24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Մուլտի գրուպ”-ի անվտանգության աշխատակիցը սպանության համար չի պատժվել. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի. “Հարսնաքարում” վերջերս կատարված ողբերգական դեպքերից հետո, հասկանալի է, վերստին ակտիվ քննարկումներ ծավալվեցին այսպես կոչված թիկնապահների, թիկնազորի, անվտանգության ապահովման աշխատակիցների թեմայով։ Ու այդ քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ մինչ այս կատարված այլ միջադեպերի, որոնց ժամանակ թիկնապահները կամ “անվտանգության ծառայողները” սպառնացել էին մարդկանց կյանքին կամ մահվան, սպանության պատճառ դարձել։

Մի քանի թերթերում հիշատակվեց 2007 թվականի օգոստոսի 6-ի միջադեպը, երբ “Մուլտի գրուպի” անվտանգության երկու ծառայող նախ ֆիզիկական բռնություն էին գործադրել ռուս զինծառայող սպաների նկատմամբ։

Իսկ դրանից հետո “Մուլտի գրուպի” անվտանգության հիշյալ ծառայողներից մեկը ակոսափող հրացանից 5 անգամ կրակել էր նույն ռուս զինծառայողների ավտոմեքենայի վրա՝ սպանելով նրանցից Դմիտրի Երմոլովին, իր եղբոր աչքի առաջ։

Այս վերջին հրապարակումներին չափազանց նյարդային ու անհամարժեք արձագանքեց ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը նոր է անդամագրվել այդ կուսակցությանը։

Խնդիրն այն է, որ “Մուլտի գրուպի” սեփականատերը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է։ Բայց ի՞նչ է ասում ԲՀԿ խոսնակ Տ.Ուրիխանյանն ու ի՞նչ է ուզում հերքել։ Գուցե ա՞յն, որ ռուս զինծառայողին գնդակահարել է “Մուլտի գրուպի” անվտանգության ծառայողը։

Ահավասիկ, թերթերից մեկին Տ.Ուրիխանյանը հայտարարել է. “Ակնհայտ է, որ հայաստանյան իշխանական որոշ շրջանակների հանգիստ չի տալիս ԲՀԿ նախագահի բարձր վարկանիշը, ինչպես նաեւ հանրության շրջանում “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ունեցած վստահության մեծ ռեսուրսը։ Թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել 2007 թվականին, ի՞նչ հանգամանքներում է մահացել ռուս զինծառայողը, բոլորին է հայտնի, ինչպես նաեւ հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորից որեւէ մեկը դեպքի հետ որեւէ առնչություն չի ունեցել։

Ասեմ, որ մեզ հայտնի են գեբելսյան քարոզչամեքենայի թե պատվիրատուները, թե պատվերի իրականացման մեխանիզմները։ Ակնհայտ է, որ որոշ լրատվամիջոցներ փորձում են հորինված, կամ իրենց հայեցողությամբ սրբագրված ու իրականությանը չհամապատասխանող մանրամասներով լրացված որոշ դեպքեր կապել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան հետ”։

“Հանգիստ թողնենք “իշխանական որոշ շրջանակները”, ԲՀԿ “վստահության մեծ ռեսուրսը” եւ կուսակցության ղեկավարի “բարձր վարկանիշը”։

Մի կողմ դնենք նաեւ ԲՀԿ ներկայացուցիչ Տ.Ուրիխանյանի նշած “գեբելսյան քարոզչամեքենայի մեխանիզմները”, որոնք նա, ըստ երեւույթին, ոչ միայն ուսումնասիրել է, այլեւ դեմ չէ կիրառել։ Կենտրոնանանք կոնկրետ փաստերի վրա՝ ընդգծելով նույնքան կոնկրետ հարցեր։ Հընթացս, հատուկ ԲՀԿ խոսնակի համար հստակեցնենք, որ ռուս զինծառայողը սպանվել է, այլ ոչ թե մահացել է, ինչպես Տ.Ուրիխանյանը ներկայացնում է՝ լղոզելով իրականությունը։

Եվ այսպես. ԲՀԿ խոսնակը նշում է, թե բոլորը գիտեն՝ ինչ է եղել։ Բոլորը գուցեեւ գիտեն, իսկ ինքը, դատելով ասածից, անտեղյակ է։ Ի՞նչ է եղել Առինջ գյուղում օգոստոսի 6-ի չարաբաստիկ կեսգիշերին։ Հիշեցնենք, օգտվելով բացառապես պետական ատյանների պաշտոնական փաստաթղթերից։

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության 02.10.2007թ. տարածած հաղորդագրության, մասնավորապես տեղի է ունեցել հետեւյալը. “Պարզվել է, որ “Մուլտի գրուպ” կոնցեռնի անվտանգության ծառայության աշխատակիցներ Գ.Բալյանն ու Ա.Անդրեասյանը, Կոտայքի մարզի Առինջ գյուղում ծառայություն կատարելու ընթացքում, կեսգիշերին տարածքում գտնվելու պատճառը պարզելու նպատակով կանգնեցրել են ՎԱԶ-2101 մակնիշի 21 ԼԼ 884 պ/հ ավտոմեքենան, որի մեջ գտնվել են ՌԴ քաղաքացիներ, զինծառայող սպաներ Անատոլի Կռիլովը, Նիկոլայ Մարկովը, Մինգիյան Օլցոնովը, եղբայրներ Դիմիտրի եւ Դենիս Երմոլովները:

Բռնության գործադրմամբ ավտոմեքենայից դուրս են բերել Դենիս Երմոլովին եւ Անատոլի Կռիլովին, որի ընթացքում Գ.Բալյանը բռունցքներով հարվածներ է հասցրել Դ.Երմոլովին՝ նրան պատճառելով թեթեւ վնասվածք՝ առողջության կարճատեւ քայքայումով, իսկ Ա.Անդրեասյանը ծեծի է ենթարկել Անատոլի Կռիլովին:

Ավելի ուշ, երբ զինծառայողները նստել են ավտոմեքենան եւ փորձել հեռանալ, Ա.Անդրեասյանը կրակել է օդ, իսկ Գ.Բալյանը նրանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով իր մոտ գտնվող “Սայգա-ՄԿ” տեսակի 7.62 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրազենից հինգ անգամ կրակել է ավտոմեքենայի վրա: Գնդակներից մեկը դիպել է ավտոմեքենայի մեջ գտնվող Դիմիտրի Երմոլովին, ով ստացած մարմնական վնասվածքից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է»:

Հավելենք, որ “Մուլտի գրուպի” անվտանգության աշխատակիցներից կոնկրետ Գ.Բալյանին նախաքննության մարմինը մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է՝ դիտավորյալ սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով։

Ի դեպ, նկատենք, որ կոնկրետ այս քրեական գործի մասին համացանցում առկա հրապարակումները հենց գլխավոր դատախազության նշված հաղորդագրության վերաշարադրումներով էլ ավարտվում են։

Մինչդեռ, կարծում ենք, չափազանց հետաքրքիր է, թե ի՞նչ է կատարվել հետո, եւ ինչպիսի ֆանտաստիկ սրբագրումներ են արվել այս գործի մեջ։ Ինտերնետում մի փոքր փնտրտուքից հետո, “Դատական տեղեկատվական համակարգում” հաջողվեց գտնել նաեւ այս՝ ԿԴ/0027/01/08 գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր՝ Ն.Գալստյան) կողմից 2008թ. մարտի 18-ին կայացված դատավճիռը:

Նշենք մի քանի, մեղմ ասած, տարակուսելի հանգամանք։

Դատավճռում թեպետ վերստին նշվում է, որ ամբաստանյալներ Գ.Բալյանն ու Ա.Անդրեասյանը “Մուլտի գրուպի” անվտանգության աշխատակիցներ են եւ հերթափոխով շուրջօրյա ծառայություն են կատարել Կոտայքի մարզի Առինջ գյուղի թիվ 3 պահակակետում, բայց երկուսն էլ ընդգծված հիշատակվում են որպես “ֆիզիկապես վատառողջ” ու նաեւ՝ ոչ մի տեղ չաշխատող։ Ու ոչ մի տեղ չաշխատող, վատառողջ ամբաստանյալներից մեկը 500 հազար դրամ գրավ է մուծել։

Ամենից կարեւորը, պարզվում է, որ մինչեւ գործը գլխավոր դատախազության քննչական վարչությունից հասել է դատարան, Գ.Բալյանին ներկայացված մեղադրանքը դիտավորյալ սպանությունից վերաորակվել է… “անզգույշ սպանության”։

Զուգահեռաբար, դատախազության որակումը, որ նա կյանքից զրկելու նպատակով ու դիտավորությամբ է 5 անգամ կրակել ռուս զինծառայողների ավտոմեքենայի վրա, դատարանում արդեն ներկայացվել է որպես ավտոմեքենայի հետեւից 5 անգամ վերից վար արձակված անկանոն կրակոց։ Եվ դա՝ չնայած նրան, որ գրեթե բոլոր գնդակները հայտնաբերվել են մեքենայի տարբեր մասերում, իսկ մեկը՝ սպանվածի մարմնի մեջ։ Այսինքն՝ դատարանը “անզգույշ սպանության” (Քր. օր.-ի 109-րդ հոդված) հանգամանքներ է քննել, եթե ինչ-որ բան քննել է ընդհանրապես։

Այդքանից հետո պարզ բան է. “Մուլտի գրուպի” երկու աշխատակիցները դատապարտվել են՝ Գ.Բալյանը՝ 1 տարի 7 ամիս, Ա.Անդրեասյանը՝ 10 ամիս ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չկիրառելով։ Այլ կերպ ասած՝ “պայմանականով ազատ են արձակվել։

Ինչպե՞ս էր դա հնարավոր։ Իսկ մի՞թե պարզ չէ։

“Եվ հետո էլ որոշ մարդիկ, այդ թվում՝ Տ.Ուրիխանյանի կուսակիցներից, ինչ-որ հայտարարություններ են անում անպատժելիության մթնոլորտի ձեւավորման թեմայով”,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ