25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խաղը տանուլ է տրված. 168.am

168.am-ը գրում է. Այն, ինչ կատարվում է Հայաստանում, ցույց է տալիս, որ իշխանությունները լիակատար ձախողել են ամեն ինչ։ Ձախողել են՝ ինչպես համավարակի դեմ պայքարը, այնպես էլ՝ մյուս ոլորտներում կատարվող աշխատանքները։ Ամենուրեք բախվել ենք լրջագույն խնդիրների, որոնք սպառնալիք են դարձել ազգային անվտանգության համար։

Համավարակը վեր հանեց պետական կառավարման ոլորտում իշխանությունների բացարձակ անկարողությունը։ Հայտարարվեց արտակարգ դրություն, կանգնեցվեց տնտեսությունը, բայց ոչինչ չարվեց, որպեսզի այդ ժամանակահատվածն արդյունավետ օգտագործվի վարակի կանխարգելման համար։ Պարետատունն իր համար որոշումներ էր ընդունում, որոնք այդպես էլ մնում էին թղթի վրա։ Չասենք, թե դրանք ինչքանով էին արդյունավետ վարակի դեմ պայքարելու համար, բայց նույնիսկ այդ որոշումները չէին կատարվում։ Երբեմն էլ դրանք դուրս էին տրամաբանությունից։

 

Ասենք՝ ո՞վ կարող է ասել, թե ինչ տվեց համավարակի կանխարգելմանը ինքնաանցագրերի պարտադրանքը։ Եթե քաղաքացին իր համար կարող էր ցանկացած պահի անցագիր լրացնել և ուզած ժամանակ դուրս գալ տանից ու գնալ ուզած տեղը, ի՞նչ տարբերություն՝ դա կաներ անցագրո՞վ, թե՞ առանց անցագրի։ Ինչի՞ համար էին ոստիկանության անցակետերը, որոնք շատ դեպքերում նույնիսկ չէին էլ նայում այդ անցագրերը։

Եթե սա էր համավարակի կանխարգելման միջոցը, որը 1 ամիս անիմաստ պարտադրվեց հասարակությանը, պարզ չէ՞, որ այլ բան չպետք էր սպասել։ Պարզ չէ՞, որ իշխանությունների ձևական քայլերը պիտի հասարակության շրջանում նման վերաբերմունք ձևավորեին համավարակի նկատմամբ։

Այսքանից հետո ինչո՞ւ ենք զարմանում, որ բազմաթիվ քաղաքացիներ չեն հավատում, որ վարակ կա, չնայած այն ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է դարձել։ Ու հիմա իշխանությունները կանգնած են անելանելի դրության առաջ։ Առողջապահական համակարգն այլևս անկարող է սպասարկել բոլոր հիվանդներին։ Մարդիկ մեռնում են այն պատճառով, որ հիվանդանոցներում տեղ չկա։

Իշխանություններն իրենք էլ տեսնում են, որ ձախողել են համավարակի դեմ պայքարը։ Թեև իրենց մեծամտությունը թույլ չի տալիս խոստովանելու դա և դիմելու մասնագետների օգնությանը։

Ցավալին այն է, որ իշխանությունների ձախողումները միայն համավարակի դեմ պայքարում չեն։

Իսկ ի՞նչ տվեցին հակաճգնաժամային միջոցառումները։ Վարչապետը հայտարարում է, որ ավելի քան 1 միլիոն մարդու օժանդակություն է տրամադրվել։ Արտաքուստ թիվը տպավորիչ է, բայց մի՞թե կարևորը դա է։ Փոխարենը օժանդակություն տրամադրվեր սոցիալապես անապահով հատվածին ու համավարակից առավելապես տուժածներին՝ թացն ու չորը խառնեցին իրար, ինչի արդյունքում պետական բյուջեի գումարները փոշացվեցին, իսկ դրանից օգտվեցին մարդիկ, ովքեր բնավ էլ չունեին այդ օգնության կարիքը։ Ու ստացվեց այնպես, որ կարիքավորները, սոցիալապես ավելի վատ վիճակում գտնվողները շատ ավելի քիչ օժանդակություն ստացան, քան կարող էին ստանալ, եթե ճիշտ կազմակերպվեր պետական օժանդակության բաշխումը։

Հակաճգնաժամային բազմաթիվ տնտեսական ծրագրեր առաջ քաշվեցին, որոնք ավելի շատ միտված էին բանկային համակարգի, քան տնտեսության օժանդակությանը։ Արդյունքն այն է, ինչ տեսնում են։ Նույնիսկ այդ պարագայում բազմաթիվ են այն դժգոհությունները, որ մարդիկ չեն կարողանում օգտվել կառավարության տնտեսական ծրագրերից, որովհետև բանկերում խնդիրների են բախվում։ Խնդիրները գուցե և օբյեկտիվ են, բայց այդ պայմաններում գոնե պետք էր մտածել օժանդակության այլ տարբերակներ գտնելու մասին, ոչ թե մարդկանց թողնել իրենց հոգսերի մեջ։

Վերջին ամիսներին տնտեսության մեջ արձանագրվող զարգացումները վկայում են, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը սնանկ դուրս եկավ։ Ամենուրեք անկումային վիճակ է։ Ու դա քիչ է, սպասում ենք գազի թանկացման։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է այդ բեռը դնել տնտեսության վրա։

Հասկանալի է, որ դա ոչ թե Հանձնաժողովի, այլ կառավարության մոտեցումն է, ինչը նշանակում է, որ ճգնաժամային այս պայմաններում տնտեսության խնդիրներն ավելանալու են։

Փաստի առաջ է կանգնած պետական բյուջեն։ Նվազում են բյուջեի եկամուտները։

Մեծացել է լարվածությունը հարկային համակարգում։ Չեն դադարում խոսակցությունները Հայաստանից մաքսանենք ծխախոտի և ադամանդի արտահանումների վերաբերյալ, բայց այդպես էլ որևէ մեկը չի ուզում հոդաբաշխ պատասխան տալ հնչող մեղադրանքներին՝ չնայած դրանք անմիջականորեն կապվում են իշխանություններին մոտ կանգնած մարդկանց հետ։

Այսպես շարունակվելու դեպքում հաստատ բյուջեում շատ ավելի մեծ եկամտային թերակատարումների խնդիրներ ենք ունենալու, քան հայտարարվել է։ Ու դրա հետևանքը լինելու է պետական պարտքի բեռի ավելացումը։

Արդեն ավելի քան 500 մլն դոլարի լրացուցիչ բեռ պատրաստվում ենք ստանձնել։ Բայց շուտով պարզվելու է, որ դա էլ քիչ է լինելու ու անհրաժեշտություն կա հավելյալ գումարներ ներգրավել, ոչինչ, որ կարող ենք հայտնվել պարտքի ռիսկային բեռ ունեցող երկրների շարքում։

Ավիացիայում արդեն հայտնվել ենք «սև» ցուցակում։ Ընդամենը 2 տարի էր պետք, որպեսզի համակարգը քանդվի, իսկ հայկական ավիաընկերությունները զրկվեն Եվրամիության տարածքում թռիչքներ կատարելու հնարավորությունից։ Տևական ժամանակ մասնագետները զգուշացնում էին երկրի ավիացիոն իշխանություններին ու ոլորտի պատասխանատուներին, որ կանգնած ենք նման վտանգի առաջ, բայց լսողն ո՞վ էր։

Իշխանությունները ձախողվել են նույնիսկ այն ոլորտներում, որտեղ թվում էր, թե պետք է հաջողեին։ Մարդիկ հույսով սպասում էին, որ հետ են բերելու նախկիների «թալանած», իրենց ասած, միլիարդները։ Բայց դա էլ չկարողացան անել, չնայած պետական ամբողջ ռեսուրսը դրել էին դրա տակ։

Աղմուկից բացի՝ 2 տարում այդպես էլ հասարակությունը ոչինչ չտեսավ։ Եվ ոչ միայն՝ այս ոլորտում։

Մարդկանց վիճակը լավացնելու, աշխատելու պայմաններ ապահովելու, եկամուտներն ավելացնելու խոստումներով իշխանության եկած քաղաքական ուժն ամբողջությամբ ձախողել է սոցիալական քաղաքականությունը։ Բոլոր առումներով այսօր ունենք շատ ավելի ծանր իրավիճակ։ Չնայած դրան, իշխանությունները մտածում են էլ ավելի ծանրացնել հանրության սոցիալական բեռը՝ հարկերի ավելացման հաշվին։

Այս ամենը ոչ մի լավ բանի չի բերելու։ Ու դրա մասին ժամանակին է պետք մտածել, այլապես հետո ուշ կլինի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ