23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանի իշխանությունը «գենետիկ անհամատեղելիություն» ունի կապիտալի կրողների հետ. Անդրանիկ Թևանյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթն ընդամենը առիթ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Անդրանիկ Թեւանյանը։

Նա, մասնավորապես, գրել է. 

«Փաշինյան-Ծառուկյան հակադրության բուն պատճառների մասին

Գագիկ Ծառուկյանի ելույթն ընդամենը առիթ էր։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «գենետիկ անհամատեղելիություն» ունի կապիտալի կրողների հետ։

Ինչպե՞ս կարող են նեոբոլշեւիկները խաղաղ գոյակցել բուրժուազիայի հետ։ Բացառվում է։

Եթե Սերժ Սարգսյանի հրաժարականով լուծվեց իշխանության հարցը, ապա ներկա քաղաքական պայքարն արդեն սեփականության ու կապիտալի լայնամասշտաբ վերաբաշխման հարցին է վերաբերում։

Ծառուկյան–Փաշինյան հակադրությունը «դասակարգային» բնույթ ունի։ Բայց սա մարքսիստական դասակարգային պայքարի դասական դրսեւորումը չէ։ Քանզի մեզանում ոչ թե պրոլետարիատի, այլ «պողոսների» իշխանություն է, որը դասակարգային նույնացում չունի։

Հայաստանում օլիգարխիկ բնույթ ունեցող թիմոկրատիային 2018–ին փոխարինելու եկավ օխլոկրատիան՝ ամբոխի կամ փողոցի իշխանությունը։

Փողոցի իշխանությունն իրականացվում է ամբոխի անունից, ամբոխի հաշվին ու Հայաստանի ժողովրդի դեմ։

Քաղաքագիտությունից հայտնի է, որ օխլոկրատիան պետության կառավարման ամենավատ ձեւերից է, որը հակում ունի վերածվելու տիրանիայի։

Հայաստանում 2018–ին իշխանության են եկել տարիքով երիտասարդ, մտածողությամբ հետադիմական ու հակապետական, մեծամասամբ հետագիծ ու անցյալ չունեցող, ագահ ու աղքատ երիտասարդներ։ Նրանց թիվ մեկ խնդիրն այժմ բառիս բուն իմաստով կապիտալի նախնական կուտակում իրականացնելն է՝ հարստանալը։ Խոշոր կապիտալն օբյեկտիվորեն խոչընդոտում է այդ գործընթացին, քանզի դա տեղի է ունենալու իրենց հաշվին։

Եթե Փաշինյանին հաջողվի խժռել խոշորին, դրանից հետո կգա միջինի ու փոքրի հերթը։ Աղքատները կսկսեն ավելի վատ ապրել եւ կկերակրվեն միայն անիմաստ, անդադար «լայվերով»։

Փաշինյանին բռնակալ դառնալու համար անհրաժեշտ է մեր երկրի պետական ու մասնավոր փողերի գերկենտրոնացում։

Պետական փողերով նա կաշառում է սեփական թիմակիցներին՝ պարգեւավճարներ բաժանելով ու պետբյուջեն մսխելով, իսկ Ծառուկյանի դեմ հարձակումն արդեն մասնավոր կապիտալը խլելու նպատակ ունի։

«Թավշյա» իշխանությունները շահարկում են այն հարցը, որ Հայաստանում սեփականությունը (հատկապես խոշորը) լեգիտիմ չէ։ Այդ շահարկման միջոցով ուզում են ամբոխի անունից սեփականության վերաձեւում անել ու կենտրոնացնել այն մեկի ձեռքում՝ անունը դնելով կոռուպցիայի ու թալանի դեմ պայքար։ Իրականում Փաշինյանը դրել է «մեկ պատուհանի կոռուպցիայի» համակարգ ստեղծելու խնդիր։

Կապիտալի նախնական կուտակման փուլն անցած Հայաստանում եւս մեկ անգամ կապիտալի նախնական կուտակումն առանց ցնցումների հնարավոր չէ։ Ըստ այդմ՝ Փաշինյանը մեծ ցնցումների է գնում՝ հանուն իր ու իր նեղ թիմի կապիտալի կուտակման։ Իսկ դա կարող է հանգեցնել անվտանգության խնդիրների։

Փաշինյան–Ծառուկյան «դասակարգային» պայքարը երկու առանձին սուբյկետների պայքար չէ։ Սա Հայաստանը դեպի պարտության տանող ցնցում է, որի հետեւանքները կարող են բերել տարածքների եւ ընդհուպ մինչեւ պետականության կորստի։ Իսկ դա նշանակում է, որ ընդդիմադիր դաշտը պետք է կոնսոլիդացվի՝ հավակնությունները դնելով մի կողմ։

Աշխարհի ոչ մի երկրում սեփականության բռնի վերաբաշխումն անարյուն ու առանց պետականության սպառնալիքների չի անցել։ Այնպես որ պետք է ամեն ինչ անել Նիկոլ Փաշինյանի ու այս իշխանության արտաքին փայատերերի ծրագրերը վիժեցնելու եւ նոր որակի իշխանություն ձեւավորելու համար։ Սա արդեն դառնում է մեր երկրի անվտանգության խնդիր։

Կոնսենսուս մինուս Նիկոլ Փաշինյան։ Սա՛ է բանաձեւը։

Հ.Գ.։ Սեփականության լեգիտիմության հարցը շատ սուր է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ անցումային ժողովրդավարության մյուս պետություններում։

Սեփականության «սոցիալականացման» եւ լեգիտիմացման հարցը պետք է լուծել ոչ թե բռնի վերաբաշխմամբ, այլ քաղաքական երկխոսությամբ, օրենսդրությամբ եւ հանրության տարբեր շերտերին համակեցության մոդել առաջարկելով»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ