«Հավաքներից վախը, հավաքներն արգելելը այս իշխանության, Նիկոլիզմի թիվ մեկ իդեա-ֆիքսն է». Մարգարիտ Եսայան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արտակարգ դրության ևս մեկ երկարաձգման մասին արդեն խոսվում է, չեմ կասկածում՝ կերկարաձգեն… Եվ պատճառը ևս ակնհայտ է՝ մարդկանց ազատ տեղաշարժվելու, հավաքներ, հանրահավաքներ անցկացնելու իրավունքը սահմանափակելը այլևս այս իշխանության մտասևեռումն է, մարդիկ պիտի չհավաքվեն, մարդիկ պիտի հավաքներ չանեն և հանրահավաքներ չանեն… Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա ժողովրդավարություն, չկա մարդու իրավունք, չկա հավաքներ անցկացնելու իրավունք, չկա Սահմանադրություն։ Հավաքներից վախը, հավաքներն արգելելը այս իշխանության, Նիկոլիզմի թիվ մեկ իդեա-ֆիքսն է… Վախը մարդկանցից, վախը հավաքված մարդկանցից, վախը՝ հանրահավաքներից նիկոլիզմի համար դարձել է դիագնոզ… Հակառակ դեպքում ինչպես բացատրենք մեր երկրում Քովիդի այս հաղթարշավի պայմաններում ստեղծված ողբերգականորեն ծիծաղելի «սահմանափակումները»։
Քովիդի դեմ պայքարի միջոց նշվում է, նույն Նիկոլի կողմից՝ դիմակի կրում, սոցիալական հեռավորություն և ձեռքերի հաճախակի ախտահանում… Բայց, սա նույնպես չի օգնում, մեր երկիրը առաջատար է և վարակվածների և մահերի ցուցակներում, առաջին տասնյակում ենք, և իզուր է լինելու արտակարգ դրության ժամկետների երկարաձգումները, առողջապահական իմաստով՝ իզուր,որովհետև կյանքը և փողոցներում և այգիներում և ամենուր հոսում է։ Իսկ քաղաքական իմաստով , այո, արտակարգի հերթական երկարաձգումը, ըստ Նիկոլի, արդարացված է, նիկոլիզմն իրեն այդպես ավելի ապահով է զգում…
Չի փրկելու, օրեցօր ահագնանում է մարդկանց դժգոհությունը, այն այլևս նախկինի պես խուլ դժգոհություն չէ, մարդիկ այլևս բարձր ձայնով և հուժկու են բողոքում…
Պետությունը Քովիդի հետ մարդկանց թողել է մեն-միայնակ…
Աշխատատեղերը փակվում են իրար հետևից, 40 տոկոսից ավելի գործազրկություն, աշխատատեղերի նոր կրճատումների հետևանքով… Մարդիկ գումար չունեն ամենակենցաղային, ամենասովորական կարիքների համար, մասնավոր սեկտորը ճռռում է վարկերի տալ, անաշխատ այս օրերի մեջ փոքր և միջի բիզնեսը խելագարվում է։ Նաև խոշոր բիզնեսը սարսափելի կորուստներ ունի, գործարարները երբեք մեր երկրում այսքան մոլորված և անօգնական չեն եղել, պետական ապարատը նրանց ոչ միայն չի աջակցում, այլև՝ վարկային և հարկային արձակուրդների մասին իսպառ մոռացել է, հարկահավաքները իրենց հարկերն են «քերում» գործարարներից, մեծ ու միջին բիզնեսից, իսկ բնակչության առավել աղքատ խավը հայտնվել է չքավորության մեջ․․․
Եվ այս ամբողջ պատկերը այլևս ֆանտաստիկայի ժանրից չէ, այս ամբողջն այլևս ռեալ իրականություն է…
Եվ մարդկանց զայրույթը ավելի ու ավելի է սրվում, երբ փոխանակ ելքեր ու լուծումներ լսեն երկրի վարչապետից, պետական այրերից, առավոտից-իրիկուն փչացած սկավառակի պես մեկ բան է հնչում՝ դիմակ-դիմակ-դիմակ…
Այո, չեմ կասկածում, այս կառավարությունը արտակարգը ևս մեկ անգամ կերկարաձգի, բայց դա ևս չի փրկելու նիկոլիզմին, քանի որ մարդիկ այլևս անկարող են զսպել իրենց զայրույթը, բողոքը և ընդվզումը… Եվ դա կլինի շատ վտանգավոր, անկանխատեսելի, սա թավշիստների վերջը կլինի, որովհետև ՀՀ քաղաքացին երբեք չի եղել այսքան անտեսված և այսքան անպաշտպան ու, ցավալին այն է, որ իր իսկ ձեռքով իշխանության բերված ուժն է ՀՀ քաղաքացուն այսպես անտեսում և արհամարհում, ուստի՝ պատիժը լինելու է համարժեք…
Որքան էլ արտակարգը ձգես, արտակարգ հեռացումիցդ չես խուսափելու, իշխանությանդ վախճանը ևս լինելու է արտակարգ…
Հ․Գ․ Չեմ ուզում հրապարակել բոլոր այն նամակները, որ այս օրերին ես ստանում եմ ՖԲ-ով, մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում, օրվա հացի գումար են խնդրում, դեղերի գումար… Եվ այդ նամակները անանուն չեն, կոնկրետ մարդիկ են, դաժան և հուսահատ կյանքով ապրող, և նրանք այլևս մեծամասնություն են դառնում… »: