Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը ՍԴ-ում՝ հավերժ առկախված․ 168.am
168.am-ը գրում է․ «Եվ այսպես, հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը պետք է վերսկսեր Ռոբերտ Քոչարյանի կասեցված գործի քննությունը, և քանի որ Վենետիկի հանձնաժողովից ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) ստացվել են խորհրդատվական կարծիքներ, արդեն հապաղելու խնդիր չկա:
Չնայած Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հետ վերցրեցին իրենց դիմումը, բայց այնտեղ ևս մեկ դիմում կա՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը, որով վերջինս խնդրում էր քննել 300.1 հոդվածի սահմանադրականությունը:
Ու այս պարագայում, թեպետ դիմումները միացվել էին, դա չի ենթադրում Երկրորդ նախագահի պաշտպանական թիմի հետկանչի պարագայում ինքնաբերաբար ուժը կորցրած կճանաչվի նաև Դավիթ Գրիգորյանի դիմումը:
Եվ ուրեմն, գործը կարծես թե պետք է քննվի: Բայց կա մի բայց… 1996-ից այս կողմ առաջին անգամ, օրերս, քվորում չլինելու պատճառով տապալվեց ՍԴ-ի աշխատակարգային նիստը, և սահմանադրական ճգնաժամը հիմա արդեն մտավ դատարան: Հարց է, թե ինչպես կարող է լուծվել քվորման հարցը հուլիսի 7-ին:
Ակնհայտ է, որ քաղաքական իշխանություններն անթաքույց ուզում են ձեռնտու, իրենց համար քվեարկող մեծամասնություն ունենալ ՍԴ-ում, և այս վանդալիզմի իրար հաջորդող ակտերը՝ Բարձր դատարանի նկատմամբ, հենց այդ նպատակով էլ արվում են:
Ավելի ակնհայտ է այն, որ այդ մեծամասնությունն առաջին հերթին նրանց պետք է Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ժամանակ, բայց… էլի կա մի բայց:
Խնդիրն այն է, որ իշխանության, այսպես ասած՝ սրտի ՍԴ դատավորները չեն կարող մասնակցել այդ գործի քննությանը: Նախ, նոր ընտրված դատավորները չեն կարող հին վարույթներում ներգրավվել, և բացի այդ էլ՝ ովքե՞ր կլինեն այդ նորերը, և արդյո՞ք նրանք կկարողանան քննել Ռոբերտ Քոչարյանի գործը:
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը, ում անունը, ըստ ԶԼՄ հրապարակումների, նույնպես կա ՍԴ դատավորի թեկնածուների թվում, ասել է, որ իրեն հետաքրքիր չէ դատական համակարգը, բայց թե որքանով է նա անկեղծ՝ կտեսնենք առաջիկայում, երբ կհաստատվի նրա թեկնածությունը:
Արդարադատության մյուս նախկին նախարար Արտակ Զեյնալյանն առհասարակ պաշտոնաթողությունից հետո բավականին քչախոս է, և այս անգամ էլ 168.am-ին չհաջողվեց կապ հաստատել վերջինիս հետ՝ մեկնաբանություն ստանալու համար այս տեղեկատվության վերաբերյալ:
Շրջանառվող մյուս թեկնածու Կարեն Անդրեասյանը նույնպես չպատասխանեց մեր հարցերին, թեպետ պարզ է, որ ՍԴ դատավոր դառնալուց հետո Կարեն Անդրեասյանը երբեք չի կարող քննել Ռոբերտ Քոչարյանի գործը, քանի որ նա այդ թեմայով կանխակալ վերաբերմունք ունի ու բազմիցս խոսել է այդ մասին:
Նույն պատճառով չեն կարող այդ գործին մասնակից լինել իշխանական ցանկալի թեկնածուներ Գագիկ Ջհանգիրյանը, Տիգրան Եգորյանը, թեպետ վերջինս ՍԴ դատավոր դառնալու համար նաև տարիքային շեմը հաղթահարելու խնդիր ունի, ինչպես նաև իրեն ՍԴ նախագահ հռչակած, երկրորդ փորձից ՍԴ դատավոր վերջապես դարձած, մի տարի չաշխատած, բայց փող ստացած Վահե Գրիգորյանը:
Հետաքրքիր է, կա՞ իշխանական թիմում իրավաբան, ով այս գործի վերաբերյալ կողմնակալ կարծիք չի արտահայտել:
Եվ ուրեմն, փնտրվում է հրաշալի հնգյակը…