23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Յուրաքանչյուր որոշում պատահական իշխանության պատահական որոշում է. Էլինար Վարդանյան

Ազգային Ժողովի արտահերթ նիստում իշխանությունները կփորձեն ուղղել այն սխալները, որոնք թույլ տվեցին նախորդ շաբաթ՝ Սահմանադրության պահանջների ակնհայտ խախտմամբ փոփոխություններ կատարելու ժամանակ։

Սրանով իշխանությունն արձանագրում է երկրում ստեղծված իրավիճակի անլրջությունը, կառավարման փնթիությունը։

Նախ Սահմանադրության խախտմամբ անում են վիճարկելի փոփոխություններ, այնուհետև նախագահին, նրա լուռ համաձայնությամբ և աջակցությամբ, զրկում են փոփոխությունները ստորագրելու իրավազորությունից, իսկ հետո պարզվում է, որ ՍԴ փոփոխությունները չեն կարող գործել, քանի որ չեն արվել ՍԴ մասին օրենքի փոփոխություններ։ Հենց այնպես, ի միջի այլոց, իշխանությունները ԱԺ նախագահի շուրթերով հրապարակայնացնում են, որ այս սխեմաները իրենց հուշել է գործող նախագահ Արմեն Սարգսյանը։ Սա պատահականություն չէր, ոչ էլ բարոյական հարթություն։ Սա լավ հաշվարկված, միտումնավոր քայլ էր՝ միասին կատարած հանցագործության փիլիսոփայության շրջանակներում։ Վաղը, երբ կքննվի սահմանադրական կարգի տապալման այս գործը, սույն հայտարարությունը կարող է դառնալ իրեղեն ապացույց։

Սրան զուգահեռ, վարչապետը մեկ երեկոյի ընթացքում Սահմանադրական Դատարանի վերաբերյալ իրար հետևից երեք գրառում է անում՝ ազդարարում է ժամը 00։01 ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցումը, շնորհավորում է ՍԴ նախագահի պաշտոնակատարին։ ԱԺ նախագահը ընդունում է նույն դատավորին դաձյալ շնորհավորում որպես ՍԴ նախագահի պաշտոնակատար։

Իսկ այսօր ԱԺ արտահերթ նիստ հրավիրելով փաստում են, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէր, և որ ՍԴ դատավորների լիազորությունների դադարման համար անհրաժեշտ էր Սահմանադրական Դատարանի մասին սահմանադրական օրենքի փոփոխություններ։

Սա մատնում է այսօրվա կառավարման որակի մանկապարտեզային լրջությունը, որտեղ վարչապետն ու Աժ նախագահը կենցաղային պատկերացումներով են առաջնորդվում իրենց քայլերում։

Սա իրականում վարչապետի իրավաբանական թիմի ձախողումն է, և նրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մինչև վերջ պատրաստ են ոտնահարել Սահմանադրությունը, օրենքները, իրավական համակարգը։ Վաղը այս նույն իրավաբանների թիմից ընտրելու են ՍԴ դատավորներ։ Չկա՞ր նրանց մեջ մեկը՝ ով կզուշացներ, որ Սահմանադրության, ինչպես նաև միջազգային պայմանագրերի ոչ բոլոր դրույթներն ունեն անմիջական գործողություն։ Որ եթե 2005թ. Սահմանադրության 6-րդ հոդվածում խոսվում էր Սահմանադրության անմիջական գործողության մասին, 2015թ. Սահմանադրության մեջ այդ կետը հանված է: Միայն 3-րդ հոդվածի 3-րդ մասն է խոսում այն մասին, որ «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:» Մնացած բոլոր դեպքերում, Սահմանադրությունը պետք է կոնկրետացվի օրենքներում: Իսկ այս դեպքում` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում։
Չկա՞ր մի իրավաբան, որը ԱԺ նախագահին մատնացույց կաներ այս ամենը մինչ ԱԺ նախագահի և ՍԴ դատավորի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն տարածելը։

Իհարկե, հասկանալի է, որ Սահամանադրական Դատարանը իմքայլականների համար դարձել էր «իդեա ֆիքս»։ Այնքան, որ ըստ տարածված լուրերի ԱԺ արտահերթ նիստին բերման էին ենթարկել կորոնավիրուսով վարակված պատգամավորներին։ Այս հարցը, վստահաբար պետք է դառնա քննության առարկա։
Այսօր էլ, կորոնավիրուսով վարակված այսքան հիվանդ ունեցող ԱԺ-ում նիստ հրավիրելը, մեղմ ասած, արկածախնդրություն է։

Մեր իշխանությունների յուրաքանչյուր հաջորդ քայլ ցույց է տալիս, որ այն չունի լրջության նվազագույն աստիճան։ Յուրաքանչյուր հաջորդ որոշում պատահական իշխանության պատահական որոշում է, որին արդեն նույնքան անլուրջ էլ վերաբերում է հանրությունը։ Սա է Հայաստանի օբյեկտիվ վիճակը։

 

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ