23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանի համար 1 գործընկերը Ադրբեջանի իշխանություններն են. Դավիթ Շահնազարյան․ News.am

«Ճանապարհը պատրվակ էր նման հայտարարությամբ հանդես գալու, չնայած այստեղ նույնպես Հայաստանի ներկա իշխանությունները կոպտագույն սխալ են արել։ Ինչպես գիտեք, երկու ճանապարհ կառուցվել է։ Ես նկատի ունեմ Գորիսով Շուշիով ճանապարհը եւ Վարդենիսով ճանապարհը, եւ որեւէ անգամ Հայաստանի իշխանությունը չի հայտարարել, որ ինքն է ճանապարհ կառուցում, դա կառուցել է Արցախի Հանրապետության կառավարությունը։ Դե իսկ դա Հայաստանի ներկայիս իշխանությունների պոպուլիզմի եւս մեկ դրսեւորումն էր առանց հաշիվ տալու, որովհետեւ այդ երկու ճանապարհների կառուցման ժամանակ որեւէ անգամ որեւէ միջազգային ատյանում այդ հարցը չէր էլ շոշափվել։ Այս հայտարարությունն ամբողջովին տեղավորվում է այն քաղաքականության մեջ, որ հիմա տանում են թե՛ միջազգային կառույցները՝ հանձինս առաջին հերթին Եվրոպայի խորհրդարանի, համանախագահողների եւ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումի։ Որո՞նք են այստեղ առանցքային կետերը․ առաջինը, որ հղում է արվում 2009 թվականին ընդունված հիմնարար սկզբունքներին, բայց չի նշվում՝ այդ սկզբունքները որոնք են, երկրորդ՝ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը օկուպացված տարածք է։ Նման հայտարարություններ ըստ էության մինչեւ վերջերս չեն եղել, վերջերս են հայտնվել, որովհետեւ առանձնացվում էին Լեռնային Ղարաբաղ եւ օկուպացված տարածքները։ Սրանք հավասարեցվել են։ Եվ երրորդը, որ կոչ է արվում Հայաստանի եւ Արցախի իշխանություններին խնդիրը կարգավորել Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում։ Այս երեք սկզբունքները 2009 թվականի հիմնարար փաստաթղթում են՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշման իրավունք, եւ ուժի չկիրառում։

Այս հայտարարությունում ընդգծված է այն, ինչը ընդունվել է թե՛ եռանախագահների կողմից, թե Ադրբեջանի եւ Հայաստանի ներկա իշխանությունների կողմից, որովհետեւ ներկայիս իշխանությունները ոչ միայն բանակցում են փուլային տարբերակով, այլ իրենք իրենց համաձայնությունն են տվել, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում։ Այդ մասին կողմնակիորեն մի քանի անգամ հայտարարել է վարչապետ Փաշինյանը։ Ուզում եմ ձեզ հիշեցնել նրա հայտարարությունները, որ իր նպատակն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ Այդ իրավունքը ճանաչվել է դեռ 92 թվականից։ Եւ այստեղ էլ դա չի մերժվում, բայց ասվում է, որ ինքնորոշման ձեր աստիճանը սահմանափակվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ եւ նրա սահմաններով։ Այսինքն արձանագրվել է այն, ինչը կա եւ ինչին արդեն համաձայնել է Հայաստանի իշխանությունը։ Սա նույնպես փաստ է։ Ես մամուլով երկու անգամ ներկայացրել եմ, թե ինչ է պատրաստվում Եվրոպայի խորհրդարանում, որովհետեւ այս հայտարարությունը շատ փոքր բան է՝ համեմատած այն ամենի հետ, ինչ մի քանի օր հետո Եվրոպայի խորհրդարանը կընդունի իր բանաձեւում։ Այդ եռյակի հայտարարությունը այդ ամբողջության ընդամենը մի փոքր մասն էր։ Այնտեղ մի հոդվածով ընդունվում է, որ Ադրբեջանն իրավունք ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնել բոլոր ճանապարհներով՝ ներառյալ ռազմական գործողություններով, ես դրա մասին խոսել եմ։ Իսկ մյուս հոդվածում ուղղակիորեն գրված է, որ խաղաղ կարգավորման եւ ուժի չկիրառման սկզբունքները տարածվում են Արեւելյան գործընկերության այն հակամարտությունների վրա, որտեղ Ռուսաստանը կողմ է։ Այսինքն դա չի տարածվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա։

Սա է այն իրավիճակը, որը կա, սա է այն քաղաքականության արդյունքը, որը որդեգրել է իշխանությունը զավթելու առաջին օրվանից ներկայիս վարչախումբը՝ հանձինս Փաշինյանի, եւ ես արդեն ասել եմ, որ այս ամենը արդեն դուրս է եկել եզրագիծ։ Էլ ի՞նչ ավելին պետք է լինի, որպեսզի թե՛ քաղաքական ուժերի մեծ մասը, թե՛ մեր հասարակությունը հասկանա, որ այս դրսից՝ Բաքվից կառավարվող իշխանությունը առաջին հերթին այստեղ է բերվել հենց այս նպատակի համար եւ հետեւողականորեն իրականացնում է այս ծրագիրը։ Սա Ալիեւի եւ Փաշինյանի հերթական համատեղ ձեռքբերումն է, ինչին նրանք ձեռք ձեռքի տված շարունակում են գնալ։ Էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք հասկանանք՝ ինչ է կատարվում մեր երկու պետականությունների հետ, որ մենք անընդհատ ավելի մեծ արագությամբ գնում ենք ապոկալիպսիսի բացառապես բոլոր ուղղություններով, եւ երեւի վերջին հարյուրամյակում այսպիսի ծանր իրավիճակում մենք երբեւէ չենք եղել։

Սրա գիտակցությունը, այս ամենը հասկանալ եւ ընկալելը դեռեւս շատ տարածված չէ, եւ մենք կանգնած ենք այնպիսի կորուստների առաջ, որոնք դեռեւս հնարավոր է կանխել։

Ի՞նչ ենք անելու, թողնենք, որ այս ամեն ինչը կատարվի, հետո Սիամանթոյի նման ասենք՝ ով մարդկային արդարություն, թող ես թքեմ քո ճակատի՞ն։ Մինչեւ հիմա մեր հակառակորդն է դա ասել։ Դրա առաջ ենք կանգնել։ Հետո մեր սերունդների առաջ հպարտանալու ենք, որ Նեմեսիսնե՞ր ենք արել այս կորուստներից հետո։ Սա է իրավիճակը, որ մենք այսօր ունենք մեզ համար այդ կենսական հարցում, որովհետեւ կրկնում եմ՝ Փաշինյանի եւ այս կառավարության համար մեկ գործընկերը Ադրբեջանի իշխանություններն ու Ադրբեջանի կառավարությունն են։

Այդ նույն եռյակի հայտարարության մեջ կոչ էր Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին։ Հայաստանի իշխանությունների կողմից զրո, լռություն, ավելին ասեմ, որ այս բանաձեւը, որը պատրաստվում է, որը մի քանի օր հետո լիագումար նիստով Եվրախորհրդարանը պետք է ընդունի, Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն տվել այնտեղ որեւէ բան անելու համար, որովհետեւ սա նրանց քաղաքականությունն է, Արցախի ադրբեջանական ծրագիրն իրականացնելու քաղաքականությունն է։

Այստեղ ավելացնեմ՝ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի համար, դա իրականություն է դարձել, այո, Ադրբեջանի համար ընդունելի լուծումը առաջ է գնում։

Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի՝ երեկ ԵԺԿ-ի նախագահ Տուսկին ուղղված նամակը, որովհետեւ այս իրավիճակում, քանի որ իշխանությունները տանում են այս քաղաքականությունը, ունեն այդ նպատակը, ընդդիմությունը պետք է իշխանության ֆունկցիաները վերցնի իր վրա։

Իմ նախորդ հրարապարակումներում ասել եմ, որ փորձ է արվել ինչ-որ բան անել Բրյուսելում՝ Եվրոպական պառլամենտում, բայց իշխանություններին այս ամենը ձեռք է տալիս։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը այսօր գոյություն չունի, ավելին՝ Փաշինյանը եւ այս կառավարությունը Հայաստանը միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածել են միջազգային հարաբերությունների օբյեկտի։ Այսինքն՝ մենք չկանք։ Եվ բացի այդ՝ իրենք դարձրել են Հայաստանը այն, ինչ երբեք չի եղել նորանկախ Հայաստանում, այսինքն գերտերությունների, աշխարհի ուժային կենտրոնների բախման կետ են դարձրել Հայաստանը։ Այստեղ մի քանի ուժային կենտրոններ են՝ Ռուսաստանն է, Միացյալ Նահանգներն են, Եվրոպան է, Իրանն է, Չինաստանը։ Ի՞նչ են արել. Փաշինյանը պետությունը վերածել է տարածքի ընդամենը։

Լավ գիտեք, որ ես հայտարարություն եմ տվել հանցագործության մասին եւ Փաշինյանի ողջ այս գործողությունները բնութագրել եմ, որ դրանք համապատասխանում են պետական դավաճանություն քրեական հոդվածին, եւ հիմա ուզում եմ ավելացնել, որ կառավարության բոլոր անդամներն են կրում այդ պատասխանատվությունը, որովհետեւ կառավարությունը կոլեգիալ մարմին է, եւ պատասխանատվությունը անհատ նախարարների, նրանց բոլորի վրա է։ Մենք շատ ժամանակ, կարծում եմ, չունենք, այս ամենը պետք է կանխվի։

Թե՛ Ռոբերտ Քոչարյանի դատավարարությունը, թե՛ Սերժ Սարգսյանի նկատմամբ սկսված քրեական գործերը նույնպես ծառայում են միմիայն Ադրբեջանի սցենարով Արցախի հարցը լուծելու նպատակին։ Այն, ինչ հիմա փորձում է անել այս իշխանությունը՝ ստեղծել վախի մթնոլորտ, նույնիսկ ծիծաղելի է, որովհետեւ վարչապետը կոչվածը էությամբ շատ վախկոտ անձնավորություն է եւ ես համաձայն չեմ այն պնդումների հետ, որ նա մինչեւ վերջ կռվելու է։ Ոչ։ Ո՞վ է նրան մինչեւ հիմա լուրջ ասել՝ հեռացիր, որ նա չի հեռացել։ Վախի մթնոլորտ այսօր տիրում է իշխանության ներսում, սարսափի մթնոլորտ է տիրում իշխանության ներսում, եւ դա անընդհատ զգացվում է։ Խնդիրը այսպես կոչված ընդդիմության մեջ է, լուրջ խնդիրներ կան։ Օգտվելով այս համավարակից եւ արտակարգ դրությունից՝ նա առաջինը ինքնահարստացմամբ է զբաղված, որովհետեւ բոլոր այս այսպես կոչված հակահամաճարակային ծրագրերը կոռուպցիոն ծրագրեր են առաջին հերթին, իշխանությունը պահելու եւ ժողովրդի վրա հարկային բեռը ավելացնելու։ Կառավարությունն այս իրավիճակում մի խնդիր է ընդամենը լուծում՝ դիմակների վաճառքի, որպեսզի իր գրպանը լցնի։

Ես մի քանի անգամ արտգործնախարար Մնացականյանին հրավիրել եմ հրապարակային զրույցի, բանավեճի, նա խուսափել է։ Ես կարծում էի, որ ճիշտ է արել։ Պատկերացնո՞ւմ եք՝ Զոհրաբ Մնացականյանը իմ հետ խոսի կամ բանավիճի արտաքին քաղաքականության կամ անվտանգության հարցերի շուրջ։ Հավատացնում եմ ձեզ, որ շատ ավելի քիչ ողորմելի կերեւար ինքը, եթե ինձ հետ զրուցեր, ենթադրենք, մաթեմատիկայից կամ ֆիզիկայից»։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ