23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Խնդիրը քաղաքական ժամանակի և վճարվող գնի մեջ է». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արտաքին քաղաքականության մեջ, մեր իշխանությունների կաշկանդվածությունը, ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակում, վատ ազդեցություն կարող է ունենալ դիվանագիտական ու քաղաքական հարթակներում: Փոխարենը պետք է փորձենք բոլոր կողմերից շարունակենք ուղղություն ցույց տալ, աջակցել մեր կարողություններով, խորհուրդներ տալ, կարծիք հայտնել, որը հնարավոր է օգտակար ու կարևոր լինել:

Կրկին անգամ պնդում եմ, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն անհրաժեշտ է վերադարձնել բանակցային օրակարգ՝ ընդգծված կարևորությամբ: Ադրբեջանին պետք է միջազգային հստակ մեսիջներ գնան. «…չի կարելի մի ձեռքով կրակել, իսկ մյուս ձեռքով գործի դնել բանակցային խաղաղ գործընթացը»: Այս իրավիճակում ամբողջ տարածաշրջանի ապագան է վտանգի տակ: Իսկ Ադրբեջանի նոր արտգործնախարարը՝ նաև նոր հնարավորություն պետք է դիտարկել:

Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում անհրաժեշտ է լիարժեք օգտագործել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետությունների ռեսուրսները: Ադրբեջանի հետ, ամբողջ սահմանի երկայնքով սահմանային միջադեպերի՝ տիեզերքից վերահսկման և ադրբեջանական ռազմական շարժի զոնդաժի գործիքակազմը՝ տավուշյան դեպքերից հետո, կարգավորման գործընթացի համար կարող է դառնալ միջազգային երաշխիք: Այս հնարավորությունները պետք է քննարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության անդամ պետությունների հետ:

Միաժամանակ անհրաժեշտ է արդյունավետ դարձնել ՀԱՊԿ դերակատարությունը: ՀԱՊԿ-ի շրջանակներում կնքված համաձայնագրերը, ինչպես նաև Հայ-ռուսական երկկողմ ռազմա-քաղաքական մի շարք համաձայնագրերի շրջանակներում հրապարակային հայտարարությունները կարող են զսպող հանգամանք հանդիսանալ Հայաստանի հետ սահմանային գոտում ադրբեջանական ռազմական ագրեսիայի դեմ:

Հայկական զինուժն իր մարտական խնդիրները փայլուն է կատարում, և վստահ եմ, ամենաբարդ իրավիճակում էլ հայկական պաշտպանական կարողություններն անսպառ են: Սակայն քաղաքական և դիվանագիտական գործիքակազմն ամբողջ ծավալով գործի դնել է պետք:

Ադրբեջանի սանձազերծած այս ագրեսիաները էականորեն վնաս են հասցնում նաև ԵԱՏՄ տարածաշրջանային շահերին: Հետևաբար ԵԱՏՄ հարթակը ևս կարևոր գործոն կարող է դիտվել իրավիճակի կայունացման համար: ԵԱՏՄ ընդլայնման ծրագրերը և որդեգրված քաղաքականությունը կարիք ունի զսպելու տարածաշրջանն ապակայունացնող ադրբեջանական ավանտյուրաները:

Թուրքիայի անթաքույց ակտիվությունը և տարածաշրջանում հնարավոր քաղաքական միջամտությունները պետք է զսպվի՝ հաշվի առնելով նախիջևանյան ուղղությունը: Ակտիվ աշխատանքներ պետք է իրականացվեն նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի դերակատարությունը և տարածաշրջանային շահերը հիմնականում համահունչ են մեր լոկալ և ռեգիոնալ շահերին:

Ամբողջ թափով պետք է գործի դրվեն խորհրդարանական և միջխորհրդարանական հարթակներում գործող կապերը: Մենք մեր ունեցած հնարավորությունները և նախկինից մնացած հարաբերությունները ամբողջ ծավալով կիրառում ենք և շարունակելու ենք կիրառել: Անհրաժեշտ է բոլոր քաղաքական ուժերի աշխատանքներն այս ուղղությամբ կոորդինացնել: Մեզ պետք են տարբեր երկրների խորհրդարանների, կամ նրա առանձին մարմինների հստակ և միանշանակ դատապարտող հայտարարությունները:

Ադրբեջանը միևնույն է չի հաջողելու, մենք դրական արդյունքով ենք դուրս գալու այս իրավիճակից: Խնդիրը քաղաքական ժամանակի և վճարվող գնի մեջ է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ