծում ներկայացված են նաև «էլեկտրաէներգաարժեք»-ի և «վերելակարժեք»-ի հաշվարկման օրինակները՝

«Էլեկտրաէներգաարժեք» – «Պայմանականորեն ընդունում ենք, որ մեկ մուտք ունեցող մեկ շենքի բնակիչների թիվը կազմում է 200 անձ, և շենքում տեղադրված է մեկ վերելակ, որը մեկ ամսում սպառել է 706 կվտ էլեկտրաէներգիա, մեկ կվտ էլեկտրաէներգիայի միջինացված սակագինը 42,5 դրամ է, մեկ ամսվա համար ծախսված էլեկտրաէներգիայի գումարը կազմում է 30,0 հազար դրամ, մեկ բնակչի կողմից վերելակից օգտվելու համար մեկ ամսվա սպառած էլեկտրաէներգիայի գումարի չափը կկազմի 150 դրամ: Մեկ մուտք ունեցող մեկ շենքում երկու վերելակի առկայության դեպքում այդ գումարը կկազմի 300 դրամ»:

«Վերելակարժեք» – «Պայմանականորեն ընդունում ենք, որ մեկ մուտք ունեցող մեկ շենքի բնակիչների թիվը կազմում է 200 անձ, և շենքում տեղադրված էր ծառայության ժամկետը սպառած մեկ վերելակ, որը փոխարինվել է 25 տարվա նշանակված ծառայության ժամկետ ունեցող նոր վերելակով, որի շուկայական արժեքը կազմում է 4,0 միլիոն դրամ,  մեկ բնակչի կողմից  վերելակից օգտվելու համար մեկ ամսվա համար վերելակի արժեքի չափաբաժինը կկազմի 66,7 դրամ, իսկ 10,0 միլիոն դրամ շուկայական արժեքով վերելակի համար` 166,7 դրամ: Մեկ մուտք ունեցող մեկ շենքում երկու վերելակի առկայության դեպքում այդ գումարները համապատասխանաբար կկազմեն 133,4 դրամ և 333,4 դրամ»։

Այսինքն, 4 մլն դրամ արժողությամբ վերելակի համար պարտադիր վճարման ենթակա գումարն ամսական կկազմի 216,7 դրամ, 10 մլն դրամ արժեքով վերելակի համար՝ 316,7 դրամ։ Սակայն, բնակիչների կողմից պարտադիր վճարման ենթակա գումարի վերջնական արժեքը որոշվում է հաշվարկված միջին «Էլեկտրաէներգաարժեք»-ի և «Վերելակարժեք»-ի հանրագումարին ավելացնելով 10 % չնախատեսված ծախսեր, վերելակ շահագործող անձանց պահպանման ծախսերի և մասնագիտացված ՓՄՁ կազմակերպությունների պայմանագրային հիմունքներով վերելակների մշտական ընթացիկ սպասարկման նորոգման աշխատանքների կատարման` մատուցված ծառայությունների դիմաց վճարման համար ծախսերի ապահովման նպատակով:

Ըստ վերջնական պայմանական հաշվարկի՝ 10% ավելացումից հետո 4 մլն դրամ շուկայական արժեքով վերելակի համար պարտադիր ամսավճարը կազմում է 237,3 դրամ, իսկ 10 մլն դրամ արժեքով վերելակի համար՝ 348,3 դրամ:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ տարածքում հանրապետության բնակչության մոտ կեսը բնակվում են բազմաբնակարան բնակելի շենքերում: Բազմաբնակարան շենքերի մոտ 90%-ը կառուցվել է մինչև 1990 թվականը, այսինքն՝ դրանցում տեղադրված վերելակների տարիքն արդեն իսկ գերազանցում է 30 տարին, որոշներինը՝ նույնիսկ 50 տարին, մինչդեռ վերելակներ արտադրող կազմակերպությունների կողմից նշանակված ծառայության ժամկետ է սահմանված 25 տարին:

ԱԻՆ պաշտոնական տվյալների համաձայն` 2006-2019 թվականների ընթացքում տեղի է ունեցել բազմաբնակարան բնակելի շենքերում շահագործվող վերելակների վթարների 21 դեպք՝ 9 մարդկային զոհերով, 20 մարմնական վնասվածքներով:

«Դժբախտ դեպքերը, որոնք տեղի են ունենում վերելակներում, որոնք անմիջապես կապված չեն տեխնիկական անվտանգության փորձաքննության որակի հետ, հետևանքն են վերելակային տնտեսության բարձիթողի և անմխիթար վիճակի, ինչպես նաև կապված են բաժանորդների և հաճախորդների կողմից անվտանգության կանոնների խախտման, դրանց չիմացության, սխալ շահագործման հետ՝ հաշվի առնելով նաև վերելակների տարիքը»,- նշված է նախագծում:

Վերելակային տնտեսության մեջ «Տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման մասին» հայեցակարգի ընդունումը սահմանված է որպես ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող 2020 թվականի միջոցառում:

Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին 168.am-ը խնդրեց մեկնաբանել ԱԻՆ-ի ներկայացրած հայեցակարգը՝ որքանո՞վ է արդարացված, կաշխատի՞, թե՞ ոչ գաղափարը, կբարելավվի՞ սույն նախագծով վերելակային տնտությունն արդյոք, և ի՞նչ թերություններ է արձանագրել ինքը:

«Վատ միտք չէ, բայց էլի թարս կողմից են սկսել»,- զրույցի սկզբում ասաց Ռուսլան Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ այս հայեցակարգով սկզբնական գումարը ժողովուրդը չի տալու, բայց հետագայում իր վճարած վարձերից պիտի կոմպենսացնի ամբողջ ծախսը, ու հաշվարկը տարվում է այնպես, որ քաղաքացիները 25 տարի վճարելուց հետո նորից կարողանան վերելակը փոխել:

«Եթե լավ կազմակերպեն աշխատանքները, «Կուտակային վերելակային ավանդ»-ը արդյունավետ կգործի, բայց այստեղ խնդիրը՝ «Համատիրությունների մասին» օրենքը չփոխելով, համատիրությունները չկայացնելով՝ ուզում են վերելակային տնտեսություն կայացնեն»,- ասաց քաղաքային տնտեսությունից քաջատեղյակ Ռուսլան Բաղդասարյանը՝ հավելելով, որ վերելակը, հորը, շենքի տանիքը, նկուղը մի մարմին են, և այդ մարմինը ճիշտ ֆունկցիոնալ պատրաստվածության համար բերելը հնարավոր չի լինելու առանց համատիրությունների ճիշտ աշխատանքի, որովհետև եթե շենքը փլվելու եղավ, վերելակը չեն կարող լավ սպասարկել:

Նրա խոսքով՝ ցանկացած հաջող գաղափար կյանքի կկոչվի, սակայն կունենա սոսկ ժամանակավոր հաջողություն, եթե չբարելավվի մյուս ինստիտուտների աշխատանքը:

«Իրենք ուզում են կետային լուծումներ տան, բայց դա ելք չէ, ինչպես, օրինակ՝  այսօր վերելակի հետ խնդիր կա, պետք է վերելակը փոխել: Ոչ, համատիրությունները պետք է կայացնել: Այս հայեցակարգին կարելի էր անդրադառնալ համատիրությունների կոնտեքստում»,- ասաց Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը:

Խոսելով հայեցակարգի բացերի մասին՝ Ռուսլան Բաղդասարյանն ասաց, որ խնդրի լուծումը հայեցակարգի հեղինակներն ուզում են կապել, այսպես կոչված, մարդահամարի հետ. այս շենքում՝ այսքան բնակիչ:

«Իսկ եթե շենքում փակ դուռ կա՞… Ո՞վ է վճարելու նրա փոխարեն: Մեթոդաբանությունը քաղաքացիների քանակի հաշվարկով է նախանշված, բայց մենք ունենք չբնակեցված բնակարաններ: Իրենց տրամաբանությամբ՝ իրենք կասեն՝ դե, որ չեն օգտագործում, թող չվճարեն: Իսկ եթե 2 տարի չեն բնակվում, երրորդ տարին գալիս-ապրում են, չորրորդ տարում կրկին չեն ապրում, նորից գնում են, ի՞նչ է լինելու»,- նախագծի հեղինակներին հարց է ուղղում նա:

Իր անձնական մոտեցումն այն է, որ, եթե որևէ շենքում վերելակ է փոխվում, բնակարաններն արժևորվում են, գները թանկանում են, և մեթոդաբանությունը մշակելիս պետք է հաշվի առնվեր ոչ թե մարդկանց քանակը, այլ բնակարանը. քանի քառակուսի մակերես որ բնակարանն ունի, այդքան էլ պետք է վճարել վերելակի համար:

«Մարդ կա՝ ունի 4 բնակարան: Ինքը բնակվում է մեկում, մնացած 3-ը դատարկ են: Ինքը վճարում է մեկի համար, բայց չէ՞ որ այն 3 բնակարանների գինն արդեն իսկ ինքնաբերաբար թանկանում է, որովհետև շենքում նոր վերելակ է տեղադրված: Ուրեմն թող բարի լինի մյուս 3 բնակարանների համար էլ վճարել»,- ասաց Ռուսլան Բաղդասարյանը:

Բացի դրանից, ըստ Ռուսլան Բաղդասարյանի՝ մարդկանց քանակով հաշվարկի դեպքում մեծ է կոռուպցիոն ռիսկը, և եթե բնակարանում 8 անձ կա, սակայն հաշվառողը գրանցում է 5, ո՞վ կամ ինչպե՞ս է դա վերահսկելու:

«Իսկ այսպես բնակարանի վկայականը կա, բազա մուտք եղավ, վերջ: Բացի դրանից, իրենք ուզում են վերելակների պարտադիր վճար սահմանել, ինչը չի աշխատելու: Մանավանդ այդքան մեծ գումարներ, իսկ գումարը բավականին մեծ է լինելու, չեն կարողանալու հավաքագրել: Եթե հիմա 100 քմ-ի համար մի բնակարանը վճարում է 500-600 դրամ, կվճարի 2000-3000»,- զգուշացնում է Դավիթաշենի նախկին համայնքապետը:

Վերջինս կարծում է, որ պետք է սահմանվի համատիրության վճարի՝ օրենքով սահմանված տուրք, ճիշտ հաշվարկվի՝ ըստ քմ-երի, որպեսզի քաղաքացիները պարտադրված լինեն վճարել:

«Այդ տուրքի մեջ ընդհանուր գումար պետք է սահմանված լինի, բայց արդեն այս հայեցակարգով՝ վերելակների մասով պետք է առանձին կետ լինի: Օրինակ, եթե վերելակը փոխեցին, վերելակն ունի իր հորը, որն ավարտվում է շենքի տանիքում, ու անձրևի դեպքում եթե ջուրը գա, լցվի ու վնասի հորը, շարժիչը փչանա, վերելակը չի աշխատելու»,- ասաց Ռուսլան Բաղդասարյանը՝ շեշտելով, որ այդ սահմանվող տուրքն էլ պետք է կարգավորվի «Համատիրությունների մասին» օրենքով:

Ըստ նրա՝ այդ տուրքը պետք է ներառի շենքի պահպանման ողջ ծախսերը, այդ թվում՝ նաև վերելակի համար ծախսը, որի համար պետք է կազմվի պայմանագիր, և արդեն ԱԻՆ-ի կողմից հավատարմագրված ընկերությունը պետք է սպասարկի վերելակները:

«Իհարկե, պիտի վերելակները փոխվեն, իհարկե, պիտի վերելակի արժեքը թանկանա, բայց, ինչպես միշտ, գաղափարը լավն է, իսկ գործիքակազմը՝ թերի»,- եզրափակեց Ռուսլան Բաղդասարյանը:

Գոհար Սավզյան

168.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ