17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Երբ 2018թ. սողալով գնացին՝ կանգնեցին Փաշինյանի կողքին, իրենց թվաց, թե դրանով փրկվեցի՞ն». Մարգարիտ Եսայան

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ գործող իշխանությունը թիրախավորում է բոլորին, որովհետև վախեցած է:

«Այն ծրագիրը, որ դրված է Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած քաղաքական մեծամասնության առաջ, հակահայկական, հակաարցախյան, Հայաստանի և Արցախի անվտանգությանը լրջորեն վնասող ծրագիր է, ինչը մենք տեսնում ենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նախկին պատգամավորի խոսքով՝ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է լրագրողների և լրատվամիջոցների դերը, հասկանում է, որ չորրորդ իշխանությունն ուժ է.

 «Նա կարողանում է խցկվել լրատվական դաշտի տարբեր միջանցքներ, և ես երեկ ցավալիորեն տեսա, որ ԱԱԾ դիմաց տեղի ունեցած դեպքերից հետո, երբ ոստիկանական ուժերը լրագրողներին քաշքշում էին, և մեկ-երկու լրագրողներ՝ կոնկրետ լրատվամիջոցներից, գրեցին՝ դե, ի՞նչ է պատահել, որ, մի քիչ քաշքշել են, ինչի՞ եք իրար խառնվել, առաջ մեզ ավելի շատ էին քաշքշում: Սա նշանակում է, որ այդ ատելության, անհանդուրժողականության թույնը, որ Նիկոլ Փաշինյանը բերեց իր իշխանությամբ՝ ամբողջ հասարակությանը բաժանելով մերոնց և ձերոնց, սևերի և սպիտակների, ինքը դա կարողանում է նաև անել լրատվական դաշտում: ՀՀ-ում երբեք չի եղել, որ լրագրողների շահերը պաշտպանելու համար չկանգնեն բոլոր լրատվամիջոցները, ամբողջ դաշտը մշտապես կանգնել է այն լրագրողների կողքին, որոնց դեմ իշխանությունները կամ ուժ են կիրառել, կամ փորձել են բռնություն իրականացնել: Նույն Նիկոլ Փաշինյանի կողքին էին կանգնում: ՀՀ-ում երբևէ չի եղել դեպք, որ լրատվական դաշտը բաժանվի մերոնց և ձերոնց»:
 

Անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, Մարգարիտ Եսայանն ասաց, որ ակնհայտորեն Գագիկ Ծառուկյանը վաբանկ է գնում.

«Ես, անկեղծ ասած՝ զարմացած եմ, չէի սպասում, որովհետև ինքն ունի հսկայական կայսրություն, հսկայական հարստության տեր է, որը կորցնելը ճակատագրական պետք է լինի իր համար: Ես զարմացած եմ Գագիկ Ծառուկյանի դուխի վրա, որ կանգնեց և ասաց, դա ինձ համար հարգանքի արժանի դիրքորոշում է, բայց մյուս կողմից էլ՝ չեմ կարողանում ներել Գագիկ Ծառուկյանին զուտ նրա համար, որ 2018թ. իշխանափոխության ժամանակ գնաց և կանգնեց Փաշինյանի կողքին: Որևէ քաղաքական ուժի, որոնք այս օրերին կանգնեցին Փաշինյանի կողքին և դավաճանեցին իրենց երբեմնի կոալիցիոն գործընկերոջը, իրենց տարիների գործընկերոջը՝ ՀՀԿ-ին, և սողալով գնացին կանգնեցին Փաշինյանի կողքին, իրենց թվաց, թե դրանով փրկվեցի՞ն, բայց ես 2 տարի առաջ՝ ապրիլի 27-ին, ասել եմ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կրակի վրա որևէ ճաշ չի կարող եփվել, որևէ վստահություն ինքը չի կարող ներշնչել»:

Նա նշեց, որ, եթե Գագիկ Ծառուկյանն իսկապես հասկանում է, որ կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի, ինքը միայն ուրախ է դրա համար.

«Այսօր ես լսում եմ հայտարարություններ ԲՀԿ մեր գործընկերներից, որ՝ նախկինների հետ ճանապարհ չենք գնալու, մենք գնալու ենք այն ուժերի հետ, որոնք ժողովրդի կողմից ընդունելի են, և այլն… հերթական նույն սխալն են իրականացնում, որովհետև էլի վախենում են: Եթե այսօր կա մեկ-երկու չվախեցող միավոր, դրանցից մեկը ՀՀԿ-ն է, որովհետև գաղափարական է, սկզբունքային է, գիտի պետության և պետականության կարևորությունը, իսկ մյուսները վախերի մեջ են: Հիմա երբ ԲՀԿ մեր գործընկերները նման հայտարարություն են անում, դա ծիծաղելի է, որովհետև  այդ բոլոր հայտարարություններ անողներն անցած տարիներին ավելի շատ են ՀՀԿ-ի հետ ճանապարհ գնացել, քան Մարգարիտ Եսայանը: Մի հատ հարցրեք՝ ՀՀԿ-ն ուզո՞ւմ է ձեզ հետ ճանապարհ գնալ: Երբ մարդը դավաճանում է մի անգամ, նա կդավաճանի անվերջ»:

Ինչ վերաբերում է 2015թ. դեպքերի հետ համեմատություններին՝ նա պատասխանատու հայտարարեց՝ 2015թ. և 2020թ. իրավիճակը ԲՀԿ-ի շուրջ սկզբունքորեն տարբեր են. «2015թ. ԲՀԿ-ն պատրաստվում էր անել քայլեր, որոնք պետք է լրջորեն վնասեին իշխանությանը, պետությանը և պետականությանը, այսինքն՝ պետք է սոդոմ-գոմոր առաջանար մեր երկրում, որը ոչ մեկին պետք չէր»:

Հարցին՝ ի՞նչ քայլերի մասին է խոսքը, նա պատասխանեց, որ չի կարող փակագծեր բացել.

«Ես կարծում եմ՝ շուտով դա կարվի և բոլորդ դրա մասին կիմանաք, կամ գուցե որոշ մարդիկ գիտեն, և ենթադրություններ կարող եք անել: Իսկ այսօր Գագիկ Ծառուկյանն ընդամենն ասաց, որ կառավարությունը տապալել է համավարակի դեմ պայքարը, և ասաց՝ քանի որ տապալել է համավարակի դեմ պայքարը, տնտեսությունը չի աշխատում, և երեք ամսից մեզ մոտ սով է լինելու, ճիշտ կլինի, որ կառավարությունը 100 տոկոսով հրաժարական տա: Բոլոր նրանք, ովքեր ինֆորմացիային չեն տիրապետում, թող 2015թ. և 2020թ. համեմատություն չանեն, դրանք սկզբունքորեն շատ տարբեր իրավիճակներ են»:

Մարգարիտ Եսայանը հավելեց. «ՀՀ-ում այսօր իշխանության է եկել մի ուժ, որը սրբություններ չունի, որը չունի հիշողություն, իսկ այն մարդիկ, ովքեր ունեն հիշողություն, փորձում է նրանց հիշողությունը ջնջել: ՀՀ-ում այսօր վարչապետ է աշխատում անձ, որն իր վարչապետության առաջին օրվանից ինքն իրեն հերքելով՝ առաջ է գնում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

 168.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ