23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանին և Թուրքիային չդատապարտելը նույնն է, թե ոչինչ չանել խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ. Ազատ Դեմոկրատներ

Խաղաղ բնակչությանը հրետակոծող Ադրբեջանին եւ վերջինիս աջակից Թուրքիային չդատապարտելը նույնն է, թե ոչինչ չասել եւ որեւէ գործուն քայլ չձեռնարկել տարածաշրջանի առանց այն էլ փխրուն խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:

Հայտարարությունում ասվում է. «Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի զինուժի կողմից սանձազերծված սադրիչ գործողությունների մաշտաբներն արդեն որերորդ օրն է ընդարձակվում են՝ թե՛ ռազմական եւ թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից:

Ակնհայտ է, որ այս ողջ ընթացքում ադրբեջանական ռազմական գործողություններին գործուն եւ անմիջական հանցավոր աջակցություն է ցուցաբերում Թուրքիան: Մասնավորապես դրա վկայությունն է Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ արտգործնախարարի ագրեսիվ հայտարարությունները, Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն առ այն, որ իրենք կլինեն Ադրբեջանի զինուժի կողքին եւ կգործեն  «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի համաձայն», Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատարի հուլիսի 16-ի այցը Թուրքիա եւ հանդիպումը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ, իսկ  Ադրբեջանը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային ահաբեկչական հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմակայանի հրթիռակոծությամբ:

Այս ցցուն փաստերի առկայության պարագայում առնվազն անթույլատրելի է ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահող պետությունների կողմից գործուն քայլերի բացակայությունն ու լռությունը նույն Մինսկի խմբի անդամ հանդիսացող Թուրքիայի ժամ առ ժամ աճող ագրեսիվ եւ ակնհայտ ռազմատենչ միջամտությանը եւ Ադրբեջանին ցուցաբերած գործուն աջակցությանը, որոնք հանգեցնում են ադրբեջանական ռազմական ագրեսիայի աճին ուղղված նաեւ Հայաստանի խաղաղ բնակչության, բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ, ինչի արդյունքում արդեն իսկ ունենք վիրավոր քաղաքացիական բնակչության շրջանում,  24-ից ավելի ավերված տներ, հրետակոծված մանկապարտեզ:  

Անթույլատրելի է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ՀԱՊԿ ղեկավարության կրավորական եւ ոչ հասցեական հայտարարությունները, որը ոչ թե կանխարգելիչ, այլ ընդհակառակը՝ նպաստավոր պայմաններ է ստեղծում Թուրքիայի եւ Ադրբեջանի համար ժամ առ ժամ ավելացնելու իրենց  ագրեսիվ ռազմական գործողությունները Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ: Բախումները սադրող, խաղաղ բնակչությանը հրետակոծող Ադրբեջանին, եւ վերջինիս հանցավոր աջակից ու լարվածությունը թեժացնող Թուրքիային չդատապարտելը նույնն է, թե ոչինչ չասել եւ որեւէ գործուն քայլ չձեռնարկել տարածաշրջանի առանց այն  էլ փխրուն խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ:

Կոչ ենք անում տարածաշրջանի կայունությամբ եւ խաղաղությամբ շահագրգիռ միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին եւ ՄԽ համանախագահներին, Երոպական Միությանը, ՀԱՊԿ-ին ժամ առաջ գործուն քայլեր ձեռնարկել կանխելու ադրբեջանաթուրքական ակնհայտ ագրեսիան ՀՀ խաղաղ բնակչության նկատմամբ:

Ակնհայտ է, որ այս իրավիճակը հայ-ադրբեջանական ռազմական գործողություններից ժամ առ ժամ վերածվում է խորը եւ բազմաշերտ աշխարհաքաղաքական գործընթացի, որը հղի է ողջ տարածաշրջանի ապակայունացման եւ նոր թեժ օջախի առաջացման վտանգով:   

Հարկ ենք համարում շեշտել, որ ադրբեջանական ագրեսիան մինչ օրս բացառապես զսպվում է ՀՀ Զինված Ուժերի պրոֆեսիոնալ եւ անձնուրաց գործողությունների շնորհիվ: Փա՛ռք ու պատի՛վ հանուն մեր սահմանների պաշտպանության եւ խաղաղության համար զոհված հերոսներին, վիրավորներին, մեր սահմանների խաղաղությունն ու անվտանգությունն ապահովող զինվորներին եւ մեր սահմանապահ ու խաղաղասեր ժողովրդին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ