17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

75-ամյա հայրիկին մեղադրանք առաջադրելն պատասխանն է Արմեն Գևորգյանի ելույթներին․ հայտարարություն

Արմեն Գևորգյանը առնչություն չունի կաշառք ստանալու համար իրեն առաջադրված մեղադրանքի հետ, նրա հայրն էլ՝ Անդրանիկ Գեւորգյանը, երբեւէ չի հանդիսացել մեղադրանքում նշված ընկերության գործադիր տնօրենը: Այս մասին հայտարարություն է տարածել Անդրանիկ Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Հայտարարության մեջ ասվում է.

«ՀՀ ՀՔԾն հաղորդագրություն է տարածել, համաձայն որի մեղադրանք է առաջադրվել նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հորը՝ Անդրանիկ Գեւորգյանին։ 75-ամյա հայրիկին մեղադրանք առաջադրելն իշխանությունների պատասխանն է Արմեն Գեւորգյանի հրապարակային ելույթներին եւ գործող կառավարությանը փաստարկված քննադատությանը։

Ցավոք վերջին շրջանում իշխանության կամքը չկատարող, սեփական կարծիք ունեցող անձանց լռեցնելու համար իշխանությունները կանգ չեն առնում ոչինչի առաջ: Համատարած է ոչ միայն ընդդիմախոսների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումների իրականացումը, այլ նաեւ նրանց մերձավորների հետապնդումները:

Այս միտումով էլ պայմանավորված Հայաստանում որդեգրվել է մի գործելաոճ, երբ համատարած անհիմն արգելանքներ են դրվում տարբեր անձանց եւ նրանց մերձավորների գույքի ու հաշիվների վրա, ամենեւին հաշվի չառնելով, թե արդյոք այդ անձինք առնչություն ունեն որեւէ հանցագործության հետ, կամ արդյոք արգելադրվող գույքը գոնե տեսականորեն կարող է ձեռք բերված լինել հանցավոր ճանապարհով ծագած միջոցներից, թե ոչ:

Նույն կերպ ապօրինի արգելանքներ էին դրվել Արմեն Գեւորգյանի մերձավոր եւ հեռավոր հնարավոր բոլոր բարեկամների գույքի ու հաշիվների վրա: Այս ապօրինի որոշումները, բնականաբար, բողոքարկվել են դատական կարգով: Բողոքարկման բազմաթիվ հիմքերից մեկը եղել է այն, որ արգելանք կարող է դրվել կասկածյալի կամ մեղադրյալի գույքի վրա: Փաստորեն ՀՔԾ-ն չհապաղելով, որոշեց Արմեն Գեւորգյանի հոր գույքի վրա կալանք դնելու որոշմանը օրինական տեսք տալու նպատակով ոչ ավել, ոչ պակաս նրան ներգրավել որպես մեղադրյալ:

Անդրանիկ Գեւորգյանին առաջադրված մեղադրանքի էությունն այն է, թե իբր վերջինս օժանդակել է որդուն, Սիլվա Համբարձումյանից կաշառք ստացված, 1մլն ԱՄՆ դոլարը օրինականացնելու մեջ: Ընդ որում, ըստ նույն մեղադրանքի, Անդրանիկ Գեւորգյանը իբր հանդիսանալով ընկերության գործադիր տնօրեն օժանդակող բնույթի գործողությունները կատարել է հենց այդ ընկերությանը փոխանցվող գումարը տնօրինելով:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ դեռեւս 14.12.2018թ. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատվել է, որ Արմեն Գեւորգյանը առնչություն չունի կաշառք ստանալու համար իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Սակայն Անդրանիկ Գեւորգյանն էլ երբեւէ չի հանդիսացել մեղադրանքում նշված ընկերության գործադիր տնօրենը: Ցավով կարող ենք փաստել, որ վարույթն իրականացնող մարմնի համար բացարձակ նշանակություն չունեն փաստական հանգամանքները, ապացույցները, հնարավոր հանցագործության առկայությունը կամ բացակայությունը: Կա հրահանգ, հրահանգը պետք է կատարվի, անգամ եթե այդ հրահանգը ոչ միայն դուրս է իրավական դաշտից, այլ չի կարող տեղավորվել անգամ բարոյական ու մարդկային սահմաններում:

Ցանկանում ենք ընդգծել, որ Անդրանիկ Գեւորգյանին մեղադրանքի առաջադրումը Արմեն Գեւորգյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդման շարունակությունն է, որն ըստ էության սկսվել է դեռեւս 2018թ. օգոստոսի 03ից:

Արձանագրենք,որ այս երկու տարվա ընթացքում իրավապահ մարմինների կողմից Արմեն Գեւորգյանի բազմաթիվ իրավունքների խախտումներն արդեն իսկ հաստատվել եւ արձանագրվել են ինչպես ՀՀ դատարանների, այնպես էլ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:

Անդրանիկ Գեւորգյանի պաշտպաններ

Էրիկ Ալեքսանյան

Լուսինե Սահակյան»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ