Մեր երկիրը հիբրիդային պատերազմի թեժ փուլում է․ Արթուր Դանիելյան
Մեր երկիրը գտնվում է հիբրիդային պատերազմի թեժ փուլում, մնում է քաղաքացիական պատերազմը, որից, ես հուսով եմ, մենք կկարողանանք խուսափել։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում «Կարգին տղերքի ու կարգին պետության մասին» խորագրով տեսաուղերձում ասել է «Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանը։
«Այդ քաղաքացիական պատերազմի գլխավոր գրավականը մեր իրավապահ համակարգի տոտալ բարոյազրկումն ու ոչնչացումն է։ Այո, Նիկոլ Փաշինյանի եւ օտարերկրյա գործակալական ցանցի շնորհիվ մեր ոստիկանությունը դարձել է չուլ, պոլի շոր։ Մտնում են հիվանդանոց, ոստիկանապետին մի կողմ են շպրտում եւ հաշվեհարդար տեսնում վկաների հետ։ Բայց ոստիկանությունն այս պետության հենասյունն է, թեկուզ եւ այս օկուպացիոն ռեժիմի հրահանգը կատարող։ Առողջ ուժերի նպատակը պետք է լինի այդ համակարգի պահպանումը։ Աստված չանի, որ Հայաստանում գա մի օր, որ համազգեստավորները չկատարեն վերադասի հրամանը, թեկուզ ապօրինի։ Իմ կարծիքով, ներկայիս փուլում շատ ավելի վտանգավոր կլինի, եթե նրանք սկսեն հրամանը չկատարել», ասել է Արթուր Դանիելյանը։
Ըստ Արթուր Դանիելյանի՝ իրենից լավ քչերը կպատկերացնեն, թե ինչ է նշանակում ոստիկանություն, որովհետեւ վերջին տարիներին, թերեւս, ոչ ոք իր չափ բերման չի ենթարկվել, ուժային գործողությամբ, ձեռնաշղթաներով եւ այլն․
«Իմ մեջքին միանգամից երեք հատուկջոկատայինի ծնկի ճնշում եմ զգացել, բայց ես խնդիր չունեմ այդ կապիտանի, մայորի հետ։ Ինչ է՝ մենք պետք է օգնե՞նք Նիկոլին կազմաքանդել իրավապահ համակարգը։ Ոչ», նշել է Ա․Դանիելյանը։
Վերադառնալով իր տեսաուղերձի կարգախոսին, «Ադեկվադ» միաբանության ղեկավարն ասել է, որ նրանք կարգին մարդիկ են, որոնք երեք խմբի են բաժանվում, առաջինը նվիրյալներն են, ինչպես արցախյան պատերազմում կռվածները, երկրորդում հայ հոգեւորականներն են, երրորդում համազգեստով մարդիկ, որոնց վրա պետք է հենվի պետությունը եւ առաջ ընթանա՝ անկախ, թե ովքեր են իշխանության մեջ։
Արթուր Դանիելյանը պատմել է, որ այսօր իրեն զանգահարել են ոստիկանության ներքին անվտանգության բաժնից եւ խնդրել այցելել, բացատրություն տալ մի դեպքի առթիվ։
«Մոտավորապես գիտեմ՝ ինչի մասին է խոսքը։ Ալեն Սիմոնյանի հետ ընդհարման հայտնի միջադեպից րոպեներ անց ինձ բերման ենթարկեցին, նախ փռեցին ասֆալտին, հետո տարան բաժին, այնտեղից էլ հիվանդանոց, քանի որ արյունահոսություն ունեի։ Քննությունը, ենթադրում եմ, հենց դրան է վերաբերվում։ Ենթադրում եմ՝ ինչ-որ օրենքի խախտում կլինի։ Ամբողջ այդ օպերացիան էր սադրանք, սա զուտ ինտուիտիվ։ Ես ընկերների հետ զբոսնում եմ, մոտենում եւ բարեւում է մի մարդ, որի հանդեպ իմ վերաբերմունքը բոլորին հայտնի է եւ նրա մոտենալը ընկերներս արդեն գնահատում են սադրանք։ Ես պատասխանում եմ համապատասխան ձեւով, ինչից հետո նա հարվածում է, շարունակությունը դուք գիտեք, հետո ասում են՝ քթիցդ արյուն է գալիս։ Բոլորիս ձեռնաշղթաներով տանում են բաժին, այնտեղ չեն հանում դրանք։ Ասում եմ շտապօգնություն է պետք, չեն կանչում, հետո հատակը ներկվում է իմ արյուով, ի վերջո կանչում են շտապօգնություն», պատմել է Արթուր Դանիելյանը