26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Իսրայելի պառլամենտում և կառավարությունում շատ հարգարժան գործիչներ կան, ովքեր լավ ճանաչում են Հայաստանը». Արտակ Զաքարյան

ՀՀ  Պաշտպանության նախկին փոխնախարար  Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Իսրայելական քաղաքական գործիչ, կնեսետի պատգամավոր, Իսրայելի նախկին պաշտպանության նախարար, «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը հերթական անգամ հանդես է եկել իր պրոադրբեջանական ընդգծված դիրքորոշմամբ: Ադրբեջանական haqqin.az-ին տրված հացրազրույցում վերջինս նշել է, որ Հայաստանն իրականացնում է բռնության էսկալացիա: Իրեն համարելով ղարաբաղյան հակամարտության գիտակ, Լիբերմանը նշում է, որ առաջին անգամ չէ, որ Հայաստանն իբրև թե հրահրում է սահմանային լարվածություններ ու ռազմական ագրեսիա: Սա իհարկե նոն սենս է, բայց ոչ Լիբերմանի պարագայում:
 
Հայաստանի և Իսրայելի քաղաքական շրջանակներում, բոլորին լավ հայտնի է, որ Ավիգդոր Լիբերմանը իր գործունեության ողջ ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի քաղաքական շահերի բացահայտ պաշտպանի դերում՝ խեղաթյուրելով հակամարտության ամբողջ պատկերն ու իրականությունը: Ես ցավում եմ, որ Իսրայելի պետության քաղաքական շրջանակներում, բազմաթիվ պարկեշտ և բարեխիղճ քաղաքական գործիչների կողքին, կա նաև ռազմա-քաղաքական իրականությունը կեղծող քաղաքական գործիչ, ով առիթը բաց չի թողնում հայ-ադրբեջանական հակամարտության կրակի վրա իր բաժին յուղն ավելացնելու համար:
 
Վստահ եմ, որ Լիբերմանը լավ իրազեկված է Հարավային Կովկասում տիրող իրավիճակից, սակայն շարունակում եմ ափսոսալ, որ այնուամենայնիվ համարձակություն չի ցուցաբերում խոսել իրականությունից: Խոսել այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը սպառնում, վնասում և սպանում նաև Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչներին, ինչպես են Բաքվում ու Սումգայիթում ադրբեջանցիների կողմից մորթվել հայկական ընտանիքներ, ինչպես են իր հիշատակած 2016թ. մարտական գործողությունների ժամանակ ադբեջանական զինվորների կողմից դաժանաբար սպանվել տարեց հայ մարդիկ, հրետակոծությունից ինչպես են զոհվել հայ դպրոցական երեխաներ: Այս ամենի վրա աչք փակող և Ադրբեջանին որպես ագրեսիայի զոհ ներկայացնող պարոն Լիբերմանն իր անկեղծության մեջ հավատ չի կարող ներշնչել:
 
Հայերի և հրեաների պատմությունն ընդհանրություններ շատ ունեն, և ցավոք այդ ընդհանրություններում մեծ են դժբախտությունները, տառապանքներն ու ցավալի հիշողությունները: Հրեաները Հայաստանում, պատմական բոլոր ժամանակներում ընդգծված հարգանք են վայելել: Այսօր էլ իրենց պետականությունը վերականգնած Հայաստանն ու Իսրայելը շարունակում են պայքարել անվտանգ և խաղաղ ապրելու համար: Այս պայքարի ճանապարհին իհարկե կան նաև քաղաքական տարբեր շահեր, բայց դա չպետք է թույլ տա որևէ հայ կամ հրեա գործչի՝ կեղծել իրականությունը և անձնական շահերն առաջ տանել:
 
Իսրայելի պառլամենտում և կառավարությունում շատ հարգարժան գործիչներ կան, ովքեր լավ ճանաչում են Հայաստանը, շահագրգիռ են հարաբերությունների զարգացմամբ և այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում: Ես վատ բան չեմ տեսնում նրանում, որ Ավիգդոր Լիբերմանը շատ է սիրում Ադրբեջանը, բայց դա թող անի առանց Հայաստանի մասին կեղծ տեղեկություններ տարածելու»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ