23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաղաքացին քիչ է տուգանվելու «մատերիալ» էր, հիմա էլ դառնում է հարկման «մատերիալ»․ 168․am

168.am-ը գրում է․ «Սոցիալական իրավիճակը երկրում լարվում է։ Ու այդ պայմաններում՝ փոխարենը մտածելու մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին, կառավարությունը պատրաստվում է մի բան էլ մեծացնել հարկային ճնշումը։ Նախատեսում է դա անել՝ ինչպես գույքահարկի, այնպես էլ՝ եկամուտների համատարած հայտարարագրման ներդրման միջոցով։

Հերթում է նաև առողջապահության 6 տոկոսանոց հարկը։ Ու դեռ հայտնի չէ, թե դրանից հետո ինչ այլ անակնկալներ կմատուցվեն հասարակությանը։

Կառավարությունը որոշել է հաջորդ տարվանից ներդնել պրոգրեսիվ գույքահարկը։ Այդ նպատակով արդեն ընդունվել է օրենք` անշարժ գույքի գները շուկայականին առավելապես համապատասխանեցնելու վերաբերյալ։ Դա այն օրենքն է, որը դառնալու է գույքահարկի բարձրացման հիմքը։ Վերագնահատումից և շուկայականին գրեթե հավասարեցնելուց հետո՝ առկա անշարժ գույքն ամբողջապես կմտնի հարկման տակ։ Դա կվերաբերի՝ ինչպես թանկարժեք, այնպես էլ, այսպես ասած, էժան գույքին։

Որքան էլ կառավարությունը ժամանակին այս նախաձեռնությունը փորձում էր հիմնավորել հարուստների դղյակները հարկելու անհագուրդ ցանկությամբ, այնուհանդերձ հետագայում ամեն ինչ արեց, որպեսզի դրա տակ հայտնվեն անխտիր բոլորը։ Այլևս չի լինելու էժան գույքի նկատմամբ գործող բացառությունը, որը հասարակության անապահով հատվածին ազատում էր գույքահարկ վճարելու պարտավորությունից։

 

Ներկայացված նախաձեռնության արդյունքում անշարժ գույքի, այդ թվում` բնակարանների գույքահարկը մի քանի անգամով կբարձրանա։ Ինչի արդյունքում կառավարությունն ակնկալում է ապահովել բյուջետային լրացուցիչ մուտքեր։ Էական չէ, դա կլինի տեղակա՞ն, թե՞ պետական բյուջեի համար։ Էականն այն է, որ այդ գումարները դուրս են գալու հասարակության ոչ միայն հարուստ, այլև աղքատ խավի գրպանից։

Գույքահարկի բարձրացումը սպառնում է շատերին` հրաժարվել  իրենց ունեցվածքից։ Խոսքը ոչ թե նորօրյա հարուստների, այլ այն քաղաքացիների մասին է, ովքեր ունեն նախկինից ժառանգած թանկարժեք գույք և հիմա ի վիճակի չեն լինելու վճարել դրա գույքահարկը։ Նրանց այլ բան չի մնալու անել, քան վաճառել այդ գույքը։ Տեղի է ունենալու սեփականության վերաբաշխում։

Բայց միայն գուքահարկը չէ։ Իշխանությունները ձեռնամուխ են եղել նաև ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրման։ Ու դա փորձ է արվում անցկացնել հակաճգնաժամային միջոցառումների քողի տակ՝ իբր եկամուտների հայտարարագրման ինստիտուտի բացակայությունն է պատճառը, որ պետական օժանդակությունը չի հասնում ճիշտ հասցեատիրոջը։

«Այս համակարգի կարևորությունն ու անհրաժեշտությունը մենք արձանագրեցինք մեր հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համատեքստում, երբ բախվեցինք այն իրավիճակին, որ երբեմն հնարավոր չի լինում որոշել, ի վերջո՝ ով է սոցիալապես անապահով, և ով է սոցիալապես ապահով, ով է, որ ունի ռեալ՝ պետական 60000 դրամ կամ 100.000 դրամ աջակցության կարիքը, ով է, որ չունի այդ կարիքը։ Եթե ունենայինք եկամուտների համընդհանուր հայտարարագրման մեխանիզմ, ըստ էության, շատ չէինք տանջվի այս թեմայի վրա, և մեզ համար աջակցություն ունեցող մեր քաղաքացիների պատկերը պարզ կլիներ ընդամենը 1-2 համակարգչային գործողություն կատարելու արդյունքում:

Այնպես որ, եկել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակը»,- բոլորովին վերջերս ազդարարեց Նիկոլ Փաշինյանը:

Իրականում, սակայն, վարչապետի ասածն ընդամենը շղարշ է՝ ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգի ներդրման համար, որը կառավարությունը պատրաստվում էր անել դեռ իշխանափոխությունից անմիջապես հետո։ Հիշում եք, թե ժամանակին ինչպիսի աղմուկ բարձրացավ համատարարած հայտարարագրման ներդրման վերաբերյալ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությունների հետ կապված։ Թերևս, դա էլ ստիպեց,  հրաժարվեց այդ նախաձեռնությունից։

Բայց այն երբեք էլ դուրս չի եկել իշխանությունների օրակարգից։ Ընդամենը հարմար առիթ էր պետք՝ ֆիզիկական անձանց հայտարարագրման պահանջը շրջանառության մեջ վերադարձնելու համար։

Մեծ երևակայություն պետք չէ պատկերացնելու համար, թե ինչո՞ւ է կառավարությունը ուզում հայտարարագրել քաղաքացիների եկամուտները։ Նպատակը դրանք հարկելն է։ Հայտարարագրումը պետք է՝ հսկելու մարդկանց եկամուտների շարժը։ Դա արվելու է ծախսերի հայտարարագրման միջոցով։

Եթե իրականանա այն, ինչ մտադիր է անել կառավարությունը, ապա բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր այսօր այս կամ այն կերպ դեռ կարողանում են հոգալ իրենց ընտանիքի ապրուստը, հայտնվելու են ծանր դրության մեջ։

Փաստի առաջ են կանգնելու արտագնա աշխատանքի մեկնողները, որոնց եկամուտները ենթակա են լինելու հայտարարագրման և հարկման։ Մինչ իշխանություններն ի վիճակի չեն լուծել այդ մարդկանց աշխատանքի ու ապրուստի խնդիր, մտադիր են կիսել նրանց գումարները։

Այնպես չէ, որ նախկինում չեն տեսել այդ հնարավորությունը։ Տրանսֆերտները հարկելու մտադրություններ Հայաստանում միշտ էլ եղել են։ Սակայն հաշվի առնելով հասարակության շրջանում առկա աղքատության բարձր մակարդակը և տրանսֆերտների դերը, մինչև հիմա որևէ իշխանություն նպատակահարմար չի համարել գնալ նման քայլի։

Անմտություն է եկամուտների համատարարած հայտարարագրման ինստիտուտ ներդնել մի երկրում, որտեղ հասարակության մի ստվար հատվածի եկամուտները ձևավորվում են գերազանցապես դրսից ստացվող գումարների հաշվին, իսկ մյուս մասը՝ հազիվ գոյատևում է չնչին աշխատավարձերով։

Համատարած հայտարարագրումը ենթադրում է լուրջ ռիսկեր ոչ միայն՝ սոցիալական հատվածում, այլև՝ տնտեսության ու ֆինանսական համակարգի համար։ Դրա հետևանքով գումարները կհայտնվեն ոչ թե շրջանառության մեջ կամ բանկերում, այլ կմնան վերմակի տակ։ Մի մասն էլ պարզապես դուրս կբերվի երկրից։ Կակտիվանա ֆինանսական միջոցների արտահոսքը։

Ու դեռ հարց է, թե ինչ կշահի դրանից պետությունը։ Մի շարք երկրներ մտածում են համատարարած հայտարարագրումից հրաժարվելու մասին, իսկ մենք ուզում ենք մտնել նման բեռի տակ՝ առանց հաշվի առնելու այն բազմաթիվ խնդիրները, որոնք կծագեն դրա հետևանքով։ Այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ կառավարությունը պարտավոր է նախ և առաջ մարդկանց ապահովել մշտական աշխատանքով և արժանապատիվ աշխատավարձով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ