Կորոնավիրուսի բուժման նպատակով կիրառվում են Հիդրօքսիքլորոքվին, Լոպինավիր/Ռիտոնավիր դեղամիջոցները, ինչը մտահոգիչ է. հայտարարություն
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բուժման համար կատարվող փորձարկումների դեղամիջոցների ցանկից հանել է հիդրօքսիքլորոքվին (Plaquenil) դեղամիջոցը, սակայն ապրիլի 28-ին ՀՀ առողջապահության նախարարի կողմից տրված հրամանի համաձայն Հայաստանում կիրառվում են ԱՀԿ կլինիկական փորձարկումներ անցնող այս դեղամիջոցները, ինչը առաջացնում է օբյեկտիվ մտահոգություններ: Հայտարարությունը կարդացեք ստորև:
««Մարտի 18-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գործընկերների հետ միասին հայտարարություն տարածեց այն մասին, որ կլինիկական փորձարկումներ է սկսում, որոնց ընթացքում կորոնավիրուսով հիվանդ պացիենտներն անցնելու էին չորս չփորձարկված մեթոդով բուժում:
Փորձարկման մեջ ներառված էին նաև Լոպինավիր/Ռիտոնավիր (Ritonavir+Lopinavir), հիդրօքսիքլորոքվին (Plaquenil) դեղամիջոցները՝ կորոնավիրուսով հիվանդների համար արդյունավետ բուժման միջոց գտնելու նպատակով։ Այս դեղամիջոցների կիրառումը կորոնավիրուսով հիվանդների դեպքում պետք է կատարվեր կլինիկական փորձարկմանը մասնակցող հիվանդանոցներում։
Չափահասության տարիքի հասած կորոնավիրուսով հիվանդները կարող են մասնակցել փորձարկմանը, սակայն պետք է համապատասխան փաստաթուղթ ստորագրեն, որի համաձայն իրենք գիտակցում են հնարավոր ռիսկերն, առավելությունները և համաձայն են մասնակցել փորձարկմանը:Ռիսկի գործոնը կարևոր նշանակություն ունի, քանի որ մի շարք մասնագետներ պնդում են, որ հիդրօքսիքլորոքվին (Plaquenil) դեղամիջոցն առաջացնում է սիրտ-անոթային խնդիրներ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել մահվան։ Մայիսին ԱՀԿ-ն հանեց հիդրօքսիքլորոքվին (Plaquenil) դեղամիջոցը փորձարկվող դեղամիջոցների շարքից՝ պայմանավորված անվտանգության նորմերով, ինչպես նաև ի հայտ եկած փաստերով, որոնց համաձայն դեղամիջոցը սրտի առիթմիա է առաջացնում, որն էլ հանգեցնում է ավելի շատ մահվան դեպքերի, ապա նորից վերականգնեց, բայց հունիսի 17-ին հիդրօքսիքլորոքվին (Plaquenil) դեղամիջոցը վերջնական հանվեց փորձարկվող դեղերի ցանկից։
Հաշվի առնելով այն փաստը, որ կորոնավիրուսի բուժման համար ապրիլի 28-ին ՀՀ Առողջապահության նախարարի կողմից տրված հրամանի համաձայն Հայաստանում
կիրառվում են ԱՀԿ կլինիկական փորձարկումներ անցնող այս դեղամիջոցները՝ առաջանում են օբյեկտիվ մտահոգություններ․
Արդյոք կորոնավիրուսով հիվանդներն, ում տրվել է ԱՀԿ-ի կողմից փորձարկվող դեղամիջոցները, պատշաճ կարգով տեղեկացված են եղել, որ մասնակցում են ԱՀԿ կլինիկական փորձարկմանը, արդյոք իրազեկված են եղել հնարավոր ռիսկերի և հետևանքների մասին։
Հայաստանում կորոնավիրուսից մահացած և կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած 433 և 143 անձանց նկատմամբ արդյոք կիրառվել են այս փորձարկվող դեղամիջոցներն, եթե այո, ապա առաջանում է ողջամիտ կասկած առ այն, որ գուցե հենց դրանց կիրառումը կարող էր հանգեցնել մահվան՝ հաշվի առնելով, որ գրեթե բոլոր մահացածներն ունեցել են խրոնիկական հիվանդություններ, իսկ վերոնշյալ դեղամիջոցների օգտագործումն, ըստ մասնագետների, բարձր ռիսկայնություն ունի խրոնիկական հիվանդություններ ունեցողների դեպքում։
Եթե վերոնշյալ դեղամիջոցները ՀՀ Առողջապահության նախարարի կողմից ստորագրված հրամանի համաձայն չեն կիրառվել ԱՀԿ կլինիկական փորձարկման շրջանակներում, ապա ի՞նչ հիմքով է Արսեն Թորոսյանը հրահանգել օգտագործել ռիսկային համարվող և արդյունավետության մասով ապացույցներ չունեցող դեղամիջոցներ։
Արդյոք ԱՀԿ-ի կողմից հիդրօքսիքլորոքվին (Plaquenil) դեղամիջոցը մայիսին, ապա հետո հունիսի 17-ին կլինիկական փորձարկումներից հանվելուց հետո Հայաստանում շարունակվել է կիրառվել, թե՝ ոչ։
Միևնույն ժամանակ, «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը դիմում է բոլոր այն անձանց, ովքեր բուժում են ստացել կորոնավիրուսի դեմ, ում ընտանիքի անդամները մահացել են կորոնավիրուսից, արդյոք նրանք տեղյա՞կ են եղել, թե ինչ դեղամիջոցներով է կատարվել բուժումը, ստորագրե՞լ են որևէ փաստաթուղթ, որով համաձայնություն են տվել դեղամիջոցի փորձարկմանը մասնակցելուն։
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 043 20 52 63 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին»։