ԵԺԿ-ն ափսոսանք է հայտնում, որ հակառակ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի` իշխող մեծամասնությունն ընդունել է Սահմանադրության փոփոխությունները
Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին:
«ԵԺԿ-ն ցավում է, որ ի հեճուկս այն հանգամանքի, որ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ ներկայացված սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի առաջարկություններին, իշխող մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխությունների առաջարկին։
Մենք հույս ունենք, որ Հայաստանը, բարեփոխելով երկիրը, կսերտացնի Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը՝ ամրապնդելով օրենքի գերակայությունը, ժողովրդավարական չափանիշները և կպաշտպանի դատական իշխանության անկախությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ըստ այդ փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել հունիսի 26-ին, դադարում է ՍԴ երեք դատավորների՝ Հրանտ Նազարյանի , Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը, ինչպես նաև դադարում է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ՝ վիճարկելով սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը: