23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Նիկոլ Փաշինյանն էլ չունի նախկին վստահությունը, իսկ շատերի կողմից դարձել է ատելի գործիչ». Հայկ Մամիջանյան

168 TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ

– Պարոն Մամիջանյան, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն օրեր առաջ հայտարարեց, որ այս իշխանությունը 100 տոկոսով պետք է փոխվի, երեկ արդեն նրա նկատմամբ գործողություններ սկսվեցին, որից հետո էլ Ծառուկյանն ասաց, որ տեղի ունեցողը քաղաքական է, և, որ ինքը հետ չի կանգնելու: Ի՞նչ զարգացումների սպասենք, ինչո՞ւ իշխանությունները գնացին այս քայլին:– Տրամաբանությունը շատ պարզ է՝ պարոն Փաշինյանի բերանը ընկել է համը, որ ինքը կարող է ուժային կառույցներն օգտագործել՝ իր քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու, նսեմացնելու, ոչնչացնելու համար: Դա այնպիսի բան է, որ մի անգամ փորձում ես անել՝ դուրդ գալիս է, և շարունակում ես անել: Մենք հիմա դրա վկաներն ենք: Ես չեմ ուզում անցնել քրեական գործերի մանրամասներին, քննությունը դա ցույց կտա, բայց երկու տարի հետո հենց Ծառուկյանի քաղաքական հայտարարությունից հետո տեղի են ունենում այդ գործընթացները:

 – Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ Ծառուկյանը նախապես իմացել է այդ քրեական գործերի մասին, դրա համար էլ նման հայտարարություն է արել, որպեսզի քրեական գործընթացը որակվի՝ որպես քաղաքական հետապնդում:

– Իսկ իշխանությունները, երբ ներկա էին լինում պարոն Ծառուկյանի ընտանեկան առիթներին, երբ հուշագրեր էին ստորագրում պարոն Ծառուկյանի հետ, այդ ժամանակ տեղյա՞կ չէին այդ ամենից: Ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ երկու տարի ժամանակ է պետք, որպեսզի քննչական մարմինները պարզեն այս կամ այն փաստը:

 

– Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պարզագույն սիլլոգիզմից հետո գործող իշխանություններն էլ սկսեցին հայտարարել, որ երկրում պատերազմական իրավիճակ է, և ցանկացած ընդդիմադիր քայլ որակել՝ որպես դավաճանություն: Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանն իր կոչն ուղղում միայն ընդդիմությանը, արդյոք իշխանության քայլերը չե՞ն կարող համարվել դավաճանական, օրինակ, երեկվա դեպքերը, արդյո՞ք իշխանությունները չէին կանխատեսում, որ Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ քայլ իրականացնելու դեպքում լինելու էր նման համախմբում:

– Նախ՝ ինչպես ես խոստացել էի, ֆեյսբուքյան իմ էջում սկսել եմ տեղադրել գործող իշխանության ներկայացուցիչների գրառումները, որոնք արվել են 2016թ. ապրիլին՝ այն ժամանակ պատերազմ էր, ու թող հանրությունը տեսնի, թե ինչ էին խոսում մարդիկ, որոնք հիմա մեզ ասում են, թե պատերազմ է: Երկրորդ՝ ի տարբերություն համավարակի դեմ պատերազմի՝ մենք հայ զինվորի, հայ սպայի հերոսական գործողությունների արդյունքում հաղթել ենք ապրիլյան պատերազմը, ինչը, ցավոք սրտի, չի կարելի ասել Նիկոլ Փաշինյանի ռեժիմի մասին՝ չնայած բժիշկների կատարած հերոսություններին: Ինչ վերաբերում է պարոն նախագահի գրառմանը, ապա, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ապիլյան պատերազմի, «Սասնա ծռերի» գործողությունների ժամանակ համախմբման կոչ արեց, ինքը գիտեր, թե ովքեր են օրվա իշխանությունները, գիտեր, որ դա գնահատվելու է, գիտեր, որ իշխանություններն այդ հարցի հետ համակարծիք են: Հիմա, երբ արվում է այդ կոչը, տեղին չէ, որովհետև երբ նոր էր համավարակը սկսում տարածվել Հայաստանում, մենք որևէ ներքաղաքական խնդրով հանդես չէինք գալիս, ավելին՝ փորձում էինք խորհուրդներով և այլ տարբերակներով օգնել գործող իշխանություններին: Բայց դրան ի պատասխան՝ ստացանք վայրահաչոցներ տարբեր թեմաներով, քիչ էր մնում ասեին՝ կորոնավիրուսը մենք ենք բերել Հայաստան:

– Շատերը տարակուսում են, որ իշխանության ձևակերպմամբ՝ պատերազմական իրավիճակում, առողջապահության ոլորտի գլխավոր պատասխանատու Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքական թեմաներին անդրադառնալու ժամանակ է գտնում: Նրա վերջին գրառումներից մեկից մի հատված եմ ուզում մեջբերել. «Օրինականության հաստատումը քաղաքական հետապնդում կոչողներն էլ հավանաբար ինքնապաշտպանության համար են դա անում: Միգուցե կա՞ն նման փաստաթղթեր, որտեղ կան նաև իրենց անունները»,- գրել էր նա: Դուք էլ եք սա համարում քաղաքական հետապնդում, դա անում եք ինքնապաշտպանության համա՞ր, և առհասարակ, այս համաճարակի պայմաններում նախարարի նման պահվածքն ինչպե՞ս եք գնահատում:

– Նիկոլ Փաշինյանն Արսեն Թորոսյանին դիտարկում է՝ որպես մարած «օբլիգացիա», դե, միևնույն է՝ հրաժարական է տալու, և ցանկացած տեղեկատվական աղբ իրենով տեղադրել, իսկ այն, ինչ պարոն Թորոսյանը երեկ հրապարակել էր, այլ կերպ, քան տեղեկատվական աղբ, անվանել հնարավոր չէ: Պարոն Փաշինյանի խնդիրն այն է, որ ինքը չի պատկերացնում, որ իրականում էլ չունի այն վստահությունը, որն ուներ առաջ: Ինքը սրտանց համարում է, որ, եթե կոչով հանդես գա, մեքենաներն էլ իր ձայնով լինեն, բոլորը դիմակ են հագնելու, որովհետև մեսիան է դա ասել: Պարոն Փաշինյանն էլ չունի այն վստահությունը, իսկ շատերի կողմից դարձել է ատելի գործիչ:

– ՀՀԿ-ն սոցհարցումներ իրականացնո՞ւմ է՝ հասկանալու համար՝ ինչ պատկեր է երկրում:

– Իհա՛րկե:

– Ե՞վ:

– Եթե դրանք չենք հրապարակում, նշանակում է՝ օգտագործում ենք մեր աշխատանքները կազմակերպելու համար: Բայց վստահեցնում եմ ձեզ, որ մեր բոլորի ելույթների ժամանակ այն վստահությունը, որով խոսում ենք, գալիս է այդ թվերից:

– Կարո՞ղ է՝ նորից գաք իշխանության:

– Ոչինչ բացառված չէ:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ