«Փաշինյանի հռչակած Հայաստանի արտաքին քաղաքական այցեքարտը՝ «ժողովրդավարությունը» , մանկամիտ և վտանգավոր բարբաջանք է». Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռուսաստանյան սահմանադրական հանրաքվեի շուրջ քննարկումների պակաս չկա: Այս իրադարձությունը հայտնվել է միջազգային լրատվական և քաղաքական քննարկումների կենտրոնում հասկանլի պատճառներով:
Աշխարհի գերտերություններից մեկի ներքին քաղաքական զարգացումները անխուսափելիորեն դառնում եմ արտաքին քաղաքական օրակարգի հարց: Ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ գալիք նախագահական ընտրությունները կամ Չինաստանի Կումունիստական կուսակցության համագումարները:
Բոլոր կանխատեսումները վկայում են այն մասին, որ պանդեմիկ և հետպանդեմիկ աշխարհում նոր թափով է շարունակվում գլոբալ քաղաքական ազդեցության համար պայքարը տարբեր ուժային կենտրոնների միջև:
Տրամաբանական է, որ մրցակցի ներքաղաքական անցուդարձը նույնպես դիտվում է որպես այդ ազդեցության ընդլայնման կամ սահմանափակման գործոն:
Այս տեսակետից Պուտինյան Ռուսաստանը իրոք դարձել է լրջագույն աշխարահաղաքական դերակատար, որի ազդեցությունը չի սահմանափակվում միայն հետխորհրդային տարածքի երկրներով, այլ վաղուց շոշափելի է դարձել Վենեսուելայից մինչև Սիրիա, Լիբիայից մինչև Կորեա, Արկտիկայից՝ Անտարկտիդա:
21-րդ դարի իրողություններից մեկն այն է, որ աշխարհաքաղաքականությունը, որի վախճանը գուժում էին լիբերալ քաղաքագետները, ոչ միայն ողջ է, այլև առավել տեսանելի է դարձել, որպես համաշխարհային մենամարտերի շարժիչ ուժ: Բոլոր կողմերը կարող են և օգատգործում են հազար ու մի այլ ուղենիշային հիմնավորումներ՝ արդարություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, ինքնություն և այլն:
Սակայն աներկբա է, որ կոնկրետ կողմի օգտագործվող բառամթերքը և հիմնավորումները հիմնականում բացառիկ շղարշներ են սեփական գեոպոլիտիկ շահերը առաջ մղելու համար:
21-րդ դարը առավել ռացիոնալ քաղաքականության և պրագմատիկ շահերի դար է, որտեղ գերտերությունների շարքին չդասվող որևէ պետություն, այդ թվում՝ Հայաստանը, հաջողություն կարող է ունենալ միայն խելացի քաղաքականություն վարելու դեպքում (smart power):
Փաշինյանի հռչակած Հայաստանի արտաքին քաղաքական այցեքարտը՝ «ժողովրդավարությունը» , մանկամիտ և վտանգավոր բարբաջանք է մի աշխարհում, որտեղ արժանապատիվ վերապրելու իրավունք կունենան միայն ուժեղ և/կամ խելացի պետությունները:
Թեման ավարտեմ կրկին Ռուսաստանի սահմանադրական հանրաքվեի օրինակով: Հայաստանի Հանրայինի եթերում աղմկահարույց բանախոսի ֆոնին այսօր Ադրբեջանի նախագահը զանգել և շնորհավորել է Վլադիմիր Պուտինին հանրաքվեի հաջող արդյունքի համար:
Հիմա հարց: Կոնկրետ այդ հարցով ո՞ր երկիրը մի քիչ ավելի առաջ տարավ իր շահերը և ո՞ր երկիրը՝ կորցրեց…»: