«Փաշինյանի անգործության հետևանքով 2 զոհ ունենք, ու Մարտի 1-ի զոհերից խոսելիս՝ նաև սա պետք է ասել». Շարմազանով
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Ոստիկանապետի և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի փոփոխությունները վկայում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հախուռն բնավորության, տրամադրությունների մասին, հակառակ պարագայում զավեշտալի է, երբ մարդը 6 ամիս մնում է ժամանակավոր պաշտոնակատար, հետո նշանակվում այդ պաշտոնին, ու 2 ամիս անց այսպես, առանց լուրջ հիմնավորումների, հեռացվում պաշտոնից։ Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Իհա՛րկե, այս ազատումների մեջ ստորջրյա հոսանքներ կան, սակայն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է նոր տեսարաններ ապահովել հանրության համար, քանի որ այլևս հաց չի կարողանում տալ, ուստի պետք է պատճառներ գտնել իրավիճակից դուրս գալու համար։ Նիկոլ Փաշինյանը մնացել է իր միակ գործիքի հույսին՝ ռեպրեսիաներ, նոր քաղաքական ձերբակալություններ. և գուցե նաև այս համատեքստում ԱԱԾ-ի և ոստիկանության գործողությունները նրան չեն գոհացնում»,- ասաց Շարմազանովը։
Ըստ նրա՝ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որ կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, և իշխանությունը համավարակի դեմ պայքարելու փոխարեն՝ պայքարում է ընդդիմության դեմ՝ ընդհուպ օգտագործելով նաև ուժային կառույցներում իր համար ցանկալի նշանակումներ կատարելու հնարավորությունը։
Շարմազանովի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը ստում է, երբ հայտարարում է, թե կորոնավիրուսը որոշ ուժեր օգտագործում են իշխանության դեմ քարոզչություն անելու համար։
«Ամոթ է, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը կորոնավիրուսի դեմ պայքարը տանուլ տալուց հետո պատերազմ է հայտարարել ընդդիմադիրներին։ Ինչ վերաբերում է ընդդիմությանն ուղղված մեղադրանքներին, ապա ՀՀԿ-ի անունից կխոսեմ՝ ծայրից ծայր ստում է, երբ ասում է, թե այս համավարակի ժամանակ փոխանակ համախմբվելու՝ իշխանությանը թիկունքից խփում են։ Մենք հանդես ենք եկել համերաշխության կոչով դեռևս մարտի սկզբին, ասել ենք, որ պարտավոր ենք բոլորս լրջանալ ու օժանդակել այսօրվա կառավարությանը։ «Լույս» հիմնադրամը, ես և այլք ներկայացրել ենք առաջարկներ, դրա դիմաց ստացել ենք սամասուդի կոչեր, արհամարհական վերաբերմունք, քրեական գործեր ու ընդդիմադիրների նկատմամբ հալածանքներ։ Հիմա այս երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը եկել և խոսում է համախմբումից այն դեպքում, երբ Փաշինյանն ու իր թիմը կորոնավիրուսն օգտագործում են ընդդիմադիրներին լռեցնելու համար»,- ասաց նա։
Խոսելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ օրերս արած այն հայտարարության մասին, ըստ որի՝ Կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի, Էդուարդ Շարմազանովն ասաց.
«Այն, ինչ ասել է Գագիկ Ծառուկյանը, դա նորություն չէ։ Իրենք ընդամենն օրեր առաջ արձանագրեցին այն, ինչ մենք երկու տարի շարունակ ասում ենք. ասում են՝ չկան ներդրումներ, չկա ներգաղթ, տնտեսությունն աղետալի վիճակում է, ժողովրդի սոցիալական վիճակը չի լավացել, մարդիկ ավելի վատ են սկսել ապրել, Արցախի հարցում կան կործանարար և վտանգավոր զարգացումներ»։
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի՝ կոնսոլիդացնող ուժ լինելու հնարավորություններին՝ Շարմազանովը նշեց, որ կլինեն կոնսոլիդացնող մի քանի կետ, բոլորն էլ՝ հանուն գաղափարի։
«Այդ գաղափարն արդեն կա՝ Հայաստանը՝ առանց Նիկոլ Փաշինյանի»,- ասաց Շարմազանովը՝ շեշտելով, որ հենց այս գաղափարն է, որը պետք է դառնա կոնսոլիդացնող գործոն։
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամը վստահեցնում է՝ առանց իզմերի վարչապետությունը Հայաստանը հասցրել է մի այնպիսի իրավիճակի, որ արդեն երկրում արձանագրվում են իշխանության անգործության հետևանքով մահեր։
«Եթե մենք խոսում ենք Մարտի 1-ի տասը զոհերի մասին, ապա պետք է խոսենք նաև այս 200-ից ավելի զոհերի մասին։ 2 մահ ունեցանք ուշացնելու պատճառով, դա նշանակում է՝ Փաշինյանի անգործության հետևանքով՝ երկու զոհ, ու Մարտի 1-ի 10 զոհերի մասին երբ խոսում ենք, սա էլ պետք է ասել։ Ինչպես նշում է Գևորգ Կոստանյանը, այո՛, համամիտ եմ՝ արտակարգ դրության պայմաններում այս մահերին պետք է տրվեն քրեադատավարական կամ քրեաիրավական գնահատականներ»,- ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանից հերթով երես են թեքում իր նախկին դաշնակիցները՝ նախ՝ Արթուր Վանեցյանը, հետո՝ Էդմոն Մարուքյանը, հիմա՝ Գագիկ Ծառուկյանը, իսկ ավելի վաղ՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։
«Ստեղծվել է մի իրավիճակ, որ մի մեծ հատված, որը կանգնել է Փաշինյանի կողքին, այսօր առանձնանում է նրանից, իսկ փոխարենը՝ Փաշինյանը ոչ թե քաղաքական օրակարգ է ներկայացնում, այլ քաղաքականությունն իջեցնում է շատ ցածր մակարդակի՝ դրա հիմքում պահելով հայհոյանքներն ու ֆեյքային հարձակումները»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
Աղավնի Սուքիասյան
168.am