17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ի՞նչ սպասել ՀԱՊԿ-ից, Մինսկի խմբից, երբ Փաշինյանի տպավորությամբ, ադրբեջանցիները «ՈւԱԶ»-ի հետեւից էին եկել». Էդուարդ Շարմազանով

«Մինչ ՀԱՊԿ-ի սպասվող արձագանքը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքը, ինձ այսօր շոկի մեջ գցեց Նիկոլ Փաշինյանի արձագանքը: Եվ, կարծում եմ, ոչ միայն ինձ, այլ շատերին, ովքեր ուղիղ եթերով հետեւում էին կառավարության նիստին:

Ես չհասկացա`գիտակցվա՞ծ էր, չգիտակցվա՞ծ, բայց երկու տարբերակն էլ խնդրահարույց է մեզ համար, երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարին հարց է տալիս՝ թե իր մոտ տպավորություն ստեղծվեց՝ կարո՞ղ է «ՈւԱԶ»-ի հետեւից էին եկել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱՊԿ հայաստանյան խորհրդարանական պատվիրակության նախկին ղեկավար Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, երեկ, օրվա տարբեր ժամերին, ադրբեջանական զինված ուժերը հրետակոծել եւ գնդակոծել են Հայաստանի սահմանները Տավուշի մարզի հատվածում, ինչը շարունակվել է նաեւ այսօր առավոտյան: Օրվա ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կատարվածի առիթով հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Օրվա ընթացքում տեղեկություն տարածվեց, որ ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ է կայանալու` կատարվածի առիթով, սակայն, ավելի ուշ, հայտնի դարձավ, որ նիստը հետաձգվել է՝ անորոշ ժամանակով: Հիշեցնենք նաեւ, որ առավոտյան, կառավարության արտահերթ նիստում, հայկական սահմանների նկատմամբ ոտնձգություններին անդրադարձել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի անդրադարձը, մասնավորապես, պաշտպանության նախարարին ուղղած հարցադրումը՝ տպավորություն էր, որ ադրբեջանական կողմը երկրորդ անգամ վերադարձել է՝ կեսօրին հայկական դիրքերում թողած «ՈւԱԶ»-ի հետեւից, միանշանակ չի ընկալվել: «Այսինքն, ինչպե՞ս եղավ, կիրթ Ալիեւը կարո՞ղ էր կրակել մեզ վրա, իրենք «ՈւԱԶ»-ի ետեւից էին եկել, մերո՞նք են կրակել»,- Նիկոլ Փաշինյանի տպավորությունից այսպիսի տպավորություն է ստացել Էդուարդ Շարմազանովը:

«Եթե մեր երկրի վարչապետը հստակ չի դատապարտում, իր մոտ տպավորություններ են ստեղծվում, ինքը տպավորություններով է առաջնորդվում, այլ ոչ թե իր հետախուզության, պաշտպանության բանակի, գլխավոր շտաբի, ԱԱԾ-ի, զինվորների եւ սպաների տվյալներով եւ ասում է՝ կարո՞ղ է «ՈւԱԶ»-ի ետեւից էին եկել, հիմնական խնդիրը սա է: Ինչ վերաբերում է միջազգային հանրության, այդ թվում ՀԱՊԿ-ից սպասվող արձագանքին, միանշանակ՝ պետք է դատապարտեն: Բայց, որքանո՞վ միջազգային հանրությունը կդատապարտի, եթե մեր երկրի վարչապետն է կամ ու կացի մեջ, տպավորություններով արտահայտվում՝ այ սա հարց է»:

Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է, որ 2015-ին՝ նույն Տավուշի մարզի Չինարի գյուղի ռմբակոծության ժամանակ, այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան շատ հստակ արձագանքեց`Ադրբեջանի գործողությունները սադրանք անվանելով: Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ այն ժամանակ, ի տարբերություն երեկվա, ադրբեջանական ԶՈւ-երը ծանր հրետանի դուրս չէին բերել:

«Հիմա քանի որ Նիկոլն ասել է՝ նոր գծից է սկսել եւ հասել է դրական հանգրվանի, հարաբերությունները փայլուն են, իր դեմ էլ խաղ չկա, Հայաստանը հպարտ քաղաքականություն է վարում, հիմա ոչ թե սադրանք պետք է անվանեն, այլ ավելի զիլ դատապարտող հայտարարություն պետք է անի ՀԱՊԿ-ը: Եթե չարեցին, ուրեմն, մեր ԱԳՆ-ն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, զբաղված է անգործությամբ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով. «Տեսնենք, ՀՀ իշխանություններն այդքան հեղինակություն ունե՞ն, որ ՀԱՊԿ իրենց գործընկերները դատապարտեն, թե՞ ՀԱՊԿ-ը, Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Նիկոլ Փաշինյանի նման կասեն՝ դե, մենք էլ տպավորություն ունեինք, կարո՞ղ է «ՈւԱԶ»-ի ետեւից էին գալիս կիրթ ադրբեջանցիները»: Ադրբեջանի գործողությունները ԱԺ նախկին փոխխոսնակը միանշանակ սադրիչ եւ անթույլատրելի է որակում, բաց իր համար նույնչափ անընդունելի են ՀՀ իշխանությունների, մասնավորապես, վարչապետ Փաշինյանի եւ նրա շրջապատի «սուտի խաղաղասիրական կոչերը» կամ «տպավորություններով ադրբեջանական գործողությունները արդարացնելու փորձերը»:

Երեկ, Էդուարդ Շարմազանովը առաջարկել էր նաեւ, որ այսօր կայանալիք արտահերթ նիստում ՀՀ Ազգային ժողովը հայտարարության տեքստ ընդունի երեկվա դեպքերի առնչությամբ. «Մինչ այս պահը խորհրդարանը նման տեքստ չի նախատեսել, ինչը շատ տխուր է»: Հիշեցնում է՝ 2016-ի ապրիլյան քառօրյայի սկզբի օրերին, ինքը, իբրեւ ԱԺ փոխխոսնակ եւ ՀԱՊԿ խորհրդարանական պատվիրակության ղեկավար, հեռախոսազրույց էր ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Սերգեյ Նառիշկինի հետ, ինչի արդյունքում նույնպես դատապարտումներ հնչեցին, մինչդեռ խորհրդարանն այսօր անգործություն է դրսեւորում:

«Ոչ մեկի «աչքերը Հայաստանի համար չեն ուռել», գնահատականները տրվում են, երբ Հայաստանի իշխանություններն աներկբա պաշտպանում են Հայաստանի շահը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

aravot.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ