17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը պաշտոնական գրությամբ դիմել է Դոնալդ Տուսկին․ Արմեն Աշոտյան

«ՀՀԿ-ի թողած հարուստ դիվանագիտական ժառանգությունը Եվրոպական միության հետ հարաբերություններում մեր աչքերի առջև անխնա մսխվում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով այն քայլերը, որոնք ՀՀԿ-ն նախաձեռնել է  ԵԽ-ում ընդունված աղմկահարույց հայտարարությունից հետո։

Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպական խորհրդարանում կոշտ և ոչ հայանպաստ հայտարարություն է ընդունվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև  նոր մայրուղու կառուցման վերաբերյալ։  ԵԽ պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն և Զելյանա Զովկոն, ինչպես նաև տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Հայաստանի հետ  խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ նախագիծը չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։

 «Այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը: Ուստի մենք խորապես ցավում ենք այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մենք կրկին հայտարարում ենք մեր շարունակական աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- ասված է ԵԽ պատգամավորների ընդունած հայտարարության մեջ։

168.am-ի հարցին, թե ՀՀԿ-ն, երկար տարիներ լինելով ՀՀ արտաքին քաղաքականության համար պատասխանատու քաղաքական ուժը, մասնավորապես՝ պատասխանատու խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում, ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի իր հնարավորությունների շրջանակում բարձրաձայնի ԵԽ երեք պաշտոնյաների համատեղ հայտարարության հետ կապված՝  Հայաստանի ազգային և պետական շահերի մասին, Արմեն Աշոտյանն արձագանքեց՝ ասելով, որ իրականում այդ աղմկահարույց հայտարարության հետ կապված՝ այսօր մի քանի անգամ տեսակետներ և վերլուծություններ անձամբ հայտնել է։

Նա տեղեկացրեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն նաև ԵԺԿ  անդամ է, իսկ ԵԽ երեք պաշտոնյաներից երկուսը՝ Տրայան Բասեսկուն և Զելյանա Զովկոն, ԵԽ-ում ԵԺԿ խմբակցության անդամ են, այսօր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական գրությամբ՝ նամակով, դիմել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկին։

Ամփոփելով՝ Արմեն Աշոտյանը շեշտեց, որ վերջապես Հայաստանի պետական կառույցները, ինչպես՝ ՀՀ ԱԳՆ-ն, այնպես էլ՝ ՀՀ Ազգային ժողովը պետք է լիարժեք ջանքեր գործադրեն Հայաստանի  ազգային և պետական շահերը  տարբեր մայրաքաղաքներում հավուր պատշաճի ներկայացնելու համար։

«Այդ պետական լծակներն ու հնարավորությունները, արդեն 2 տարի է, իրենց ձեռքերում են, և մեր թողած հարուստ դիվանագիտական ժառանգությունը՝ նաև Եվրոպական միության հետ հարաբերություններում, բոլորիս աչքերի առջև անխնա մսխվում է»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Արաքս Մարտիրոսյան

168.am

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ