Տաքսու վարորդ, բայց ոչ թիկնապահ /վիդեո/
Կասկադյորի հոնորար-աշխատավարձը կախված է հնարքների բեմադրությունից, եղանակից, թե հնարքը որ ժամին է նկարահանվում: Գները, ըստ Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիայի հիմնադիր եւ նախագահ Արմեն Պետրոսյանի, թանկ չեն: Նա այդպես էլ չբացահայտեց գնացուցակը:
18 տարի է, ինչ ասոցիացիան գործում է, եւ ունի 40 անդամ: “Անդամ բառը ես չեմ սիրում, ասենք, 40 մարդ կա, եւ բարեխիղճ իրենց գործը անում են”,-նկատեց Ա. Պետրոսյանը: Կասկադյոր լինելու համար նախ պետք է տիրապետել համապատասխան որեւէ լուրջ սպորտաձեւի, հոգեպես պատրաստ լինել եւ հարմարվել կասակդյորների ընտանիքին:
Արմեն Պետրոսյանը դժգոհեց հայկական ֆիլմերում տիրող քաոսային իրավիճակից, նրա խոսքով, հեռուստատեսությունն էլ ապրում է միայն սերիալներով` “շեշտը դնելով պահածոյացված դեմքերով ճղճիմ մարդկանց վրա”: Կասկադյորներ ֆիլմերի սցենարներում չեն ընդգրկվում:
“Ցավում եմ, սակայն Հայաստանում պատկերը բոլորովին այլ է: Այստեղ չկա անգամ կինոյի մասին օրենք, ուստի զարմանալի չէ, որ սցենար են գրում այն մարդիկ, ովքեր պատկերացում անգամ չունեն, թե դա ինչ է: Սցենար պետք է գրի դրամատուրգը, իսկ ֆիլմերը նկարահանվում են ոչ պրոֆեսիոնալ մարդկանց կողմից: Այս ամենի պատճառով էլ այս ոլորտում աճ չի նկատվում”,-ասաց նա:
Կասկադյորները այլ աշխատանք էլ են անում սկսած` տաքսու վարորդից մինչեւ անվտանգության համակարգի աշխատող: Սակայն նրանց մեջ թիկնապահի աշխատանք կատարող չկա:
“Հատուկ դպրոց կա, մարդկանց պատրաստում են, թող այդ դպրոցում սովորեն”,-նկատեց կասկադյոր Արմեն Պետրոսյանը: