Սա մեր բանակի լավագույն մարտական ստորաբաժանումներից մեկն է. Ավետիք Չալաբյան
Այս շաբաթ Տավուշի սահմանագծում ընթացող մարտական գործողություններում իրենց լավագույն կողմից դրսեւորեց ՀՀ Բանակային 3-րդ կորպուսը։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա մեր բանակի լավագույն մարտական ստորաբաժանումներից մեկն է, որը երկար տարիների ընթացքում անառիկ է պահել մեր պետական սահմանը, շարունակաբար ամրապնդել է դիրքերը եւ դիրքապահ ստորաբաժանումների մարտական պատրաստությունը, եւ իր հետեւողական աշխատանքով, հնարավոր է դարձրել այն արդյունքը, որին մենք բոլորս ականատես եղանք այս շաբաթվա ընթացքում։
Մենք հիմնականում հիշում ենք մեր զինվորականներին միայն երբ թշնամին մոտենում է մեր սահմանին։ Եթե մենք ցանկանում ենք, որ թշնամին երբեք չմոտենա մեր սահմանին, մենք պետք է գնահատենք ու արժեւորենք մեր զինվորականներին, եւ պատրաստ լինենք նրանց աջակցել ոչ միան կռվի օրերին, այլ նաեւ խաղաղ ժամանակ, ոչ միայն հաղթանակի դեպքում, այլեւ կորուստների, քանի որ պատերազմում երկուսն էլ պատահում է։
Ես ցանկանում եմ այսօր շնորհակալություն հայտնել մեր Բանակային 3-րդ կորպուսի ղեկավարությանը, բոլոր հրամանատարներին եւ զինվորներին՝ մեր երկրի սահմանները անառիկ պահելու համար։ Հատուկ ցանկանում եմ արժեւորել կորպուսի հրամանար գեներալ Գրիգորի Խաչատուրովին, եւ ներկայումս Գլխավոր շտաբի պետ, իսկ նախկինում նույն կորպուսի երկարամյա հրամանատար գեներալ Օնիկ Գասպարյանին, որոնց հետեւողական ջանքերով այսօր մենք ունենք այդ հզոր մարտական ստորաբաժանումը, եւ ի դեմս իրենց՝ բոլոր հրամանատարներին ու զինվորներին, որոնց սխրանքով այսօր բոլորս կարող ենք հպարտանալ։
Կեցցե մեր Բանակը, կեցցեն մեր հրամանատարները եւ զինվորները, եւ կեցցե մեր ազգը, որն այդպիսի որդիներ է տվել»: