«Նաիրի» ԲԿ-ն 3 ամիս է պատրաստ է բուժել կորոնավիրուսով հիվանդներին․ Hraparak.am
Հայաստանում այս պահին 9 բուժհաստատություն իրականացնում է Covid-19 վիրուսով հիվանդների ստացիոնար բուժումը․ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Աստվածամայր» ծննդատունը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, Վանաձորի եւ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցները, Արտաշատի ԲԿ-ն: Այս հիվանդանոցներին պետությունը գումար է հատկացնում, այսինքն՝ պետպատվեր է իջեցնում, որ կորոնավիրուսով հիվանդներին անվճար բուժեն: Բայց համավարակի դեպքերի քանակի անհավանական աճի պատճառով նշված բուժհաստատություններում այլեւս տեղ չկա։ Այդ իսկ պատճառով «դժոխքից 5 րոպե անց» որոշվում է նոր՝ մասնավոր կլինիկաների ներգրավել։
Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին մեղադրել էր, որ առողջապահության թիվ մեկ կազմակերպիչը՝ նախարարը, նախընտրում է սորտավորել ոչ միայն հիվանդներին, այլեւ բուժհաստատությունները՝ մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում հատուկ covid-բաժանմունքը (մեկուսարան)՝ ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով եւ բժշկական միջոցներով, դատարկ է եղել եւ չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել եւ բուժօգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ հիվանդանոցային անկողնային եւ մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ «Ո՞վ է սրա պատասխանը տալու»,- գրել էր Արծրունին։
Ինչպես տեղեկացանք «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունուց, 3 ամսից ավելի է՝ «Նաիրին» եւս պատրաստ է կորոնավիրուսով հիվանդներ բուժելուն։ «Չէ, մենք անգամ ընդունել ենք որպես կորոնավիրուս եւ համապատասխան հետազոտություններ ենք անցկացրել, բայց նախարարությունից նման առաջարկ չենք ստացել, այսինքն՝ որ կորոնավիրուս ընդունենք մեզ մոտ։ Եվ կարող եմ ասել, որ մեր 10 տոկոսանոց մահճակալային ֆոնդը նախատեսված է կորոնայի համար, որը մենք պատրաստ պահում ենք»,- ասաց ԲԿ-ի տնօրենը։ Հարցին էլ, թե դիմե՞լ եք, ասաց․ «Մենք պետք է դիմենք, հա՞»։ Իսկ ստրատեգիայի պահը պետք է հարցնել հիվանդանոցի սեփականատիրոջից՝ ասում է Անատոլի Գնունին եւ վստահեցնում, որ իրենց բժիշկները թեպետ կորոնավիրուս բուժելու վերաորակավորում չեն անցել, բայց պատրաստ են բուժելու Covid-19: «Ի՞նչ է նշանակում՝ պատրաստ են․․․ իսկ նրանք, որ գնացել են, առաջին հերթ կանգնել են, իրենք անցե՞լ են։ Երեխեքը գնացել են, աշխատում են, բարձր պրոֆեսիոնալ անձնակազմը կանգնած է, միթե․․․ Այո, կան նրբություններ, բայց մենք հաշվի ենք առնում։ Մենք Ջաջուռում չենք գտնվում, որ չհետեւենք հետազոտություններին, միշտ էլ պատրաստ ենք, միշտ էլ կանգնած ենք։ Բայց մեզ ոչ ոք չի դիմել, ցավոք սրտի»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։