Քննարկվել են ՀՀ կառավարության եւ “Մայքրոսոֆթ” ընկերության միջեւ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է “Մայքրոսոֆթ” ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի նոր շուկաների գլխավոր մենեջեր Փիլար Թորեսին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: “Այն զարգացման մեծ ներուժ ունի եւ համարվում է ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկը”,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է “Մայքրոսոֆթ”-ի հետ համագործակցությունը շարունակելու եւ ընդլայնելու գործում: Հաշվի առնելով երկկողմ համագործակցության հաջող փորձը՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է քննարկել նոր ուղղություններով երկարաժամկետ համագործակցության եւ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր հեռանկարային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Մասնավորապես, կառավարության ղեկավարն անդրադարձել է “Մայքրոսոֆթ” ինովացիոն կենտրոնի հենքի վրա “Մայքրոսոֆթ Վենչուրս”աքսելերատոր ստեղծելու եւ մոբայլ լուծումների/մշակումների կենտրոն հիմնելու հնարավորություններին:
Փիլար Թորեսը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ ուղղված ՏՏ բնագավառի զարգացման ծրագրերի իրականացմանը եւ վստահություն հայտնել երկկողմ համագործակցության ընդլայնման հարցում: Տիկին Թորեսն իր հերթին կարեւորել է փոխգործակցությունը մտավոր սեփականության, քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ կիբեռհանցագործությունների դեմ պայքարում:
Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության եւ “Մայքրոսոֆթ” ընկերության միջեւ փոխըմբռնման նոր հուշագրի ստորագրմանն առնչվող հարցեր: